Տպել
11.06.2015
Ասուլիս խորհրդարանում
1 / 6

Հունիսի 11-ին «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման շրջանակում խորհրդարանում տեղի է ունեցել Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված մամուլի ասուլիս:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում նշել է, որ Քաղաքացիական հասարակության օրն ԱԺ-ում նշելն արդեն ավանդույթ է դարձել, ինչը հնարավորություն է տալիս շփվել հանրության հետ: «Պատգամավորի համար իր կենսունակության գլխավոր հանգամանքներից մեկը պետք է լինի հանրության հետ կապը, ինչը նոր գաղափարների ու առաջարկների ծնունդ է»,-ասել է տիկին Նաղդալյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, շնորհավորելով Քաղաքացիական հասարակության օրվա առթիվ, նշել է, որ հասարակական կազմակերպությունների միջոցով կուտակվել է մի ներուժ, որը չօգտագործելը պետական կառույցների եւ հատկապես Ազգային ժողովի կողմից մեծ շռայլություն կլինի: «Կարեւորագույն հարցերի շուրջ երբեմն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիրքորոշումները, պարզաբանումներն ու վերլուծությունները շատ անգամ ավելի խորն են, քան մասնագիտացված կազմակերպություններինը»,-նշել է Հրայր Թովմասյանը` վստահություն հայտնելով, որ կգտնվեն արդյունավետ համագործակցության եղանակներ, որոնց արդյունքներն երկար չեն սպասեցնի:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Արփինե Հակոբյանի համար էլ սա մի հարթակ է, որտեղ ՀԿ-ների ներկայացուցիչները ոչ միայն հանդես են գալիս առաջարկներով, այլ նաեւ միասին քննարկում այն օրենսդրական առաջարկները, որոնք հետագայում համագործակցության առիթ են դառնալու:

Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի ղեկավար Շոն ՄակՆելլին կարեւորել է քաղաքացիական հասարակության դերը հանրության շրջանում եւ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահին ու աշխատակազմի ղեկավարին` արդյունավետ համագործակցության համար: