Տպել
15.06.2015
Խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 15-ին՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:

Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նստաշրջանի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ: Առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ: Երկրորդ օրվանից սկսած յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ ընդմիջումների տեւողությունը` կես ժամ, նիստերի սկիզբը՝ ժամը 11: 00-ին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի հիշատակը:

Առաջին ընթերցմամբ ընդունվել է պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Փոխնախագահի կարծիքով՝ սա անօրինակ մի նախաձեռնություն է, որի նախադեպը Հայաստանում դեռեւս չի եղել:

Հերմինե Նաղդալյանը կարեւորել է նախագծի անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա՝ մինչ այժմ Հայաստանում չի եղել համալիր ձեւակերպված գիտական եւ արտադրական մտքի ամբողջական արտահայտությամբ, ֆինանսական ապահովմամբ, ներդրողների առկայությամբ նման նախաձեռնություն: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ նախագծի ընդունմամբ կլուծվեն մի շարք բնապահպանական եւ առողջապահական խնդիրներ, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջեւ:

Ծրագրի իրականացման արդյունքում, ըստ տիկին Նաղդալյանի, նախնական գնահատմամբ՝ կունենանք 237.5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր, որը բացառիկ երեւույթ Է Հայաստանի համար: Արդյունքում կստեղծվեն 1000 մշտական աշխատատեղ: Ծրագրի փուլերին անդրադառնալով՝ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ Հայաստանում կմշակվեն եւ կթողարկվեն նոր սերնդի արտադրատեսակներ:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ողջունել է նախագծի քննարկումը խորհրդարանում: Պատգամավորը կարեւորել է նախաձեռնությունը հատկապես աշխատատեղերի ստեղծման առումով: Հեղինե Բիշարյանը ներկայացրել է որոշ մտահոգություններ, կարեւորել ծրագրի վերահսկողությունը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ նախաձեռնությունն արդյունաբերական ակտիվ քաղաքականության մաս է կազմում: Միքայել Մելքումյանի խոսքով՝ այսօր Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը ռեկորդակիր է համարվում հանքարդյունաբերության արտադրանքով, անգամ աճ է նկատվել: Միքայել Մելքումյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ թեեւ նախագիծը կարիք ունի հստակեցման եւ վերաձեւակերպումների, այդուհանդերձ այն շատ կարեւոր է ներդրումների առումով: Ըստ խմբակցության ղեկավարի՝ ներդրողը միջազգային արենայում բավական լուրջ գործունեություն իրականացնող կազմակերպություն է: Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում: Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ նա նշել է, որ իրավիճակն այսօր Հայաստանում աղետալի վիճակում չէ: Նա ծրագիրը հատկապես կարեւորել է աշխատատեղերի ստեղծման, սոցիալական խնդիրների լուծման, արդյունաբերական աճի հնարավորության տեսանկյունից:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը եզրափակիչ ելույթում դրական է գնահատել նախագծի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկները: Նա պատրաստակամություն է հայտնել մինչ քվեարկություն պատգամավորների հետ համատեղ քննարկել առաջարկները:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է 2015 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին ՀՀ միանալու մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը: Արձանագրությամբ Հայաստանը միանում է «Ղրղզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ կարեւորելով տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունը:

Պայմանագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու պայմանագրին, քանի որ կարծել եւ կարծում է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը բխում է նրա շահերից, կարեւոր է նաեւ շրջանակն ընդլայնելը: Նա նաեւ նկատել է, որ թեեւ վեց ամիս է անցել ԵՏՄ-ին անդամակցությունից, սակայն դեռեւս չեն երեւում շոշափելի արդյունքներ:

«Ժառանգություն» խմբակցության բացասական տեսակետը պայմանագրի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ-ին անդամակցելը շահեկան չէ ոչ՛ Հայաստանի, ոչ՛ Ղրղզստանի համար: Նա իրազեկել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու պայմանագրին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ Հայաստանի իրական տեղը Եվրոպական միությունն է, սակայն, հաշվի առնելով մեր երկրի քաղաքական շահը՝ Հայաստանը կարող է եւ պարտավոր է հարաբերություններ ունենալ եւ դրանք զարգացնել երկու կառույցների՝ եւ՛ ԵՄ-ի, եւ՛ ԵՏՄ-ի հետ:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա արդարացված է համարել Հայաստանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելը, քանի որ, ըստ նրա՝ դա տնտեսական առումով շատ շահեկան է եւ հեռանկարային: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Ղրղզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւս Հայաստանի համար կարող է շահավետ լինել, քանի որ նոր՝ 6 միլիոնանոց շուկա է բացվելու հայ արտադրողի առջեւ: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը եղել է ճիշտ ժամանակին եւ այն, հաշվի առնելով մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները՝ արդարացված է: Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերություններն իր ռազմավարական գործընկերոջ եւ ԵՏՄ մյուս անդամների հետ՝ միեւնույն ժամանակ շարունակելով հարաբերությունները եվրոպական կառույցների հետ:

Խորհրդարանը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման- բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացմամբ հաջորդիվ քննարկել է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության՝ »Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Այս համատեքստում խորհրդարանը քննարկել է նաեւ 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի եւ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների եւ անցումային դրույթների մասին» արձանագրությունը:

Այս արձանագրության վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Արձանագրության քննարկումը կշարունակվի հունիսի 16-ին:


15.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 15-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավ...