National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.06.2015
Ավարտվել է Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը
1 / 5

Հունիսի 20-ին շարունակվել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Սեմինարի մասնակիցները քննարկել են «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում» թեման: Նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ի անդրատլանտյան պաշտպանության եւ անվտանգության համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Սվերր Միրլին, ով էներգետիկ անվտանգությունն առանցքային խնդիր է համարել ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային տեսանկյունից:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ելույթում փաստել է, որ էներգետիկան ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Փոխնախարարը ներկայացրել է Խորհրդային միության փլուզումից հետո ատոմակայանի փակման հետեւանքով երկրում ստեղծված էներգետիկ ճգնաժամը, արդյունաբերական ու էկոլոգիական խնդիրները, այնուհետեւ՝ վերականգնվող միջուկային էներգետիկայի եւ հիդրոէներգետիկայի ոլորտներում կատարված քայլերը: Պարոն Գալստյանը ներկայացրել է այն հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա հետագայում հիմնվել է ՀՀ էներգետիկ անվտանգությունը: Անդրադառնալով բնական գազի ենթակառուցվածքների զարգացմանը՝ փոխնախարարը նշել է, որ կապիտալ նորոգումներ պետք է իրականացվեն՝ բնական գազի պահեստարանները միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:

Պարոն Գալստյանի համոզմամբ՝ տարածաշրջանային համագործակցությունն ու ինտեգրումը Հայաստանի էներգետիկայի զարգացման կարեւոր խնդիրներից է: Ներկայացնելով տարածաշրջանային համագործակցության վիճակագրական տվյալները՝ նա նշել է, որ հարեւան Թուրքիայի հետ եւս էլեկտրաէներգիայի ոլորտում ակնկալվում է հարաբերությունների հաստատում:

«E-cube» ՀԿ-ի նախագահ Արա Մարջանյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ անվտանգությունն ու էներգետիկան տարածաշրջանի ներկան պայմանավորող եւ ապագան կերտող կարեւոր գործոններից են: Հանգամանալի զեկույցում նա ներկայացրել է 90-ականների էներգետիկ ճգնաժամը, ՀՀ էներգետիկ անվտանգության ռազմավարության դրույթները, տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրները եւ էներգետիկ համագործակցության հեռանկարները: Ոլորտի զարգացման համատեքստում պարոն Մարջանյանը լրջագույն խնդիր է համարել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, որի հետեւանքով Հայաստանը զգալի կորուստներ է կրում: Բանախոսը նշել է, որ Հայաստանն այս անբարենպաստ իրավիճակում անգամ հակված չէ ընկրկելու, ընդհակառակը՝ Հայաստանն այս ոլորտում իրականացնում է բազմավեկտոր համագործակցություն: Կարեւորվել է արդիական տարիֆային համակարգի մշակումը, հասարակական էլեկտրատրանսպորտի ինտեգրացված համակարգի ստեղծումը, ինչը, զեկուցողի համոզմամբ, Հայաստանի համար կունենա ռազմավարական նշանակություն: Նրա համոզմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում հասանելի էլեկտրաէներգիա ունենալու եւ ներկրումային կախվածությունը մեղմելու միակ իրական լուծումը Դեբեդ եւ Արաքս գետերի վրա նոր ՀԷԿ-երի կառուցումն է, ինչպես նաեւ՝ Որոտանի կասկադի ՀԷԿ-ի չորրորդ ՀԷԿ-ի եւ Հայաստանում հիդրոկուտակիչ կայանի կառուցումը:

Լոնդոնի Քինգզ քոլեջի փորձագետ Թրեյսի Ջերմանն անդրադարձել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում Հարավային Կովկասի կարեւորությանը, տարածաշրջանային համագործակցության խթանման գործում էներգետիկայի դերին եւ էներգետիկ անվտանգության վրա տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցությանը: Նրա համոզմամբ՝ էներգետիկ անվտանգությունը սերտորեն առնչվում է ազգային անվտանգության խնդիրների հետ: Ընդգծելով, որ տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտություն կա՝ պարոն Ջերմանը կարեւորել է տարածաշրջանի երկրների համագործակցությունը էներգետիկ անվտանգությանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում՝ նշելով, որ Հայաստանը դուրս է մնացել Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերից, ինչը անապահովության զգացում է առաջ բերում եւ խախտում կայունությունը:

Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի ներկայացուցիչները հետաքրքրված էին ոլորտում տարածաշրջանային համագործակցության, իրականացվող ծրագրերի, արտադրվող եւ ներմուծվող էներգետիկայի խնդիրներով, որոնց վերաբերյալ զեկուցողներն իրենց դիտարկումներն են ներկայացրել:

«Քաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում» թեմայի քննարկման շրջանակում տեղի է ունեցել վերջին նիստը, որը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը խոսել է քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի մասին, մասնավորապես՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում: Նա հակամարտության կարգավորման հարցում խաղաղության հասնելու անհնարինությունը պայմանավորել է քաղաքական իրավիճակով, քաղաքական կամքի բացակայությամբ եւ ազգերի միջեւ փոխվստահության ցածր մակարդակով: Նա կարեւորել է քաղհասարակության ներգրավումը կարգավորման գործընթացում:

Պարոն Մինասյանն անդրադարձել է նաեւ Վրաստանում քաղաքացիական հասարակության դերին եւ քաղաքական գործընթացների զարգացման միտումներին:

ԼԻՆՔՍ-ի տնօրեն Դենիս Սամութը նշել է, որ տարածաշրջանի երեք երկրները վերջին տասնամյակում ունեցել են պատմական ընդհանուր անցյալ եւ կարողացել են ժամանակի ընթացքում փոխազդել միմյանց վրա: Նա ներկայացրել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում քաղաքական գործընթացների զարգացման վերջին միտումները եւ զուգահեռներ անցկացրել դրանց միջեւ, խոսել է տարածաշրջանային հակամարտություններից, ընտրական գործընթացներից, սահմանադրական բարեփոխումներից: Նա ներկայացրել է քաղաքացիական հասարակության զարգացման միտումները տարածաշրջանի երկրներում: Խոսելով Հայաստանում իրականացված վերջին խորհրդարանական ընտրությունների մասին՝ բանախոսը նշել է, որ այն բազմակարծություն է ապահովել երկրում, որը լավ հիմք է ապագան կառուցելու համար: Այս համատեքստում զեկուցողը նշել է, որ նույնը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում: «Լավատես եմ, քանզի կարող եմ մեկ միտում տեսնել՝ նոր որակի երիտասարդ սերունդ ունենք տարածաշրջանում, որը չի կարող ընդունել անցյալը եւ ներկան ու պահանջում է ավելի բարձր որակ եւ կառավարում, որը ապագայի կարեւոր երաշխիք է»,- նշել է պարոն Սամութը:

Հարցուպատասխանի ընթացքում ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Էլինար Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը փորձել են պարզաբանումներ ստանալ հակամարտությունների կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման, չճանաչված պետություններում նրանց դերի, տարածաշրջանի երկրների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու կարեւորության վերաբերյալ: Հիմնական զեկուցողները ներկայացրել են իրենց տեսակետները:

Ամփոփելով Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը՝ ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը կարեւորել է Հարավային Կովկասին առնչվող սեմինարի անցկացումը: Նա, խոսելով անվտանգությանն ու կայունությանն առնչվող խնդիրներից, կարեւորել է Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը՝ ընդգծելով այդ հարցում խորհրդարանականների դերակատարությունը: Պարոն Նահապետյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին: Պատվիրակության ղեկավարը փաստել է, որ Հայաստանը ջանքեր է գործադրելու՝ եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների հետ համագործակցությունը խորացնելու համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ տարածաշրջանն ունի բազմաթիվ խնդիրներ եւ հակամարտություններ՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է միավորեն ջանքերը դրանց լուծման համար: Նա կարեւորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Խոսելով մեկ այլ մարտահրավերի՝ փակ սահմանի խնդրից՝ Կորյուն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ պետք է թուրք խորհրդարանականներին կոչ անել հավելյալ ջանքեր գործադրելու, որ հայ-թուրքական սահմանը բացվի, եւ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ չունենա փակ սահման:

Խոսելով Հարավային Կովկասում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումից՝ պարոն Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի տարբեր երկրներ գտնվում են ժողովրդավարական զարգացման տարբեր մակարդակներում եւ հույս է հայտնել, որ գործընկեր խորհրդարանականներն օբյեկտիվորեն կներկայացնեն իրավիճակը Հարավային Կովկասի երկրներում:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը փաստել է, որ եթե Ադրբեջանի պատվիրակությունը իրականությանը չհամապատասխանող պնդումներ ներկայացնի կամ վեհաժողովի փաստաթղթերում ԼՂ-ին կամ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող ոչ օբյեկտիվ հարցադրումներ հնչեն, ապա Հայաստանի վարքագիծը լինելու է անփոփոխ. շարունակելու է պաշտպանել իր շահերը:

Ամփոփելով սեմինարի աշխատանքը՝ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին արդյունավետ եւ կառուցողական քննարկումների համար:

ՆԱՏՕ ԽՎ-ի նախկին նախագահ Հյու Բեյլին կարեւորել է եռօրյա քննարկումները՝ նշելով, որ առանց նման քննարկումների եւ երկխոսության հնարավոր չէ հասնել խնդիրների արդյունավետ լուծման: Նա նշել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ Եվրոպայի համար եւ համագործակցությունը Հայաստանի հետ բխում է երկկողմ հետաքրքրություններից: Պարոն Բեյլիի խոսքով՝ Հայաստանն աշխարհաքաղաքական եւ աշխարհագրական տեսանկյունից չի կարող միայն ԵՄ-ով հետաքրքրված լինել եւ սխալ է ՀՀ-ին դնել երկընտրանքի առջեւ՝ կամ Բրյուսել, կամ Մոսկվա: «Պետք է գտնել ճանապարհ հարաբերությունները համակողմանի զարգացնելու ուղղությամբ»,- ասել է նա: Ամփոփելով սեմինարի արդյունքները՝ Հյու Բեյլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am