National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.11.2015
Շարունակվել է եկող տարվա պետական բյուջեի վերաբերյալ քննարկումն ԱԺ քառօրյա նիստում
1 / 10

Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից նախորդ նիստում արտահերթ քննարկված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են նիստին հետեւող Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Մարց եւ Քարինջ գյուղերի միջնակարգ դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին:

Պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են շարունակել ներկայացնել պատգամավորները:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ չնայած 2016 թվականի պետական բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, այդուհանդերձ այն կարելի է անվանել գոյատեւման բյուջե: Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ քննարկվող պետական բյուջեն չի լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները: Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ՝ բյուջեում արտացոլված չէ տնտեսական քաղաքականության մոդելը, վերականգնողական աճն ապահովված չէ: Ստեփան Դեմիրճյանի դիտարկմամբ՝ 2016 թվականին բյուջեի եկամուտները նվազելու են, տնտեսությունը գահավիժելու է, իսկ պետական պարտքը՝ աճելու: Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ սա իրական հնարավորությունների բյուջե է, այն, ինչ հնարավոր է, բայց մյուս կողմից այն չի համապատասխանում հասարակության պահանջներին: Վահան Բաբայանն անդրադարձել է տնտեսական աճ ապահովող մի կարեւոր ոլորտի՝ տուրիզմի զարգացմանը: Էդմոն Մարուքյանի խոսքով, եթե բյուջեն համարվում է պահպանողական, ապա այդ պահպանողականությունը պետք է լինի համայնքների զարգացման եւ աշխատավարձերի պահպանման միջոցով: Իշխան Խաչատրյանը, ողջունելով ծրագրային բյուջետավորման սկզբունքների կիրառումը, նշել է, որ ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են տնտեսության հետընթացը: Նա հորդորել է կառավարությանը ներկայացնել տնտեսության զարգացման առավել իրատեսական ծրագրեր: Արտաշես Գեղամյանն անդրադարձել է տնտեսական աճի ապահովման հարցում ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, իր մոտեցումներն արտահայտել ներդրումների ապահովման, ֆինանսական պարտավորությունների ստանձնման վերաբերյալ: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ բյուջետային քննարկումներն առիթ են տնտեսության քաղաքականության վերլուծության համար: Նա ներկայացրել է տնտեսության դինամիկ զարգացման իր տեսլականը: Պարոն Հարությունյանը կարեւորել է այն հանգամանքը, որ ի տարբերություն շատ երկրների՝ կառավարությունը մի շարք ոլորտներում ծրագրային կրճատումների չի գնացել: Մհեր Շահգելդյանը նշել է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսության զարգացման անկում է նկատվում: Նա իր մտահոգությունն է հայտնել պետական պարտքի ավելացման, մանր ու միջին բիզնեսի զարգացման, ներդրումային քաղաքականության վերաբերյալ: Զարուհի Փոստանջյանը դրական սպասելիքներ չունի ներկայացված բյուջետային փաստաթղթից: Մանվել Բադեյանն անդրադարձել է բյուջեի նախագծի ծախսային մասի առանձնահատկություններին, տնտեսության զարգացման հարցում կարեւորել քաղաքացիների՝ աշխատանքով ապահովված լինելը: Գուրգեն Արսենյանը ՀՀ տնտեսությունը գրավիչ դարձնելու համար առաջարկել է կառավարությանը հաստատուն պայմաններ ապահովել տնտեսվարողների համար եւ սահմանել հստակ հարկային ռեժիմ: Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ բյուջետային փաստաթուղթն արտացոլումն է մեր երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի: Նրա խոսքով՝ բյուջեն մարտահրավերներ է առաջադրում, որը պետք է քննարկման առարկա դարձնել եւ ստեղծված իրադրությունից դուրս գալու մեխանիզմներ առաջարկել: Պարոն Մինասյանը համոզված է, որ տնտեսական զարգացման համար կոնկրետ գործողություններ եւ ծրագրեր են անհրաժեշտ:

Օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից` արտահերթ ելույթ են ունեցել նաեւ ՀՀ կառավարության անդամները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերի համար նախատեսվել է 405.5 մլրդ դրամ: Նախարարը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերը: Ամենածախսային ծրագիրը, ըստ Արտեմ Ասատրյանի, կենսաթոշակային ոլորտն է, որի համար հատկացվելու է 250 մլրդ դրամ՝ 450 հազար անձանց համար: Նախարարը տեղեկացրել է, որ նպաստների վճարման համար նախատեսված է 82 մլրդ դրամ: Ընտանեկան նպաստներին կհատկացվի 38 մլրդ դրամ, երեխայի ծննդյան միանվագ նպաստին՝ 9.3 մլրդ դրամ, հղիության եւ ծննդաբերության նպաստին ՝ 5.9 մլրդ դրամ, մայրության նպաստին՝ 3.9 մլրդ դրամ, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստին կհատկացվի 2.8 մլրդ դրամ, ժամանակավոր անաշխատունակության նպաստին՝ 2.6 մլրդ, ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստին՝ 14 մլրդ դրամ, կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող նպաստին՝ 5 մլրդ դրամ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ամփոփ ներկայացրել է ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու կառավարության գերակա ուղղությունները: Նա տեղեկացրել է, որ դեռեւս մայիսին՝ «Տնտեսական օրակարգ» համաժողովում հանրության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման ռազմավարությունը, որի հեռանկարային նպատակն ինովացիան առաջընթացն է: Նախարարն ընդգծել է, որ կառավարության համար գերակա է ոչ միայն արդյունաբերության զարգացումը, այլեւ ինովացիոն առաջընթացը, որի դեպքում Հայաստանն իր ունեցած սահմանափակումների, արտաքին ազդեցության, աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակների պայմաններում այնուամենայնիվ կլինի մրցունակ: Նախարարը կարեւորել է հատկապես գիտելիքահեն տնտեսության զարգացումը: Ըստ Կարեն Ճշմարիտյանի, թեեւ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կանխատեսել էին 0,0,1 տոկոս տնտեսական աճ, այդուհանդերձ կառավարությունը ներքին ռեսուրսների արդյունավետ կիրառման արդյունքում կարողացել է ապահովել 4 տոկոս տնտեսական աճ:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ գալիք տարվա ֆինանսական փաստաթղթով արդարադատության նախարարությանը 16 բյուջետային ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 13 մլրդ 838 մլն 604 հազար դրամ: Նախարարը ներկայացրել է ոլորտի ռազմավարական նշանակության ծրագրերն ու ուղղությունները: Խոսելով քրեակատարողական համակարգի խնդիրների մասին՝ տիկին Հովհաննիսյանը նշել է, որ Արմավիրի քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը հնարավորություն կտա լուծելու ոլորտի մի շարք խնդիրներ, հատկապես դատապարտյալների գերբնակեցվածության խնդիրը: Մյուս երկու մասնաշենքերի շահագործմամբ գրեթե կլուծվի փակ եւ կիսափակ ռեժիմներում պահվող դատապարտյալների տեղաբաշխման խնդիրը: Նա նշել է, որ պրոբացիոն ծառայության հետ կապված պիլոտային ծրագրեր են իրականացվել Վանաձորում եւ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում: Կարեւորելով Հանրային պաշտպանի գրասենյակի դերը հասարակության անապահով խավին անվճար իրավական օգնություն ցուցաբերելու հարցում՝ նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը եկող տարվա բյուջեով 5 հաստիք է ավելացնելու Հանրային պաշտպանի գրասենյակում:

Ավարտելով խոսքը՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումները ոլորտում շարունակական բնույթ են կրում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը նոր քայլեր է ձեռնարկում ագրարային գյուղատնտեսության զարգացման համար: Նրա խոսքով՝ վերջին տարիներին ոլորտում տնտեսական աճ է արձանագրվել, ցանքատարածությունների ավելացման արդյունքում բարձրացել է հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակը: 2015 թ. ՀՀ մարզերում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արտադրության ծավալների զգալի աճ է արձանագրվել:

Պարոն Կարապետյանը տեղեկացրել է, որ 2016 թ. շարունակվելու են հացահատիկային տնտեսության զարգացմանն ու ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: Նշվել է, որ վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել նաեւ ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ: Առաջիկա ամիսներին Կոտայքի եւ Արարատի մարզերում կառուցվելու են արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ, շարունակվելու է գուղատնտեսությունում կոոպերատիվների ձեւավորման խթանման եւ դրանց գործունեությանն աջակցման գործընթացը, ջրամբարաշինությունը, կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծումը, մեկնարկելու է ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիրը, գյուղատնտեսական վարկեր են տրվելու փոքր տնտեսություններ վարողներին:

Բյուջետային քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի նոյեմբերի 19-ի նիստում:

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


18.11.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նոյեմբերի 17-ին ընդունել է «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Ռայնհարդ Քրումին, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի վարիչ Դիթմար Դիրմոզերին եւ «Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի» Հ...

18.11.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 18-ին խորհրդարան էին այցելել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները: Մարզի դպրոցականները խորհրդարան էին այցելել Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ` Գյուղական համայնքների զարգացման...

18.11.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է ՀԱՊԿ-ի անալիտիկ ասոցիացիայի ղեկավար Իգոր Պանարինի եւ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ժամանակակից աշխարհում եւ հատկապես նոր սպառնալիքների պարագայում, անդրադարձ...

18.11.2015
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի այցերը Երեւանի դպրոցներ
Նոյեմբերի 17-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը շարունակել է այցերը Երեւանի ավագ դպրոցներ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Հանձնաժողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am