National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
02.10.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 4

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հոկտեմբերի 2-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ով, հիմնավորելով օրենքում նախատեսվող լրացումներն ու հաշվի առնելով շինարարության ծավալների ընդլայնման միտումները, կարեւորել է շինարարի աշխատանքը: Նա նշել է, որ նախագիծը նպատակ ունի խրախուսել շինարարի աշխատանքը` տալով նրան վաստակավոր շինարարի կոչում: Շինարարության ոլորտում ընդգրկված են հմուտ կազմակերպիչներ, բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, վարպետներ, ովքեր մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում, եւ անհրաժեշտ է հավուր պատշաճի գնահատել նրանց աշխատանքը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք կվերապահվի ուղղիչ հիմնարկներում եւ կալանավորվածներին պահելու վայրերում? համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրերում? համապատասխան ղեկավարին: Այսպես` հնարավորինս կկանխվի արգելված առարկաների ներթափանցումը համապատասխան հիմնարկներ:

Ներկայացված երկու նախագծերն էլ հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է երկու օրինագծեր, որոնք ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Առաջին՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, առաջարկվում է սահմանել, որ 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների /բացառությամբ Երեւան քաղաքի/ աշխատակազմերի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները ձեւավորվում են հետեւյալ հարաբերակցությամբ. երկուսը՝ համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ, երկուսը՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ /համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայողներ/, մեկը՝ համայնքի ավագանու անդամ, իսկը մեկն էլ՝ գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ: Մրցութային հանձնաժողովն օրենքի պահանջով կձեւավորվի մրցույթից 24 ժամ առաջ: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է մինչեւ 2018 թվականը թույլատրել, որպեսզի որոշ փոքրաթիվ համայնքներում համայնքի քարտուղարի պաշտոնում աշխատել կարողանան բարձրագույն կրթություն չունեցող անձինք:

Երկրորդ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է համայնքի քառամյա զարգացման ծրագրի մեթոդաբանությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ նախագիծը լրամշակվել է, ընդունվել են մի շարք առաջարկներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2016 -2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշել է, որ ՀՀ 2016- 2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը բխում է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից եւ սահմանում է 2016 -2018 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղություններն ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների: Նա հավելել է, որ ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաեւ նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից եւ միտված են դրանց շարունակականության ապահովմանը :

Նա նշել է, որ ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները պետք է հաշվի առնեն երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունից ապահովեն դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Ներկայացված նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Նույն օրը ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է օրակարգի առաջին հարցը՝ «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Արմեն Եղիազարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, անասնաբուծության ենթաոլորտում, իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկված օրենսդրական կարգավորումը քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների համար առաջարկելու է տոհմանյութի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տոհմանյութի հավաստագրման կամավոր սկզբունք եւ դրա տեսակից կախված հավաստագրման ժամկետներ. արդյունքում կնվազեցվեն այդ սուբյեկտների կողմից կատարվող ծախսերը: Նա նշել է, որ առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով ամրագրել, որ ՀՀ կառավարությունը սահմանում է տոհմանյութի հավաստագրման ժամկետները՝ տեսակից կախված, 3-րդ գլուխը լրացնել տոհմանյութի հավաստագրման վերաբերյալ նոր հոդվածով, որով կսահմանվի, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը նշել է, որ հեշտացվում է տնտեսվարողների գործը, սակայն նրանք պիտի գործեն որոշակի նորմերի համապատասխան: Արմեն Ավետիսյանն առաջարկել է վերահսկողություն սահմանել տոհմային կենդանիների բուծմամբ զբաղվող տնտեսությունների գործունեության նկատմամբ, որպեսզի փարատվեն մտավախությունները՝ կապված տոհմանյութի արտադրության, որակի եւ պահպանման հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը ներկայացրել է «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքն ունի արտադրության եւ արտահանման ծավալային աճի մեծ ներուժ եւ անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ եւ միջազգային ընդունված պահանջներին:

Ռոբերտ Մակարյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ արգելվում է կաթի, կաթնամթերքի տուփի վրա նշել «բիոլոգիական» բառը, եթե այն հավաստագրում չի անցել: Այս նախագծով առաջարկվում է այդ արգելքը հանել միայն կաթի եւ կաթնամթերքի մասով՝ օգտագործելով «բիոլոգիական» բառը, եթե դրանցում կան բնական բիֆիդոբակտերիաներ. մասնավորապես, խոսքը մածունի եւ կեֆիրի մասին է:

Օրակարգում ընդգրկված օրենքների երկու նախագծերը հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում ընդգրկվել են ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:



02.10.2015
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ նե...

02.10.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-8-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագ...

02.10.2015
Գալուստ Սահակյանը կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) տնօրեն, քարտուղար Թոմաս Մարքըրթի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կմասնակցի վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 23-24-ը: ...

02.10.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ(ծածկագ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am