Տպել
04.11.2015
Շարունակվել են 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները
1 / 12

Նոյեմբերի 4-ին ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական ցուցանիշները:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2016 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 405.5 մլրդ դրամ: Պավել Սաֆարյանի խոսքով՝ աճը նախորդ՝ 2015 թվականի նկատմամբ կազմել է 3.8 տոկոս:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ոլորտի ծախսային ծրագրերը: Նախարարի խոսքով՝ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 29.5 տոկոսը:

Անդրադառնալով կենսաթոշակային ապահովության ոլորտին՝ նախարարը նշել է, որ այն ամենամեծ ծախսային ծրագիրն է, եւ նախատեսվում է պահպանել 2015 թվականին սահմանված ցուցանիշները:

Աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կլինի 41000 դրամ, ինչպես ընթացիկ տարում է:

2016 թվականին ակնկալվում է կուտակային կենսաթոշակների համակարգում ընդգրկված անձանց ավելացում:

Անդրադառնալով սոցիալական աջակցության ոլորտին՝ Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ նախարարության համար 2016 թվականին շարունակելու է գերակայել սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը: Սոցիալական ոլորտի ամենամեծ ծախսային ծրագիրն ընտանեկան նպաստն է, որում 2016 թվականին նախատեսվում է ընդգրկել 105 հազ ընտանիք՝ տրամադրելով 38 մլրդ դրամ: Շարունակվելու է երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրումը՝ ընտանեկան դրամագլխի միջոցով հնարավորություն ընձեռելով ընտանիքներին լուծելու իրենց առջեւ ծառացած խնդիրները:

2016 թվականին առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաեւ չաշխատող մայրերին. ըստ կանխատեսումների՝ շահառուները կլինեն մոտ 30.000 նրանցից յուրաքանչյուրը միանվագ կստանա 126600 դրամ:

2016 թվականին շարունակվելու է նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցումը: Նախատեսվում է առաջնահերթ փոխհատուցել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ավանդները:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մարտուն Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրել է 2016 թվականի պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների հատկացումները: Պարոն Սաֆարյանը մինչ ֆինանասական ցուցանիշները ներկայացնելը նշել է, որ 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս նպատակ են ունեցել պահպանել 2015 թվականի մակարդակը՝ հաշվի առնելով բոլոր գործոնները: Ըստ Պավել Սաֆարյանի՝ 2016 թվականի բյուջեով գյուղատնտեսության ոլորտին նախատեսվում է հատկացնել տասնհինգ միլիարդ վեց հարյուր ինը միլիոն դրամ, որից վեց միլիարդը հատկացվում է նպատակային դրամաշնորհային ծրագրերին, իսկ 9,6 միլիարդը՝ ընթացիկ ծախսերին: Պարոն Սաֆարյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը փոփոխության չեն ենթարկվել, սակայն փոխվել է նվազագույն աշխատավարձի շեմը եւ էլեկտրաէներգիայի արժեքը: Գյուղատնտեսության ոլորտում դրամաշնորհային վարկերը 6 տոկոսով սուբսիդավորելու համար հատկացվել է մեկ միլիարդ հարյուր վաթսուներեք միլիոն դրամ:

Ինչ վերաբերում է ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ծրագրերի համար նախատեսված գումարին, այն կազմում է երեք հարյուր իննսուներեք միլիոն դրամ:

Անդրադառնալով բնապահպանության ոլորտին տրամադրվող գումարներին՝ Պավել Սաֆարյանը նշել է, որ 2016 թվականին նախատեսվում է այս ոլորտին հատկացնել երկու միլիարդ ինը հարյուր քսանչորս միլիոն դրամ՝ նախորդ տարվանից երկու հարյուր իննսուներկու միլիոնով ավելի: Նա նշել է, որ հանվել է ձկան պաշարների համալրման ծրագիրը, սակայն ավելացվել են «Սեւան» ազգային պարկի պահպանման համար նախատեսված գումարները:

Խոսելով ջրային տնտեսությանը հատկացվելիք գումարների մասին՝ ՀՀ ֆինանսների փոխնախարարը նշել է, որ այս ոլորտին հատկացվել է քառասուն միլիարդ երեք հարյուր քառասունութ միլիոն դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 4,8 տոկոսով: Ըստ փոխնախարարի՝ ավելացել են ընթացիկ ծախսերը՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի արժեքի բարձրացմամբ: Բացի այդ ոլորտում իրականացվելու են մի շարք նպատակային վարկային ծրագրեր՝ 26 միլիարդ ընդհանուր ծավալով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանգամանալից ներկայացրել է 2016 թվականի պետական բյուջեի հատկացումներով իրականացվելիք բյուջետային եւ վարկային ծրագրերը. դրանք փոփոխության չեն ենթարկվել: Նա նշել է, որ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է վեց հարյուր երեսունվեց միլիոն դրամ: Սուբսիդավորվելու են գյուղատնտեսական վարկերը՝ մոտ մեկ միլիարդ դրամով: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով ոլորտի բոլոր խնդիրները: Անդրադառնալով գյուղական համայնքներում ազոտական, կալիումական պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի բաշխմանը՝ Սերգո Կարապետյանը նշել է, որ հատկացվելիք նյութերի քանակը կձեւավորվի ըստ պահանջարկի. մարզերում ճշտվում է անհրաժեշտ քանակությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ 2015 թվականին նախատեսված 19 ծրագրի փոխարեն նախատեսված է 2016-ին իրականացնել 17 ծրագիր: Բնապահպանության ոլորտին հաջորդ տարում հատկացվելու է երկու միլիարդ ինը հարյուր քսանչորս միլիոն դրամ: Ըստ նախարարի՝ նախատեսվում է մաքրել Սեւանա լճի ջրածածկ տարածքը՝ 135 հեկտար, եւ իրականացնել ծառատունկ՝ լճի շուրջ անտառային շերտը վերականգնելու համար:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, անդրադառնալով ոլորտի ձեռքբերումներին եւ իրականացվելիք ծրագրերին, նշել է, որ հաջորդ տարում իրականացվելու է տասնմեկ ծրագիր: Բյուջետային ծրագրերին հատկացվելու է տասնչորս միլիարդ դրամ, իսկ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերին՝ երեսուներկու միլիարդ դրամ: Ըստ Արամ Հարությունյանի՝ առաջիկա տարում ուշադրության կենտրոնում է լինելու ջրամբարաշինությունը. հինգ ջրամբարի կառուցումն ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրականացման շնորհիվ հնարավոր կլինի թեթեւացնել Սեւանա լճի ծանրաբեռնվածությունը: Խոսելով 2015 թվականին իրականացված ոռոգման աշխատանքների մասին՝ Արամ Հարությունյանը փաստել է, որ այս տարի Սեւանից լրացուցիչ ջրառ չի իրականացվել: Պարոն Հարությունյանն անդրադարձել է նաեւ խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներին՝ կարեւորելով այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:


04.11.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են համաձայնագրեր
Նոյեմբերի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել են մի շարք համաձայնագրեր: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված ...

04.11.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմասնակցի Բելառուսի նախագահի երդմնակալության արարողությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-7-ը աշխատանքային այցով կմեկնի Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ...

04.11.2015
Հայտարարություն
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` Ազգային ժողովի կողմից առաջադրվող անդամի թափուր տեղի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (թվով չորս) Թափուր պաշտոնին ներկայացվող պահանջներ Ազգային հանձնաժողովի ան...