National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
12.11.2015
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է ՀՀ վարչատարածքային բաժանմանն առնչվող նախագծեր եւ մի շարք համաձայնագրեր
1 / 11

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը:

Պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթը:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է համայնքների խոշորացման առանձնահատկություններին եւ նշել, որ հանձնաժողովի անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել խոշորացվող համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ, քննարկել նախատեսված փոփոխությունները: Ստեփան Մարգարյանի համոզմամբ՝ պետք է կատարել փոփոխությունները եւ ունենալ տեղական ինքնակառավարման լիարժեք համակարգ:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

Արամ Մանուկյանը կառավարությանը հորդորել է զերծ մնալ համայնքների խոշորացման ծրագրից եւ առավելագույնը՝ որպես պիլոտային ծրագիր, ծրագիրը փորձարկել միայն Սյունիքի մարզում:

Խոսրով Հարությունյանի կարծիքով միջազգային փորձը ցույց է տվել, որ աներկբա է համայնքների խոշորացումը: Ըստ պատգամավորի՝ համայնքային խոշորացման ողջ իմաստը համայնքային նշանակության խնդիրները լուծելու իրավասությունն ու կարողությունն է:

Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշել է, որ բազմաթիվ երկրներ արդեն անցել են համայնքների խոշորացման ճանապարհով՝ նկատելով, որ համայնքների խոշորացումը թույլ կտա առավել վերահսկելի դարձնել տրամադրվող բյուջետային միջոցները եւ առավել արդյունավետ օգտագործել համայնքների հնարավորությունները:

էդմոն Մարուքյանի կարծիքով եւս համայնքային խոշորացումը չունի այլընտրանք, սակայն բարեփոխումը պետք է լինի ամբողջական եւ մտածված: Էդմոն Մարուքյանը կողմ է արտահայտվել խոշորացման գաղափարին, սակայն իրականացման ընթացակարգը քննադատելի է համարել:

Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ նախագծերի փաթեթը դեռեւս լիարժեք չէ: Նա կառավարությանն առաջարկել է ուշադրություն դարձնել համայնքներում տնտեսության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հանրային ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանը:

Օրենսդրական փաթեթի կապակցությամբ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Մի շարք հանգամանքներից ելնելով՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է քննարկվող օրենսդրական փաթեթը: Մասնավորապես, նա կարծիք է հայտնել, որ համայնքների խոշորացման արդյունքում կշահեն փոքր համայնքները, քանի որ ի հայտ են գալու համայնքների հավասարաչափ զարգացման նոր հնարավորություններ: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ տեղական ինքնակառավարման գործող համակարգին եւ կարծիք հայտնել, որ այն մեր երկրում կայացած չէ. մասնավորապես՝ կառավարման այդ մոդելի պարագայում հնարավոր չէ փոքր համայնքներում իրականացնել զարգացման ծրագրեր: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ որեւէ համայնք կամ միավորում կարող է կենսունակ լինել եւ լուծել իր խնդիրները, եթե ունի որոշակի արտադրողական ուժեր, ինչն անհրաժեշտ է օրենքով նրա առջեւ դրված խնդիրները լուծելու եւ սեփական բյուջե ձեւավորելու համար: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ բացի մի քանի խոշոր համայնքներից, հանրապետության գերակշիռ համայնքներում լուրջ խնդիր է սեփական բյուջեների գոյացումը, ինչը նախատեսվում է կարգավորել իրականացվող գործընթացի արդյունքում:

Օրենսդրական փաթեթի կապակցությամբ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ժամանակավրեպ է համարել համայնքների խոշորացման ծրագիրը եւ կարծիք հայտնել, թե սահմանադրական բարեփոխումները լուծումներ են առաջարկելու համայնքների խոշորացման վերաբերյալ, որից հետո ստեղծվելու է նոր եւ անհասկանալի մի իրավիճակ. լինելու են տարբեր խմբերում հայտնված համայնքներ: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ օրենսդրական փաթեթը քննարկվում է Սահմանադրության որոշ դրույթներին հակասելով եւ համայնքների բնակիչների տեսակետներն անտեսելով:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա խոսել է խոշորացվող համայնքներում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքներից, աննպատակահարմար համարել վարչատարածքային բաժանման առաջարկվող ձեւը, անդրադարձել այն հիմնախնդիրներին, որոնք, իր կարծիքով, կարող են առաջանալ համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում: Խմբակցության ղեկավարը ՀՀ կառավարությանն առաջարկել է շրջանառությունից հանել օրենսդրական փաթեթը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձել է տարածքային կառավարման տարբեր մոդելներին, ներկայացրել դրանց լավ եւ վատ կողմերը, նշել համայնքների զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող գործոնները: Համամիտ լինելով համայնքներում առկա խնդիրների, մասնավորապես՝ համայնքային բյուջեների ձեւավորման դժվարությունների հետ, նա հարց է բարձրացրել, թե արդյոք բարեփոխման գործընթացը շարունակական է լինելու, եւ արդյոք այն ինչ որ պահի չի դադարելու: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստանն» խմբակցությունն առայժմ ձեռնպահ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթներ են ունեցել ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ովքեր անդրադարձել են պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ, ներկայացրել վարչատարածքային նոր բաժանման անհրաժեշտությունը:

Քննարկվել են ՀՀ Նախագահի ներկայացրած մի շարք համաձայնագրեր

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ Նախագահի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի հունվարի 21-ին եւ 2014 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր-2» վարկային համաձայնագրում / հատուկ գործողություններ / փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Ասիական զարգացման բանկի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 170 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Առաջարկված նամակ-համաձայնագրով առաջարկվում է վարկի փակման ամսաթիվը, որը սահմանված է 2015 թվականի հունիսի 30-ը, փոփոխել՝ սահմանելով 2017 թվականի հունիսի 30-ը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Դրական է եղել նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրել է Լեռնիկ Ալեքսանյանը:

Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 156 մլն չինական յուան ընդհանուր գումարի չափով արտոնյալ վարկ «Հայաստանի մաքսային կառավարման, տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման» ծրագրի համար: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, տոկոսադրույքը՝ տարեկան 2 տոկոս:

Քննարկվել է 2012 թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին» 2004 թ. հունիսի 18-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արզուման Հարությունյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ արձանագրության նպատակն է 2004 թ.-ի հունիսի 18-ին ստորագրված համաձայնագրում կատարել պայմանագրային բնույթի առանձին ձեւակերպումների եւ եզրույթների խմբագրական փոփոխություններ եւ լրացումներ:

2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Նա նշել է, որ համաձայնագրի նպատակն է կատարելագործել ՀՀ միջուկային անվտանգության ենթակառուցվածքները, ապահովել ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում միջուկային անվտանգության կայուն եւ բարձր մակարդակ, ստեղծել ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցներ եւ պահպանել դրանք պատշաճ վիճակում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է 2001 թ. ապրիլի 3-ին Փարիզում ստորագրված «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը վերոնշյալ կազմակերպությանը: Ըստ նախարարի՝ կազմակերպությանն անդամակցումը կդառնա փորձի փոխանակման, նորագույն տեխնոլոգիաների ներգրավման, ինչպես նաեւ խնդրահարույց հարցերի քննարկման հարթակ: Այն հնարավորություն կտա նաեւ տեղեկատվություն փոխանակել խաղողի եւ գինու բնագավառում գիտական, տեխնիկական, տնտեսական եւ իրավական հարցերի վերաբերյալ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը համաձայնագրերի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

2015 թ. հունիսի 30-ին եւ 2015 թ. հուլիսի 7-ին ստորագրված` ՀՀ եւ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջեւ շրջանակային համաձայնագիրը քննարկման է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նախատեսվում է, որ հիմնադրամը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհներ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլյոզի դեմ պայքարին ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015 թ. մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ծրագրի ֆինանսավորման համար Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրահաղորդման գծի ու բարձր լարման հաստատուն հոսանքի կայանի կառուցում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը ներկայացրել են ֆինանսական պայմանագրի վերաբերյալ հանձնաժողովների դրական եզրակացությունները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը ներկայացրել է 2015 թ. փետրվարի 13-ին Հռոմում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջեւ, Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով կողմերը համաձայնել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում հիմնել ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանի գիտնականներին եւ մասնագետներին մասնակցել ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից կազմակերպվող եւ իրականացվող միջոցառումներին, օգտվել ԻԿՐԱՆԵՏ-ի սարքավորումներից եւ ռեսուրսներից: Կենտրոնի ստեղծումը նաեւ կխթանի ռելյատիվիստական աստղաֆիզիկայի եւ հիմնարար գիտությունների առաջընթացը Հայաստանում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն. այս մասին խորհրդարանին տեղեկացրել է հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի համաձայն քննարկված հարցերի քվեարկությունը կանցկացվի վաղը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին:

Արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի եւս մեկ արտահերթ նիստ:


12.11.2015
2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2015 թվականի նոյեմբերի 10-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ նախա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am