Տպել
01.07.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 1-ին ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը:

Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը:

Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, խոսել առկա մարտահրավերների մասին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից, հայ-թուրքական հարաբերություններից:

Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն` հաշվի առնելով տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրները եւ անվտանգության ապահովման ու կայուն զարգացման անհրաժեշտությունը:

Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ Արտակ Զաքարյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ, ինչն ապակայունացման վտանգ է ստեղծում տարածաշրջանում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Հայաստանն ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները հավասարաչափ եւ հավասարակշռված վերաբերմունք կունենան Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանն այն դիտարկում է առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք թուրքական կողմի ոչ համարժեք ու անպատասխանատու քայլերի պատճառով չեն վավերացվել:

Արտակ Զաքարյանը նաեւ խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունից` նշելով, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, շարունակում է փոխշահավետ գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիք Գըրը կարեւորել է Հայաստանի՝ տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված դերակատարությունը: Նա խոսել է ՀՀ-ին քաղաքական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Հյուրը կարեւորել է ԼՂՀ հարցում խաղաղ կարգավորումը եւ նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ը կարեւոր աշխատանք է կատարում այդ գործում եւ անհրաժեշտ է աջակցել նրա ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հակամարտող կողմերի ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահության կառուցման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:


01.07.2015
Բրեստում բացվել է հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 1-ին Բրեստ քաղաքում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացմանը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ե...

01.07.2015
Հանձնաժողովի նիստում
Հուլիսի 1-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահ...

01.07.2015
ՀՀ ԱԺ նախագահը ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 1-ին ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասել է. «Դատախազության համակարգի հարգարժան ներկայացուցիչներ, հարգելի բարեկամներ, նախ թույլ տվեք շնորհավորել մ...