National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.06.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը եւ վավերացնելով «2015 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու մասին» պայմանագիրն ու կից արձանագրությունները:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Նախագծերի փաթեթը նպատակ ունի արբիտրաժային մեծ փորձ եւ մշակույթ չունեցող երկրների համար արբիտրաժը խթանելուն ուղղված շարունակական եւ համակարգված քայլեր ձեռնարկել: Նշվել է, որ ՀՀ-ում արբիտրաժի ինստիտուտը կայացնելու համար դեռեւս շատ խնդիրներ կան: Քիչ են որակյալ մասնագետները, խնդիրներ կան՝ կապված դատարանների կողմից արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման, չեղյալ ճանաչման, արբիտրների նշանակման եւ դատարանների կողմից արբիտրաժի նկատմամբ վերահսկողության հետ: Այս խնդիրների լուծման համար կիրականացվի արբիտրների ուսուցում, դատավորների համար կանցկացվեն թեմատիկ դասընթացներ, ճանաչված միջազգային արբիտրների մասնակցությամբ կիրականացվեն օրինակելի արբիտրաժներ:

Պարոն Մկրտչյանը տեղեկացրել է նաեւ, որ արբիտրաժային մշակույթի խթանումը պահանջում է նաեւ այլ իրավահարաբերություններից բխող վեճերն արբիտրաժի ընթացակարգերով լուծման հանձնելու օրենսդրական կարգավորումների հստակեցում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտանեկան, աշխատանքային, սպառողական կարիքների համար կնքված քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող վեճերին: Արբիտրաժի միջոցով լուծման ենթակա վեճերի շրջանակի ընդլայնմանը զուգահեռ? անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսել սպառողների շահերի պաշտպանության որոշակի մեխանիզմներ՝ ուղղված վեճը պետական դատարանին հանձնելու իրավունքից զրկելուն եւ արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը պարտադրելու կանխարգելմանը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է նախագիծը, քանի որ այն նպաստելու է արբիտրաժի ինստիտուտի կայացմանը: Նա տեղեկացրել է, որ փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխություններին խմբակցությունը դեմ չէ, սակայն հանրության վստահությունը մեծացնելու համար անհրաժեշտ է համարել ուժեղացնել ինստիտուտի գործունեությունը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ քննարկումների արդյունքում փաթեթը լրամշակվել է: Նա անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, տվել պարզաբանումներ:

Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը: Փաթեթով առաջարկվում է ներդնել նոր՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը» եւ նախատեսվելու են այդ իրավունքի իրացման մեխանիզմները:

Մասնավորապես, գործող իրավակարգավորումների պայմաններում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում դեռեւս չկառուցված եւ չառանձնացված բնակարանները եւ ոչ բնակելի տարածքները շրջանառության օբյեկտ են դառնում առանց համապատասխան ապահովվածություն ունենալու: Մասնավորապես՝ այդ օբյեկտների նկատմամբ կնքվում են նախնական պայմանագրեր, որոնցով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման պատրաստ չեն լինում, որի հետեւանքով խախտվում են քաղաքացիների շահերը: Կառուցապատողներն էլ, նախապես ստանալով կանխավճարները՝ չեն շտապում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Միաժամանակ, այդ օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողության բացակայության պայմաններում բազմաթիվ են չարաշահումները, երբ միեւնուն կառուցվող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ կարող են կնքվել մի քանի նախնական պայմանագրեր:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Պատգամավորի կարծիքով՝ քննարկվող հարցը վերաբերում է հանրության լայն շրջանակներին: Միքայել Մելքումյանը խոսել է շինարարական բիզնեսի կազմակերպումից, անհրաժեշտ համարել Հայաստանում շինարարության զարգացումը: Պատգամավորը նշել է, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է գաղափարին, քանի որ նախաձեռնությունը նպատակ ունի պաշտպանելու քաղաքացիների շահերը չկարգավորված հարաբերություններից:

Եզրափակիչ ելույթում Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկման համար եւ նշել է, որ օրենսդրական փաթեթն էականորեն կորոշակիացնի կառուցվելիք շենքերի հետ կապված հարաբերությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում ոլորտը կարգավորող լիազորված մարմինների միջեւ կիրականացվի գործառույթների հստակ տարանջատում: Փոփոխություններ է առաջարկվում նաեւ ավիափոխադրողների հավաստագրման գործընթացում, ինչը կարգավորիչ դաշտի նկատմամբ կունենա դրական ազդեցություն` նպաստելով քաղաքացիական ավիացիայի ոլորտում ծավալվող իրավահարաբերությունների արդյունավետ կանոնակարգմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է պատգամավորների հարցերին եւ տվել սպառիչ պարզաբանումներ:

Պատգամավորներն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկել են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նա տեղեկացրել է, որ նախագծի մշակման ժամանակ ուսումնասիրվել են տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացված հարցումները, Երեւանի Խորենացի փողոցում, Մալաթիայի ոսկու շուկայում, Գյումրիում եւ Վանաձորում գործող ոսկու շուկաներում կատարված այցելությունների, ուսումնասիրությունների եւ հարցազրույցների տվյալները: Պարզվել է, որ ոսկու շուկաներում թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առեւտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների՝ /անհատ ձեռներեց/, եւ ոլորտի հայտնի առանձնահատկությունները դժվարեցնում են փաստաթղթավորված ծախսերի հաշվառմամբ՝ շրջանառությունների հարկման կազմակերպումը: Նկատի ունենալով, որ Երեւանում գործող ոսկու շուկաներում սեղանիկների միջոցով առեւտուր իրականացնող մեկ տնտեսվարողը միջինում ամսական վճարում է 2-3 հազարից մինչեւ 9 հազար դրամ շրջանառության հարկ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ տարեկան մինչեւ 115,0 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) սեղանիկների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի իրականացվող գործունեությունը համարվում է արտոնագրային վճարով հարկման ենթակա գործունեություն` վճարի մեծությունը կախվածության մեջ դնելով վաճառասեղանի ճակատային մասի գծամետրից:

Ըստ այդմ՝ նշված տնտեսվարողների համար առաջարկվում է սահմանել արտոնագրային վճար, որի չափը գործող 1-ից 5 տոկոս շրջանառության հարկը կնվազի ընդհուպ մինչեւ 0,36 տոկոս, կազմելով ամսական առավելագույնը 35 հազար դրամ:

Առաջին ընթերցումով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ գործատուի համար սահմանվել է հստակ պարտավորություն աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին տրամադրելու մասին, ամբողջապես տարանջատվել են աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք հանդիսացող աշխատանքային պայմանագրի եւ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կիրառման կարգը, հստակեցվել են դրանցում ներառվող հիմնական պայմանները, ամբողջական ձեւակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ օրինագիծը քննարկվել եւ ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշել է, որ առաջարկվող կարգավորման նպատակը օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի եւ ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրում ընդգրկվելու ժամանակահատվածում անձի զբաղվածությունը համարել ժամանակավոր, կազմակերպությունների համար քվոտայի պահանջի առաջացման հիմք ընդունել տվյալ հարկային տարում, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների համար՝ ստեղծման օրվանից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ կազմակերպության աշխատողների միջին տարեկան թվաքանակը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնք ստեղծվել են տվյալ տարվա դեկտեմբեր ամսին: Առաջարկվում է գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման պետական ծրագիրը վերանվանել որպես գործատուներին այցելության ծախսերի համար դրամական օգնության (գործազրկության նպաստի) տրամադրման ծրագիր:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հունիսի 17-ին:


16.06.2015
Տեղի կունենա Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով: Սեմինարը կմեկնարկի հունիսի 18-ին՝ ժամը 11:15-ին, ՀՀ կառավարության ընդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am