Տպել
11.06.2015
Հանդիպումներ խորհրդարանում
1 / 6

Հունիսի 11-ին չորսօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիի, խմբի անդամներ Ռոբերտ Բեգլարյանի, Կարեն Խանլարիի, Յունաթան Բեթ Քելիայի, Ղասեմ Ահմադի Լաշեքի եւ Շահլա Միր Գոլավի Բայաթիի հետ հանդիպել են Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբի անդամներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը եւ Վոլոդյա Բադալյանը:

Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է եղբայրական երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու սերտացումը՝ նշելով, որ այդ հարցում էական դերակատարություն կարող են ունենալ երկու խորհրդարանների բարեկամական խմբերը: Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ վշտակցության համար: Այդ համատեքստում նա կարեւորել է ցեղասպանությունների դատապարտման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, թե 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Ցեղասպանությունը եթե ժամանակին դատապարտվեր, հետագայում այլ ցեղասպանություններ տեղի չէին ունենա:

Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջխորհրդարանական համագործակցության պլատֆորմ, որով աշխարհի խորհրդարաններին կոչ է արվում իրենց խորհրդարաններում եւս ստեղծել նման պլատֆորմներ, նկատի ունենալով, որ խորհրդարանները կարող են դերակատարություն ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում: Վահրամ Բաղդասարյանը հույս է հայտնել, որ Իրանը եւս կմիանա նախաձեռնությանը:

Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Զաքարյանն իրենց խոսքում անհրաժեշտ են համարել փոխգործակցության ամրապնդումը բարեկամական խմբերի եւ հանձնաժողովների համագործակցության ձեւաչափով, անհրաժեշտ համարել փոխայցերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին, կարեւորել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը, բարեկամ ժողովուրդների փոխճանաչումն ու շփումները:

Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդին եւս անհրաժեշտ է համարել տարբեր մակարդակներում փոխշփումների ակտիվացումը եւ հույս հայտնել, որ բարեկամական խմբերն ակտիվ մասնակցություն կունենան այդ հարցում: ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Ալի Քաիդին նշել է ԻԻՀ-ն հավասակաշռված դիրքորոշումը եւ հույս հայտնել, որ այն կկարգավորվի բանակցային ճանապարհով եւ միջազգային չափանիշներին համապատասխան:

Ալի Քաիդին հայ գործընկերներին տեղեկացրել է ԻԻՀ նշանակալի ձեռքբերումների մասին առողջապահության եւ նանոտեխնոլոգիաների ոլորտներում: Նա հայ գործընկերներին հրավիրել է Իրան՝ տեղում ծանոթանալու թե՛ ձեռքբերումներին, թե՛ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր:

Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամներ Արմեն Ռուստամյանը, Մհեր Շահգելդյանն ու Շիրակ Թորոսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Խոսելով երկկողմ հարաբերություններից՝ Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ բնականոն զարգանում են Հայաստան-Իրան փոխշահավետ հարաբերությունները, ինչը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Հանձնաժողովի նախագահը գոհունակություն է հայտնել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշման կապակցությամբ, որը նպաստում է տարածաշրջանի հավասարակշռության եւ կայունության պահպանմանը:

Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերություններից՝ Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացումը՝ մասնավորապես կառուցվող Հյուսիս-Հարավ ճանապարհը կնպաստի երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այն կարող է նաեւ հնարավորություն ստեղծել Իրանի եւ ԵՏՄ շուկայի համագործակցության համար: Հայ խորհրդարանականները Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխշահավետ համագործակցության կարեւոր ուղղություն են համարել նաեւ Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը, ինչը կխթանի տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջեւ թե՛ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, թե՛ միջկառավարական համագործակցության զարգացումը: Կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարանների աջակցությունը՝ փոխադարձ մշակութային, տնտեսական, էներգետիկ եւ քաղաքական հարաբերությունների առաջընթացը, որն ունի անցյալի վրա հիմնված փոխկապակցված ամուր հիմքեր: Պատգամավորները խոսել են ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման, աշխարհում առկա կոնֆլիկտների քաղաքական լուծման տարածաշրջանին սպառնացող «իսլամական պետության» դեմ համակարգված գործողությունների իրականացման անհրաժեշտության մասին:

Հանդիպման ավարտին կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել միջխորհրդարանական այցելությունները: