Տպել
01.09.2015
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան մասին:

Մենք կորցրինք իսկական հայրենասերի ու նվիրյալ հայի, ում ոչ միայն անունը, այլեւ գործունեությունն ու ապրելակերպն էին կապված իր ժողովրդի ու հայրենիքի հետ: Կիսատ մնացին հովնանյանական բազմաթիվ մտահղացումներ, իսկապես ազգային ծրագրեր, որոնք նրա պրպտուն մտքի արգասիքն էին ու մասը նրա հայկականության:

Վահագն Հովնանյանն ազգային գործիչ էր այդ բառի ողջ իմաստով ու բովանդակությամբ, ինչի վկայությունն են նրա գործունեությունն ու ձեռնարկները թե Սփյուռքում, թե Հայաստանում: Ամենուր նրան առաջնորդողն այն ներքին ազգապահպան ջիղն էր, որին յուրահատուկ արժանապատվությամբ էր վերաբերվում եւ որպես գործարար, եւ որպես բարերար ու հասարակական գործիչ: Նրան հնարավոր չէր պատկերացնել հեռու եւ անմասն համահայկական ձեռնարկներից:

Նա ազնիվ էր իր մղումներում, իր մտածմունքներում, իր գործելակերպում եւ մարդկային հարաբերություններում՝ մեծ հեղինակություն վաստակելով ու վայելելով Սփյուռքում, Հայաստանում եւ Արցախում: Այդպիսին էլ կմնա մեր հիշողության մեջ՝ հայրենիքին միախառնված, ժողովրդին նվիրյալ եւ նրանց հանդեպ երբեք չմարող ամենաջերմ, անկեղծ զգացմունքներով:

Անկեղծորեն ցավակցում եմ Հովնանյանների ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը:

Հիշատակն արդարոյ օրհնութեամբ յէղիցի»: