Տպել
17.11.2015
Խորհրդարանը շարունակել է քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 11

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստում քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Մինչ երկրի ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկմանն անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են նիստին հետեւող Լոռու մարզի Դսեղ եւ Արագածոտնի մարզի Արթենի համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ուսանողության միջազգային օրվա առթիվ շնորհավորել է ուսանողներին՝ նրանց մաղթելով առողջություն, բարեկեցություն եւ ստացած գիտելիքներն իրացնելու ավելի մեծ հնարավորություններ:

«ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Խոսելով պաշտպանության ոլորտի ծախսերից` նա նշել է, որ այն գրեթե նույնն է մնացել. ավելացումն աննշան է: Կորյուն Նահապետյանը ներկայացրել է գերակա ուղղությունները, անդրադարձել դրանց ֆինանսավորման հարցերին: Նշվել է, որ այլ ծրագրերից բացի՝ շարունակվելու են ռազմական կրթության ոլորտում սկսված գործընթացներն ու ՀՀ զինված ուժերը որակյալ կադրերով համալրելը, ուշադրության կենտրոնում է մնալու զինծառայողների եւ նրանց ընտանիքների, զոհված եւ հաշմանդամ զինծառայողների սոցիալական պաշտպանության հարցը: Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաեւ ոլորտային խնդիրներին եւ նկատել, որ դժվար է ընթանում ծրագրային բյուջետավորման գործընթացը: Մանրամասն ներկայացնելով ծրագրերը՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների ոլորտներին հատկացված ֆինանսական միջոցներին եւ դրանք ընդհանուր առմամբ բավարար համարել:

Կորյուն Նահապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սահմանամերձ համայնքների խնդիրներին, ՀՀ զինված ուժերում այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձանց ծառայության հնարավորությանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության հարցերին, պետական բյուջեից չֆինանսավորվող ծրագրերին եւ այլն:

Պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բյուջեի ծախսային մասին, խոսել ծառայողական ավտոմեքենաների մեծ թվաքանակից: Դա համարելով անթույլատրելի շռայլություն՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Դանիայի փորձը: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է բյուջեի նախագծին եւ նկատել, որ այն սահմանափակ հնարավորություններ ունի: Պատգամավորը խոսել է ստվերային տնտեսությունից, իր գնահատմամբ՝ փոքր ու միջին ձեռներեցների բացակայությունից եւ դրա բացասական հետեւանքներից: Նա տեղեկացրել է, որ դեմ է քվեարկելու նախագծին: Լեւոն Դոխոլյանի գնահատմամբ՝ 2016 թվականի բյուջեի նախագիծը երկրի համար չի կարող ապահովել զարգացում, քանի որ գալիք տարվա բյուջեում նախատեսվող եկամուտները 2015 թվականի բյուջեի համեմատ նվազել են: Տիգրան Ուրիխանյանը խոսել է ձեռնարկատիրության զարգացումից, կարեւորել պետության անմիջական մասնակցությունը երկրի տնտեսվարման հարցում: Թեւան Պողոսյանը նշել է, որ փաստաթղթում կցանկանար տեսնել ծրագրային բյուջետավորմանը համահունչ ծրագրերի ներկայացում: Միքայել Մելքումյանը խոսել է կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունից, կարեւորել պետության մասնակցությունը բիզնես ծրագրերում:

Օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից` արտահերթ ելույթ են ունեցել նաեւ ՀՀ կառավարության անդամները:

Ի պատասխան քննադատական ելույթների` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ՝ զարգացնելու տնտեսությունը: Նախարարը պարզաբանել է, որ վերջին շրջանում կառավարությունը խթանել է տնտեսությունը՝ բարեփոխելով հարկային օրենսդրությունն ու տնտեսական միջավայրը: Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է պետական պարտքին եւ պարզաբանել, թե ինչ նպատակներով են վերցվել վարկերը: Նախարարը ներկայացրել է նաեւ այն ծրագրերը, որոնց իրագործման արդյունքում ակնկալվում է տնտեսության որոշակի աճ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը: Ըստ նախարարի՝ հատկացվելիք միջոցների 32,2 տոկոսն ուղղվելու է արտահիվանդանոցային ծախսերին, 46,2 տոկոսը` հիվանդանոցային ծրագրերին, 6,5 տոկոսը` հանրային առողջապահական ծրագրերին, 10 տոկոսը` առողջապահական այլ ծրագրերին: Բնագավառում որպես առաջնահերթություն շարունակվելու է առողջապահության առաջնային պահպանման ոլորտի զարգացումը եւ կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը:

Խորհրդարանը կշարունակի բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները նոյեմբերի 18-ի ԱԺ նիստում:

Երկրորդ նիստում խորհրդարանն «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն քննարկել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից արտահերթ համարված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի հեղինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանն է: Առաջարկվում է օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ այն է՝ նիստի սկզբում տրվեն ոչ ավելի, քան երկու գրավոր հարցի պատասխան, իսկ 7.1-ի մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ այն է՝ բանավոր հարցերը տրվեն հետեւյալ հերթականությամբ՝ ա) ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը, բ) ոչ ընդդիմադիր խմբակցություննեի 2-ական հերթագրված պատգամավորների հարցերը, գ) հերթագրված մյուս պատգամավորների հարցերը:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Օրինագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Մանուկյանը, Սուքիաս Ավետիսյանը, Խոսրով Հարությունյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հովհաննես Մարգարյանը: Պատգամավորները կարեւորել են նախաձեռնությունը, կարծիք հայտնել, որ նախագծի ընդունումը կնպաստի երկրում պառլամենտարիզմի զարգացմանը, առաջարկներ են հնչել հանել գրավոր հարցուպատասխանը, կրճատել պատգամավորների հարցադրումների տեւողությունը:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


17.11.2015
Հերթական բաց դասն անցկացրել է ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը
Նոյեմբերի 17-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Լոռու մարզի Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի եւ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի համար 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Լիագումար նիստի աշխատանքներին հետեւելուց եւ օրենսդրական գործընթացներին...

17.11.2015
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն այցելել է Երեւանի համար 190 եւ 195 ավագ դպրոցներ
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 16-ին ռազմահայրենասիրական դաստիարակության եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել է Երեւանի համար...

17.11.2015
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Նոյեմբերի 17-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ: Ողջունելով հյուրերին՝ Էլինար Վարդանյանը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեության ոլորտները, ՀՀ ...

17.11.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ (ծ...

17.11.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների եւ երիտասարդական կառույցների ղեկավարների: Երիտասարդները պարգեւատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով եւ շ...

17.11.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա առթիվ
ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարեւորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե հասարակական-քաղա...