Տպել
15.06.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Հունիսի 15-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել միայն կառավարության կողմից ստանձնվող պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները:

Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի? փաստաթղթով Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 25 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 52 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` մասնավորապես բարելավելու էլեկտրահաղորդման ցանցի եւ համակարգի կառավարման հուսալիությունը:

ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: Նա նշել է, որ համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 150 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5 քմ. երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնելու նպատակով:

Հաջորդ՝ ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Համաձայնագրով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ստանալ 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկել է 2015 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին», 2015 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» եւ 2015 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի եւ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների եւ անցումային դրույթների մասին» արձանագրությունները:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը նշել է, որ նախատեսվում են ԵՏՄ մասին պայմանագրում եւ միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերում Ղրղզստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ կատարվող փոփոխություններ՝ հաշվի առնելով ՀՀ-ի միանալու առնչությամբ ԵՏՄ-ի մասին պայմանագրում եւ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում կատարված փոփոխությունները: Սահմանվում են ԵՏՄ-ի մասին պայմանագրի եւ միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի՝ Ղրղզստանի կողմից կիրառման պայմանները եւ անցումային դրույթները: Սահմանվում է նաեւ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին ՀՀ միանալու իրավական հիմքը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ ԵՏՄ-ի ընդլայնումը տնտեսական նոր հեռանկարներ կարող է բացել, ինչը դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել քննարկված երեք արձանագրությունների վերաբերյալ:



15.06.2015
Խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 15-ին՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նստաշրջանի առաջին օրը կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ: Առաջին ընդմիջման տեւողությո...