National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.11.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 11

Ազգային ժողովը նոյեմբերի 11-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը:

Քննարկվել են ՀՀ դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ավելացնել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ` Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀԱԿ խմբակցության տեսակետն է ներկայացրել Գագիկ Ջհանգիրյանը: Պատգամավորի խոսքով՝ նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ այս երկու համայնքներում քաղաքացիական եւ քրեկան գործերի թիվը շատ է: Ելնելով այդ տեսանկյունից, խմբակցությունը կողմ է, որպեսզի կատարվի փոփոխություն եւ դատարաններում համայնքային ծանրաբեռնվածության համաչափություն ստեղծվի:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առավել մանրամասն կքննարկեն երկու համայնքներում դատական գործերի վիճակագրական աճի հետ կապված խնդիրները:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների բարձրացրած հարցերին: Մասնավորապես, փոխնախարարը ներկայացրել է 2012-2015թթ.-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաեւ՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններում դատական գործերի ընդհանուր քանակը, անդրադարձել քաղաքացիական, քրեական գործերի քննությանը, հաշտարարի ինստիտուտի գործունեությանը:

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում հարկային օրենսդրությունում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է «Հարկերի մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը հիշեցրել է, որ 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մեր երկրում ներդրվել է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, որով ընտանիքի կամ ընտանիքի մեկ այլ անդամի կողմից իրականացվող գործունեությունը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրություն, եւ այդ բոլոր սուբյեկտները ազատվում են պետական հարկերից:

Ֆինանսների փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է, որպեսզի Հայաստանի տարբեր մարզերում գործող եւ հյուրանոցային ծառայություններ մատուցող զբոսաշրջային տները հնարավորություն ունենան զբաղվելու ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Առաջարկվում է այդ գործունեությունը եւս համարել ընտանեկան ձեռնարկատիրություն եւ ազատել պետական հարկերից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Ըստ փոխնախարարի՝ նախագծերի փաթեթով կարգավորվում եւ պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը, կրճատվում են պետական բյուջեից հարկ վճարողների գումարների հետ վերադարձման ժամկետները, գումարների վերադարձման հետ կապված պահանջվող փաստաթղթերը, հստակեցվում են պարտավորությունների հաշվառման կարգն ու ժամկետները, նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները? կրճատելով հարկ վճարողի բիզնես գործընթացների հետ կապված ժամանակատարությունը: Առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունն առաջարկում է 2018 թվականից կանխել նոր գերավճարների առաջացումը, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվելու են գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա կարեւորել է փաթեթի ընդունումը եւ նշել, որ ոլորտում կատարվում են առանցքային փոփոխություններ:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները: Գուրգեն Արսենյանի կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական էր, քանի որ, ըստ նրա, այն արդյունավետ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա: Միքայել Մելքումյանը եւս ողջունելի է համարել փաթեթի առկայությունը եւ նշել, որ փաթեթի նպատակը տնտեսության խթանումն է: Նա ներկայացրել է ոլորտի խնդիրները, առաջարկել դրանց լուծման մեխանիզմներ: Հեղինե Բիշարյանն աննախադեպ առաջընթաց է համարել օրենսդրական փաթեթը, սակայն մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ այն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից: Նա առաջարկել է վերանայել փաթեթն ուժի մեջ մտնելու ժամանակը՛: Պատգամավորն առաջարկել է փաթեթի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ: Խոսրով Հարությունյանը եւս դրական է գնահատել օրենսդրական փաթեթը, այն համարել կառավարության որդեգրած հարկային վարչարարության կարեւոր շարունակություն: Ըստ նրա՝ փաթեթը նպաստելու է տնտեսության ստվերային հատվածի կրճատմանը եւ ներդրումների ներգրավմանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն անդրադարձել է ելույթներին, տվել որոշ պարզաբանումներ, մասնավորապես նշելով, որ նախագծերի փաթեթը մինչ ԱԺ ներկայացվելը լայնորեն քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների հետ: Նա պարզաբանել է, թե ինչու է օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ մտնելու 2018 թվականից: Նա հերքել է պատգամավոր Հեղինե Բիշարյանի այն կարծիքը, թե փաթեթի ՝ 2018 թվականից ուժի մեջ մտնելը պայմանավորված է քաղաքական շարժառիթներով:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նրա տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է արտոնություններից օգտվելու հնարավորություն տալ նաեւ սահմանամերձ քաղաքային համայնքներին, քանի որ քաղաքային եւ գյուղական համայնքում իրականացվող գործունեությունը դառնում է մեկ ընդհանուր արտադրական գործընթաց, ուստի տարանջատել, թե արտադրական գործընթացի որ մասն է իրականացվում գյուղական համայնքում եւ միայն այդ հատվածի համար սահմանել արտոնություններ՝ աննպատակահարմար է: Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից այսօր օգտվում է մոտ 450 կազմակերպություն: Նախատեսվում է, որ քննարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում սահմանամերձ համայնքներում կաշխուժանա տնտեսությունը, կզարգանան տարածքները, կավելանա բնակչության զբաղվածության մակարդակը: Փոխնախարարի գնահատմամբ՝ կավելանա մոտ 2000 աշխատատեղ:

Նախագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Խորհրդարանականներն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկել են «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է կատարել խմբագրական փոփոխություն եւ հստակեցնել օրենքում առկա «գյուղատնտեսական մթերք» հասկացությունը, որը տարընթերցումների տեղիք է տալիս:

Հաջորդ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նա տեղեկացրել է, որ ոլորտի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ծանուցման մեխանիզմ, այդ թվում՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցմամբ իրականացվող, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը, սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգ:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Նշելով, որ օրենսդրության զարգացման շրջանակում է առաջարկվում նման փոփոխությունը՝ պարոն Մելքումյանն իր մտահոգությունն է հայտնել որոշ դրույթների վերաբերյալ: Նա կարծիք է հայտնել, որ ստուգումները հանրային դժգոհություն են առաջացնում, ուստի պետք է պայմաններ ստեղծվեն դրանց նվազեցման համար:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «ՀՀ Կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հանրային սննդի օբյեկտում աշխատող բարմենին, մատուցողին մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի առկայության պարտադիր պահանջները, հանել պաշտոնատար անձի կողմից գնապիտակների ստորագրման, ուղեկցող հաշվարկային փաստաթղթում վառարանից հացի հանման ժամի նշված լինելու պահանջները:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Գործադիրն առաջարկում է տարանջատել համայնքները 

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրինագծերի փաթեթն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է այս տարի ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացված տեղական հանրաքվեներով (փնջերում ընդգրկված համայնքների միավորման հարցով), որոնց արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ համայնքների խոշորացման գործընթացի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտեր: Մասնավորապես, առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն եւ բազմաբնակավայր համայնքների, ինչի արդյունքում նոր ձեւակերպում է ստանալու «բնակավայր» հասկացությունը: Փաթեթով ներդրվում են «բնակավայրի վարչական ներկայացուցչի», «վարչական ներկայացուցչի նստավայրի» ինստիտուտները, «քաղաքապետարան» եւ «գյուղապետարան» հասկացությունները փոխարինվում են «համայնքապետարան» հասկացությամբ, փոփոխվում են խոշորացվող համայնքների վարչական սահմանների նկարագրությունները: Սահմանվում են համայնքների միավորման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նոր ձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները, համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններն զբաղեցնելու կարգը:

Խորհրդարանը հարցի քննարկումը կշարունակի նոյեմբերի 12-ի նիստում:


11.11.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 10-14-ը Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) է գործուղվել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am