National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.11.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
09.11.2015
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 4

Նոյեմբերի 9-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն առաջին ընթեցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում կկարգավորվեն 2016 եւ 2017 թվականներին ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական հատկացումների համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկները: Այս նպատակով առաջարկվում է եւս մեկ տարով երկարաձգել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի գործողության ժամկետը:

Վաչե Տերտերյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի ընդունումը պայմանավորված է այս տարի ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացված տեղական հանրաքվեներով /փնջերում ընդգրկված համայնքների միավորման հարցով/, որոնց արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ համայնքների խոշորացման գործընթացի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտեր: Մասնավորապես, առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն եւ բազմաբնակավայր համայնքների, ինչի արդյունքում նոր ձեւակերպում է ստանալու «բնակավայր» հասկացությունը: Փաթեթով ներդրվում են «բնակավայրի վարչական ներկայացուցչի», «վարչական ներկայացուցչի նստավայրի» ինստիտուտները, «քաղաքապետարան» եւ «գյուղապետարան» հասկացությունները փոխարինվում են «համայնքապետարան» հասկացությամբ, փոփոխվում են խոշորացվող համայնքների վարչական սահմանների նկարագրությունները: Սահմանվում են համայնքների միավորման սկզբունքները, կարգը, ինչպես նաեւ նոր ձեւավորված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետները, համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորված համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններն զբաղեցնելու կարգը:

Նույն օրը ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի խոսքով՝ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին եւս ընդգրկել սոցիալական փաթեթից օգտվողների ցանկում՝ իրականացնելու համար առողջական վիճակի անվճար հետազոտում եւ բուժում:

Պատգամավորները քննարկել են նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ դատախազության մի շարք ծառայողների աշխատավարձերի գործակիցները բարձրացնել մինչեւ 5 տոկոս՝ հավասարեցնելով ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ծառայողների աշխատավարձերին:

Օրենքների նախագծերն ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկով տեղի կունենա հանձնաժողովի հաջորդ նիստում:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի եւ Հայկ Բաբուխանյանի հեղինակած «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Հովհաննես Մարգարյանը նշել է, որ օրենքի նախագիծը միտված է տեխնիկական զննության կտրոններն ավտոմեքենաների դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնների դեպքում: Նախագծով առաջարկվում է նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման համար սահմանված մեկ տարի ժամկետը փոխարինել երեք տարի ժամկետով:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ օրենսդրական նախաձեռնությանը, եւ ոլորտի խնդիրները քննարկման առարկա դարձնել ԱԺ նիստում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ներկայացնելով կառավարության տեսակետը, նշել է, որ ՀՀ կառավարությունում քննարկվում է օրենքների նախագծերի փաթեթ, որն առավել համապարփակ կարգավորում է առաջարկում ոլորտի խնդիրների լուծման համար: Փոխոստիկանապետն առաջարկել է նախագծի հեղինակներին համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ Ազգային ժողովի քննարկմանը միասնական, փոխընդունելի նախագծերի փաթեթ ներկայացնելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ընդգծելով, որ ոլորտի խնդիրներին պետք է ոչ թե մասնակի, այլ համալիր լուծումներ տրվեն, առաջարկել է քննարկումներ կազմակերպել, խորհրդարանական լսումներ անցկացնել, աշխատանքային խումբ ձեւավորել՝ հարցի վերաբերյալ ամբողջական մոտեցումներ ունենալու համար:

Քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացվել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Մհեր Շահգելդյանը: Հովհաննես Մարգարյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթեւեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափի նվազեցման հանգամանքով: Նկատի ունենալով ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձերի համեմատությամբ երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը՝ անհրաժեշտություն է առաջացել 40-50%-ով նվազեցնել ցածր վտանգավորություն ներկայացնող ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարակից զեկույցում նշել է, որ վերջին տարիներին ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները կանոնակարգող բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել եւ օրենքներ են ընդունվել: Նա առաջարկել է հեղինակներին օրենքի նախագիծն ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում, իսկ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագիծ ընդգրկելու հարցում ձեռնպահ մնալ:

ՀՀ կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը: ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը եւ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները պատգամավորներն ամփոփել են դռնփակ ընթացակարգով:

Նույն օրը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաuտանի Հանրապետության Կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բացահայտել եւ կարգավորել ՀՀ-ում գործող ֆինանսական խմբերի ռիսկերը` ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը: Առաջարկվում է նաեւ սահմանել «ԿԲ նախագահ եւ երկու տեղակալ» կառուցվածք (ներկայումս գործում է ԿԲ նախագահ եւ մեկ տեղակալ կառուցվածքը), որի պարագայում հնարավոր կլինի գործադիրում ձեւավորել լիարժեք կառավարչական մարմին, որը կիրականացնի գործառնական կառավարում եւ ընթացիկ որոշումների կայացում: Վերոնշյալ կառուցվածքը բնորոշ է զարգացած երկրների եւ մեր տարածաշրջանի գրեթե բոլոր կենտրոնական բանկերին, եւ արտացոլում է միջազգային լավագույն փորձը կորպորատիվ կառավարման ոլորտում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հանձնաժողովը քննարկված փաթեթներին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի արտահերթ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2015 թվականի մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագիրը: Հիմնական զեկուցողը նշել է, որ ծրագրի ֆինանսավորման համար Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրահաղորդման գծի եւ բարձր լարման հաստատուն հոսանքի կայանի կառուցում:

Քննարկված պայմանագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» նախագծին՝ ԱԺ նոյեմբերի 16-19-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է փաստաթղթի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, խոսել ծրագրային բյուջետավորման գործընթացից եւ առանձնահատկություններից: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խոսել է նախագծի հիմքում դրված սկզբունքներից, նշել է, որ բյուջետային քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից եղել են բազմաթիվ կառուցողական առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն հետագա քննարկումների եւ գալիք բյուջեների կազմման ժամանակ:


09.11.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվել են «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Վարդան Այվազյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին քննարկվել են «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am