Տպել
17.08.2015
ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին»  ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2014թ-ի դեկտեմբերի 19-ի թիվ ՆՈ-032-Ն որոշմամբ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմը 2015թ. օգոստոսի 17-ից մինչեւ սեպտեմբերի 2-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի գործունեությունը լուսաբանել ցանկացող լրագրողների հավատարմագրում:

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանը՝ ներկայացնելով.

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրի հասցեն.

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) եւ բնակության վայրի հասցեն.

գ) զանգվածային լրատվության այն միջոցի (միջոցների) անվանումը, որը պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.

դ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) եւ երկու լուսանկար (3x4 չափսի).

ե) լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են).

զ) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսվում է մեկ նստաշրջանից պակաս ժամկետով:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:

Ազգային ժողովում կարող են հավատարմագվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված 1500 եւ ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի, 1000 եւ ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի եւ շաբաթաթերթերի, օրական 2000 եւ ավելի այցելու (հավատարմագրման օրվան նախորդող ամսվա այցելությունների միջին ցուցանիշ) ունեցող եւ առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերնետային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների եւ Երեւան քաղաքում թղթակցական կետեր ունեցող օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչներն ու տեսաձայնագրման օպերատորները:

Վերոգրյալ պահանջները բավարարող յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող են հավատարմագրվել ոչ ավելի, քան երկու լրագրող եւ երկու լուսանկարիչ (տեսաձայնագրման օպերատոր):

Հավատարմագրումն իրականացվում է հերթական նստաշրջանների գումարման ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2015 թվականի սեպտեմբերի 2-ը:

Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները ենթակա չեն քննարկման: