National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.06.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 3

Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթները:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

Հիշեցնենք, որ նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում: Ըստ նախագծի՝ պոչամբարներում կուտակված է մոտ 300 մլն տոննա հանքախյուս, ինչը տարեկան ավելանում է 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար բնապահպանական մեծ խնդիր է: Ծրագիրն իրականացնելու է «Ալյոտիգե» ՍՊԸ»-ն՝ տարեկան վերամշակելով 12.5 մլն տոննա հանքախյուս: Նախատեսվում է կառուցել նաեւ կոմպոզիտային նյութերի գործարան` տարեկան առնվազն 10 հազար տոննա արտադրողականությամբ: Որպես հումք օգտագործվելու է պոչամբարի հանքախյուսը:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը, Խոսրով Հարությունյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Այվազյանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա վերստին կարեւորել է նախագծի անհրաժեշտությունը հատկապես ներդրումների առումով: Տիկին Նաղդալյանը ողջունել է կառավարության՝ երկրում ներդրումների ավելացմանը միտված ջանքերը՝ գործընկերներին առաջարկելով աջակցել կառավարության գործունեությանն այս ոլորտում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը եզրափակիչ ելույթում դրական է գնահատել պատգամավորների ներկայացրած առաջարկները՝ պատրաստակամություն հայտնելով պատգամավորների հետ համատեղ քննարկում իրականացնել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթները:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներն այնուհետ քննարկել են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նախագծի նպատակը ենթաակցիզային որոշ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն է, ինչպես նաեւ ենթաակցիզային ապրանքների ցանկի ընդլայնումը:

Ներկայում ալկոհոլային խմիչքների, բենզինի եւ դիզելային վառելիքի ու ծխախոտային արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերը վերջին անգամ վերանայվել են 2-4 տարի առաջ եւ անցած տարիների ընթացքում այդ ապրանքների գների աճին համապատասխան դրույքաչափերը չեն ինդեքսավորվել: Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, տրանսպորտային միջոցներում որպես վառելիք օգտագործվող սեղմված բնական գազը չի համարվում ենթաակցիզային ապրանք:

Փոխնախարարի խոսքով՝ ԵՏՄ շրջանակներում ներկայում ընթանում են անդամ պետություններում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցման միջոցառումներ: ԵՏՄ անդամ բոլոր երեք պետություններում ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը մի քանի անգամ բարձր են Հայաստանում այդ ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերից:

Ուստի նախագծով առաջարկվում է որոշակիորեն ինդեքսավորել որոշ ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ դրանով ստեղծելով որոշակի նախապայմաններ՝ ԵՏՄ շրջանակներում իրականացվող՝ ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակցեմանն ուղղված միջոցառումների ազդեցությունը տնտեսության վրա մեղմելու, ինչպես նաեւ սեղմված բնական գազը, որպես տրանսպորտային միջոցներում օգտագործվող վառելիք, ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում՝ տրանսպորտային միջոցներում օգտագործվող վառելիքի բոլոր տեսակների համար սահմանելով ակցիզային հարկով հարկման միատեսակ մոտեցումներ:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ նախաձեռնությունը բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության վրա, այն կհարվածի գնողունակությանը, փոքր ու միջին բիզնեսին, բացի այդ՝ այն հակասում է հարկային տնտեսական միասնական քաղաքականությանը:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ նախագիծը բացասական ազդեցություն կունենա սպառողական շուկայի վրա: Պատգամավորն անդրադարձել է ոլորտում առկա հարկային վարչարարությանը: Ներկայացնելով խմբակցության տեսակետը՝ Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:

Վահան Բաբայանի կարծիքով՝ նախագիծը հանգեցնելու է դոմինոյի էֆեկտի: Պատգամավորն օրենքի նախագծին անդրադարձել է քաղաքական եւ հասարակական տեսանկյունից: Վահան Բաբայանի խոսքով՝ այն առաջացնելու է սոցիալական դժգոհություն եւ գների բարձրացում:

Տիգրան Ուրիխանյանի խոսքով եւս՝ օրենքի նախագիծը երկրում սոցիալական դժգոհություններ է առաջացնելու, նաեւ բացասական ազդեցություն է ունենալու սպառողական գների վրա:

Հակոբ Հակոբյանն անընդունելի է համարել օրենքի շուտափույթ քննարկումը խորհրդարանում: Պատգամավորի կարծիքով՝ դա կառաջացնի սոցիալական դժգոհություն եւ կհարվածի սոցիալապես ամենախոցելի շերտերին:

Վարդան Այվազյանի խոսքով՝ օրենքի նախագիծը պետք չէ կապել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Նա կառավարությանն առաջարկել է ծրագիր ներկայացնել, թե որ ուղղությամբ են ծախսվելու բյուջեի մուտքագրվելիք այդ գումարները:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը խնդրահարույց է համարել ներկայացված նախագիծը, կարծիք հայտնելով, թե այն հարվածելու է տեղական արտադրողին եւ ավելացնելու է հարկային բեռը: Նա տարակուսանք է հայտնել նախագծի՝ արտահերթ կարգով քննարկման ներկայացնելու կապակցությամբ: Արտակ Դավթյանն առաջարկել է առաջին ընթերցմամբ ընդունումից հետո վերանայել դրույքաչափերը, անդրադառնալ պատգամավորների մտահոգություններին: Դրույքաչափերը վերանայելու մասով գործընկերոջ տեսակետը պաշտպանել է Խոսրով Հարությունյանը: Նա շեշտել է, որ նախագիծը լուրջ լրամշակման կարիք ունի:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նկատել է, որ հարցի վերաբերյալ բոլոր ելույթներում շեշտը դրվել է քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Նա կարծիք է հայտնել, թե հատկապես գազի թանկացումը բացասաբար կազդի հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա, ինչը կհարվածի հասարակության բոլոր շերտերին: Նա առաջարկել է հետաձգել նախագծի քվեարկությունը եւ լրամշակել այն:

ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա եւս նշել է, որ ներկայացված նախագիծն իրոք խնդրահարույց է եւ պետք է պարզել, թե ընդունման դեպքում այն ինչպիսի հետեւանքներ՝ լավ կամ վատ՝ կարող է ունենալ հանրության եւ տնտեսության տարբեր ոլորտների վրա: Նա առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն անդրադառնալ ավելի ուշ, իսկ մինչ այդ՝ կազմակերպել ընդլայնված քննարկումներ:

Այս համատեքստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկել է եւ այմանավորվածություն է ձեռք բերել՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջիկա աշնանն իրականացնելու վերաբերյալ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին եւ տվել պարզաբանումներ: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատել եւ լրամշակել օրինագիծը:

Այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերոնշյալ օրենքի մասն կազմող՝ «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների թիվ 1 ցանկում ավելացնել նաեւ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը: Նախատեսվում է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը շնորհիվ ներդրումների, ժամանակակից սարքավորումների եւ տեխնիկայի ներդրման: Նախատեսվում է վերականգնել եւ արդիականացնել ֆիզիկական ենթակառուցվածքները, իսկ աշխատակիցների համար իրականացնել սոցիալական ծրագրեր: Արման Սահակյանը տեղեկացրել է, որ դեռեւս որոշված չէ մասնավորեցման ձեւը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ փաթեթի նպատակը ջրային ոլորտում մատակարարման կառավարման ու կարգավորման գործառույթների հստակ տարանջատումն է, ինչի դեպքում ակնկալվում է ջրային ոլորտում ստեղծել իրավասու մարմինների առավել արդյունավետ համակարգ:

Ի պատասխան հարցերի Արամ Հարությունյանն ասել է, որ ոռոգման ջրի թանկացում չի լինելու:

Պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Բաբայանի, Միքայել Մանուկյանի եւ հայկ Բաբուխանյանի հեղինակած «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է համահեղինակ Հովհաննես Սահակյանը: Նա տեղեկացրել է, որ փոփոխությունների նպատակն է օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաեւ օրենքը լրացնել նոր մասով, ըստ որի՝ մեկ անձի կողմից կուսակցությանը նվիրված անշարժ գույքի արժեքը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ նվիրատվության օրվանից առնվազն հինգ տարվա ընթացքում տվյալ գույքը չվաճառելու պայմանով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելը, ինչը հնարավորություն կտա գործընթացը դարձնել առավել սահուն եւ ամբողջական: Այդ ընթացքում հնարավոր կլինի հանրությանն առավել արդյունավետ իրազեկել:

Նախագծի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներն սկսել են քննարկել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի ներկայացմամբ: Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է այլընտրանքային մոտեցում, ըստ որի, եթե ներմուծվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը կրում են արտադրող երկրի հարգեր, որոնք համապատասխանում են ՀՀ օրենքով սահմանված հարգերին եւ դրանց նկատմամբ կիրառվող պահանջներին, ապա դրանց վրա ներմուծողի հայեցողությամբ կամ դրոշմում են իրենց տարբերանիշը, կամ դրանց վրա ամրացնում են իրենց տարբերանիշով դրոշմված կախոց, որոնց համար տալիս են համապատասխան տեղեկանք:

Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի եւ ժամացույցների ներմուծումը կլինի պարզեցված ընթացակարգով: Այս նախագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակվի հունիսի 19-ին:


18.06.2015
Գալուստ Սահակյանի ելույթը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ
«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի հյուրեր, թույլ տվեք ՀՀ ԱԺ անունից ողջունել ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական հաստատու...

18.06.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծած...

18.06.2015
Երեւանում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը
Հունիսի 18-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ սկսել է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի աշխատանքը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով: Սեմինարը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ո...

18.06.2015
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 18-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Գլխավոր քարտուղարության համագործակցության եւ զարգացման հարցերով խորհրդական Բաշիր Դիայեի հետ, ով Հայաստան էր ժամանել «Հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am