National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.06.2015
Երեւանում աշխատանքն է սկսել ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը
1 / 6

Հունիսի 18-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ սկսել է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի աշխատանքը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:

Սեմինարը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա ողջունել է Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի մասնակիցներին: Կորյուն Նահապետյանը զորակցություն է հայտնել օրերս Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքներին: Նա բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակը, որի հիմքում 21 տարի առաջ սկիզբ առած գործընկերություն հանուն խաղաղության ծրագիրն է: Կորյուն Նահապետյանն ընդգծել է ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ակտիվ մասնակցությունը` վեհաժողովի նստաշրջաններին, հանձնաժողովների նիստերին, Ոոուզ-Ռոթ սեմինարներին, որոնց ընթացքում պատգամավորներն իրենց հարցադրումներով եւ նկատառումներով անդրադառնում են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին եւ հիմնախնդիրներին: Ըստ նրա՝ Հայաստանի պատվիրակությունն իր ավանդն է բերում եվրանտլանտյան համայնքում համատեղ արժեքների ամրապնդման գործում եւ շարունակելու է հետեւողական ջանքեր գործադրել համամարդկային արժեքներին համահունչ կայուն եւ հավասակշռված անվտանգության միջավայրի խթանմանը:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի հյուրեր, թույլ տվեք ՀՀ ԱԺ անունից ողջունել ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության կայացման քաղաքականությունը, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանեցմանն ուղղված բարեփոխումներն ու ծրագրերը, մշտապես կարեւորել է երկրի լիարժեք համագործակցությունը եվրոպական կառույցների հետ:

Մենք հետամուտ ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՀՀ Ազգային ժողովը հանձնառու է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված օրենսդրական բարեփոխումների գործընթացի իրականացմանը:

Խորհրդարանը շարունակում է զարգացնել պաշտպանության ոլորտի արդյունավետ եւ թափանցիկ օրենսդրական վերահսկողությունը` ընդլայնելով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների դերակատարությունը պաշտպանական գործունեության վերահսկման գործում:

Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին:

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի 35 հոգուց կազմված ստորաբաժանումը շարունակում է իր մասնակցությունը Կոսովոյի ուժեր խաղաղության հաստատման գործողությանը ԱՄՆ հրամանատարության ներքո, որին վերսկսել է մասնակցել 2012 թվականի հուլիսի 6-ից: Մինչ այդ, 2004-2011 թվականներին վերոնշյալ առաքելությանը մասնակցել է Հունաստանի հրամանատարության ներքո:

2015 թվականի հունվարից Հայաստանի զինված ուժերի 121 հոգուց բաղկացած զորախումբը շարունակում է իր մասնակցությունը Աֆղանստանում նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում գերմանական հրամանատարության ներքո՝ իրականացնելով Քաբուլի Քասաբա զինավանի եւ Մազարի Շարիֆի Մարմել ռազմաբազայի անվտանգության պաշտպանությունը:

ՀՀ Ազգային ժողովի համագործակցությունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ սկիզբ է առել 2002 թվականի մայիսին, երբ Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի այն ժամանակվա նախագահը եւ ՀՀ Ազգային ժողովին առաջարկվեց դառնալ վեհաժողովի դիտորդ: Նույն թվականի նոյեմբերին վեհաժողովի տարեկան նստաշրջանում ՀՀ ԱԺ-ին շնորհվեց ասոցացված անդամի կարգավիճակ: Այդ ժամանակվանից ի վեր մեր խորհրդարանն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Մեր պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում ոչ միայն խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին, այլեւ Ռոուզ-Ռոթ սեմինարներին ու կազմակերպության կողմից անցկացվող այլ միջոցառումներին:

Ռոուզ-Ռոթ սեմինարներ Երեւանում անց են կացվել երկու անգամ՝ 2005 եւ 2010 թվականներին: Ռոուզ-Ռոթ նախաձեռնության գլխավոր նպատակը Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրներում խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումն է: Այսօրվա երեւանյան սեմինարի թեման նվիրված է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանում տեւական խաղաղությանը նպաստելը՝ թեմաներ, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունն ու հրատապությունը:

Կովկասը մշտապես եղել է քաղաքակրթությունների, կրոնների եւ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ, որն այսօր վերստին հաստատել է իր միջազգային կարեւորությունը որպես հաղորդակցության միջանցք, էներգետիկ ռեսուրսների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի: Հայաստանը հաստատապես հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին եւ համոզված է, որ տարածաշրջանային հակամարտությունների եւ բաժանարար գծերի հաղթահարմանը մեծապես կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության ու երկխոսության զարգացումը, ընդհանուր շահերի ու մտահոգությունների վրա հիմնված փոխադարձ շահավետ լուծումների առաջադրումը, ինչը բոլորից կպահանջի միասնական ջանքերի գործադրում ու քաղաքական կամքի դրսեւորում:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մեր համոզմունքն է, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրականացման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Մենք այդ հակամարտության խաղաղ կարգավորման ջատագովներն ենք եւ խորապես համոզված ենք, որ այն պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը կնպաստի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որը մենք դիտարկում ենք առանց նախապայմանների, փոխշահավետ համագործակցության հաստատման համատեքստում, ինչն արտացոլված է դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, որոնք թուրքական կողմի առաջադրած նախապայմանների պատճառով չեն վավերացվել:

Հարգելի մասնակիցներ եւ հյուրեր, համոզված եմ, որ առաջիկա օրերին մենք ականատես կլինենք սեմինարի օրակարգում ներառված տարաբնույթ հարցերի վերաբերյալ բազում հետաքրքիր քննարկումների:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ մաղթել բեղմնավոր ու հետաքրքիր աշխատանք»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ելույթով հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ի փոխնախագահ Պաոլո Ալլին: Նա, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին հրավերի եւ սեմինարը կազմակերպելու կապակցությամբ, նշել է, որ այն արդեն երրորդ անգամ է անցկացվում Հայաստանում: Նա սեմինարի մասնակիցներին է փոխանցել ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահի ջերմ ողջույնները: Պարոն Ալլին նաեւ հիշեցրել է, որ սեմինարն անվանվել է ի պատիվ ԱՄՆ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ Ռոուզի եւ Ռոթի, ովքեր եղել են այս միջոցառման նախաձեռնողները:

Բանախոսի խոսքով՝ ՆԱՏՕ ԽՎ-ն կարեւորում է հարատեւ խաղաղության ապահովումը Հարավային Կովկասում: Ռոուզ-Ռոթ սեմինարները շարունակում են ամրապնդել ժողովրդավարական կառավարման հնարավորությունը զինված ուժերում: ՆԱՏՕ ԽՎ-ի փոխնախագահի խոսքով՝ այս քննարկումները լավ հարթակ են անվտանգության, տնտեսական ու սոցիալական քաղաքականությանն առնչվող հարցեր բարձրաձայնելու համար: Նա անդրադարձել է տարածաշրջանում Հայաստանի ունեցած դերակատարությանը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ ԽՎ-ն դեմ է խնդիրները ռազմական ճանապարհով լուծելուն, ինչը չի բխում կողմերի շահերից: ԽՎ-ի փոխնախագահը վերահաստատել է այն մոտեցումը, որ Վեհաժողովը կողմ է հարաբերությունները խաղաղ ճանապարհով կարգավորելուն եւ կառուցողական համագործակցությանը: Իր ելույթում պարոն Ալլին, ի թիվս մի շարք հարցերի, անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրադրությանը, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծված լարվածությանը, էներգետիկ անվտանգության խնդիրներին:

Իր ողջույնի խոսքում ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը կարեւորել է Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռում ծավալել բաց երկխոսություն՝ մասնակից դարձնելով տարբեր երկրների խորհրդարանականների ու փորձագետների: Պարոն Գասերը նշել է, որ եվրատլանտյան տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն կարելի է ապահովել համագործակցության միջոցով: Դեսպանի գնահատմամբ՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ հաստատվել է սերտ համագործակցություն՝ երկարաժամկետ հանձնառություն հաստատելով Հայաստանի հետ: Նա կարեւորել է տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարումը, ինչը հիմնարար նշանակություն ունի տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար եւ հույս հայտնել, որ սեմինարի ընթացքում կհնչեն նոր գաղափարներ վերոնշյալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Անդրադառնալով Հայաստանի Ազգային ժողովի եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ համագործակցությանը՝ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ Ժնեւի կենտրոնը ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցում է 2012 թ. կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված մի շարք միջոցառումներ են իրականացվում:

Տարածաշրջանային խնդիրներին եւ ՀՀ արտաքին քաղաքականությանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ վերջին տարիներին միջազգային հարաբերություններում ծավալվող նորօրյա մարտահրավերները, անվտանգության միջավայրի սպառնալիքները, որոնք եկել են գումարվելու դեռեւս լուծման կարոտ հիմնահարցերին, առավել արդիական են դարձնում նման քննարկումները: Նախարարը հույս է հայտնել, որ երեւանյան սեմինարը հնարավորություն կտա անդրադառնալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրներին եւ արդյունավետ ներդրում կկատարի դրանց հանգուցալուծմանն ուղղված քննարկումներում: Նշվել է, որ միջազգային հարաբերություններում աննախադեպ փոխկապակցվածության եւ փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջեւ ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ եւ համերաշխ ջանքեր է պահանջում: Հայաստանը եւս փորձում է իր նպաստը բերել միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացներում եւ այդ առանցքում կարեւոր դեր է հատկացնում ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններին: «Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր առկա են տարաբնույթ մարտահրավերներ: Հայաստանի հարեւանությամբ տեղի ունեցող զարգացումները, որոնք հաճախ մեր անմիջական ներգրավումը չեն ենթադրում, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են ունենում տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների անվտանգության վրա: Այդպիսին է մասնավորապես ճգնաժամային իրավիճակը Սիրիայում եւ Իրաքում, Մերձավոր Արեւելքում` Իսլամական պետություն, Ալ-Նուսրա եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արդյունքում», -ասել է Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին` նախարարը նշել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին եւ անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Նա մերժում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլեւ` վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է նաեւ մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթություններին, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը եւ այլ խնդիրների:

Սեմինարի առաջին նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ի նախկին նախագահ Հյու Բեյլին: «Հայաստանի համագործակցությունը եվրատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն եւ տնտեսություն» թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա կարեւորել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր մակարդակներում եւ նշել, որ սեմինարի ընթացքում ի հայտ կգան տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը եւ կայունության հաստատմանը միտված նոր գաղափարներ: Նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ պաշտպանության դիտանկյունից եւ նշել, որ անվտանգությունը չի կարելի դիտարկել միջազգային զարգացումներից մեկուսացված: Ընդհակառակը, ըստ նրա, մեր տարածաշրջանը միջազգային շահերի ներգործության անմիջական կրողն է: Նախարարի խոսքով՝ այս փոքր տարածաշրջանը Արեւմուտքից սահմանակցում է ՆԱՏՕ-ին, որի անդամ Թուրքիան ծայրահեղորեն տարբեր հարաբերություններ ունի Հարավային Կովկասը ներկայացնող երկրների հետ: Նա հավելել է, որ վերջին ընտրությունները Թուրքիայում ցույց տվեցին, որ այնտեղ ստեղծվում է նոր իրավիճակ: Պարոն Օհանյանը փաստել է, որ եթե մինչեւ վերջերս Հարավային Կովկասի անվտանգության հիմնական սպառնալիք էին համարվում չլուծված հակամարտությունները, ապա հիմա՝ տարածաշրջանում անվտանգության համակարգի ստեղծման շուրջ տարածաշրջանի երկրների տարակարծիք մոտեցումները: «Տարածաշրջանի երկրները տարբեր մոտեցումներ ունեն հավաքական անվտանգության համակարգերի, էներգետիկ եւ տնտեսական անվտանգության հարցերի շուրջ եւ ամենավտանգավորն այն է, որ մոտեցումները հաճախ փոխլրացնելու փոխարեն միմյանց դեմ են ուղղված»,-ասել է նախարարը:

Սեյրան Օհանյանը նկատել է, որ բացի ավանդական կամ համաչափ սպառնալիքներից կայծակնային արագությամբ ահաբեկչական գործողություններ են զարգանում: «Իսլամական պետություն» խմբավորմանը հաջողվել է կարճ ժամանակում ընդլայնել վերահսկողության գոտին: «Կան հաստատված տվյալներ, որ «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում կռվում են նաեւ մեծ թվով ադրբեջանցի եւ որոշ քանակությամբ՝ կովկասյան երկրների եւ այլ ազգային պատկանելության գրոհայիններ»: Այս համատեքստում նա նշել է, որ ՀՀ-ն իր անվտանգությունը կառուցում է բազմավեկտոր ձեւաչափում՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելուն զուգահեռ նաեւ ակտիվորեն համագործակցում է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ ձեւաչափով՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտարկելով իր անվտանգության համակարգի անբաժանելի մասը:

Պարոն Օհանյանը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, Հայաստանում Ռուսաստանի ազդեցությանը:

Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչ Չարլզ Հյուբերի՝ Մինսկի խմբի ընդլայնմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ դա քաղաքական խնդիր է՝ ընդգծելով, որ Մինսկի խմբում չպետք է լինեն երկրներ, որոնք կողմնակալ վերաբերմունք կցուցաբերեն այդ հարցում: Նրա գնահատմամբ՝ գործընթացը շարունակական պիտի լինի Մինսկի խմբի ձեւաչափով եւ կառուցողական ընթացք ստանա խաղաղ երկխոսության, շփման գծում վստահության մթնոլորտի ձեւավորման շրջանակում: Պարոն Օհանյանը համոզմունք է հայտնել, որ Մինսկի խմբի գործունեությունը հնարավորություն է ընձեռում Արցախի ժողովրդին խաղաղ ապրել ու արարել:

Հաջորդիվ ելույթ է ունեցել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը: Բանախոսը ներկայացրել է Արեւելյան գործընկեր երկրների երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցությունը՝ համաժողովների, դասընթացների, աշխատաժողովների, վարժանքների, այցելությունների, համատեղ երկխոսությունների միջոցով: Նա բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը 2014-2015 թթ. ընթացքում ԵՄ-ի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումներին, այդ թվում՝ Ադրբեջանում կայացած:

Պարոն Լորենցն իր նկատառումներն է ներկայացրել նաեւ ԼՂ հակամարտության վերաբերյալ: Նա մտահոգիչ է համարել ռազմական հռետորաբանությունը, ինչպես նաեւ՝ գործընթացում առաջընթացի բացակայությունը, ինչը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի բնակիչների վրա: Դիրկ Լորենցի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Նա անդրադարձել է նաեւ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորմանը եւ լրացուցիչ աջակցությանը: Պարոն Լորենցը հաջողված է համարել Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը՝ նշելով, որ Հայաստանը եւ ԵՄ-ն վերահաստատել են Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությունը ամրապնդելու եւ հզորացնելու պատրաստակամությունը: «Մենք սպասում ենք նոր բանակցությունների մեկնարկին, որը կհաստատի այն մանդատը, որը համատեղելի է Հայաստանի նոր իրողությունների հետ»,-նշել է նա:

Պարոն Լորենցն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերություններին GSP+ համակարգի ձեւաչափում, երկկողմ համագործակցության ծրագրերին, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումներին:

Պատասխանելով ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանի՝ ՀՀ-ԵՄ բանակցություններին եւ 2015 թ. ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթին առնչվող հարցին՝ Դիրկ Լորենցը նշել է, որ եւ՛ ԵՄ-ի, եւ՛ Հայաստանի կողմից նոր շրջանակային համաձայնագրի հետ կապված բանակցություններ սկսելու ցանկություն կա:  ԱԺ պատգամավոր Խաչատոր Քոքոբելյանի հարցադրմանն ի պատասխան էլ պարոն Լորենցն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը բավականին համակողմանի է. ԵՄ-ն աջակցում է Հայաստանին, սակայն չի կարող անվտանգության երաշխիքներ տրամադրել ՀՀ-ին:

Երկրորդ նիստը վարել է ՆԱՏՕ ԽՎ-ի տնտեսության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանկլին վան Կապպենը:

Քննարկումների առանցքում եղել է «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արեւելքում եւ դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա)» թեման: Ելույթ է ունեցել Լոնդոնի Քինգզ քոլեջի անվտանգության եւ զարգացման հարցերի գծով դասախոս Դոմիտիլլա Սագրամոսոն, ով խոսել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացված գործողություններից՝ նշելով, որ այն շարունակական գործընթաց է: Տիկին Սագրամոսոն ներկայացրել է Հյուսիսային Կովկասում եւ Հարավային Կովկասում, Սիրիայում, Աֆղանստանում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ եւ անդրադարձել Հյուսիսային Կովկասի բնակիչների ներգրավվածությանը «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններին, ահաբեկչական խմբավորումներին միանալու հետեւանքներին:

Թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Փոխլրացնելով նախորդ բանախոսի ներկայացրած տվյալները՝ պարոն Սաֆրաստյանը նշել է, որ ԻՊ-ն չպետք է դիտարկել իբրեւ սովորական ահաբեկչական կազմակերպություն. այն աննախադեպ խմբավորում է: Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորումը ոչնչացնում է այլադավաններին՝ իրականացնելով ցեղասպանություն: Պարոն Սաֆրաստյանը նշել է, որ սա ցեղասպանության երկրորդ ալիքն է Մերձավոր Արեւելքում. 1915 թ. Հայոց ցեղասպանության շարունակությունն է:

Պարոն Սաֆրաստյանն անդրադարձել է ԻՊ-ի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, մարդկության առջեւ ծառացած նոր վտանգի դեմ պայքարի ձեւերին:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանին հետաքրքրում էր, թե ինչ ռազմավարություն է իրականացնում միջազգային հանրությունը՝ նման երեւույթները չեզոքացնելու համար եւ ինչպիսին է սպառնալիքը Հարավային Կովկասի դեպքում: Հարցադրմանն ի պատասխան՝ տիկին Սագրամոսոն նշել է, որ այն տարածաշրջանում, ուր գործում է ԻՊ-ը, անհրաժեշտ է գլոբալ համագործակցություն եւ տարածաշրջանային վստահելի գործընկերներ: Նա կարեւորել է ԻՊ-ի դեմ պայքարի գործընթացներում Թուրքիայի ներգրավվումը, համագործակցությունը Ռուսաստանի հետ: Բանախոսի գնահատմամբ՝ ահաբեկչական գործողությունների իրականացման տեսանկյունից առավել վտանգավոր վիճակում է Հյուսիսային Կովկասը, քան Հարավային Կովկասը: Ռուբեն Սաֆրաստյանը, համաձայնելով տիկին Սագրամոսոյի հնչեցրած տեսակետների հետ, կարեւորել է ԻՊ-ի դեմ պայքարում համընդհանուր համագործակցությունը եւ այս հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերակատարությունը՝ հավելելով, որ ՆԱՏՕ ԽՎ-ն՝ որպես ռազմաքաղաքական դաշինք, կարող է ներգրավվել Անվտանգության խորհրդի որոշումների իրականացման գործընթացում:

Ռոուզ-Ռոթ սեմինարն աշխատանքը կշարունակի հունիսի 19-ին:


18.06.2015
Գալուստ Սահակյանի ելույթը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարի ժամանակ
«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի հյուրեր, թույլ տվեք ՀՀ ԱԺ անունից ողջունել ձեզ` Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակիցներին, ովքեր մեր երկիր են ժամանել հետաքրքիր ու շահագրգիռ քննարկումներ անցկացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը, հետեւողականորեն շարունակելով ժողովրդավարական հաստատու...

18.06.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել...

18.06.2015
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ) (ծած...

18.06.2015
Հանդիպում խորհրդարանում
Հունիսի 18-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Գլխավոր քարտուղարության համագործակցության եւ զարգացման հարցերով խորհրդական Բաշիր Դիայեի հետ, ով Հայաստան էր ժամանել «Հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am