National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.5.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
25.05.2015
ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 7

Մայիսի 25-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ:

«2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությամբ (հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտներ, ծախսեր եվ պակասուրդ) հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ներկայացնելով 2014 թվականին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները՝ գլխավոր գանձապետը նշել է, որ հաշվետու տարում կանխատեսված է եղել ունենալ 5.2% տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 3.4%՝ կապված արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղմամբ, փոխարժեքի արժեզրկմամբ, Ռուսաստանից փոխանցվող դրամական միջոցների կրճատման արդյունքում տնօրինվող եկամտի աճի դանդաղման ազդեցությամբ: 2014 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի իրական արտահայտությամբ 3.4%-աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Ընդ որում՝ տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների եւ գյուղատնտեսության ճյուղերը՝ համապատասխանաբար 2.2 եւ 1.5 տոկոսային կետով, իսկ շինարարությունը 0.4 տոկոսային կետով բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա: 2014 թվականի ընթացքում միջին գնաճը կազմել է 3%, 12-ամսյա գնաճը՝ 4.6%: Գործազրկության մակարդակը կազմել է 17.6%: Հաշվետու տարում միջին ամսական աշխատավարձը անվանական արտահայտությամբ աճել է 8.3 %-ով՝ կազմելով 171 հազար 298 դրամ:

2014 թվականին ծրագրային ցուցանիշների համեմատությամբ որոշակի շեղումներ են արձանագրվել նաեւ արտաքին հատվածում, մասնավորապես դանդաղել են արտահանման եւ ներմուծման աճի տեմպերը:

Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների թվային ցուցանիշներին՝ պարոն Ջանջուղազյանը նշել է, որ 2014 թվականի պետական բյուջեով, ելնելով 5.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ 1135.9 մլրդ դրամ եկամուտներ, սակայն ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է շուրջ 52.9 մլրդ դրամով (4.7%-ով) եւ կազմել շուրջ 1188.8 մլրդ դրամ, որից 1163.6 մլրդ դրամը` ներքին աղբյուրներից ստացվող եկամուտների, 25.1 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով:

Ներկայացնելով պետական բյուջեի ծախսերի թվային ցուցանիշները՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,246.4 մլրդ դրամ ծախսերի կատարում: ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրը կազմել է շուրջ 1,294.5 մլրդ դրամ: 2014 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1,101.3 մլրդ դրամ, որը կազմում է տարեկան ծրագրի 97.3%-ը:

«ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացությունը` ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Ներկայացնելով 2014 թվականի պետական բյուջեի եկամտային, ծախսային մասերն ու բյուջեի պակասուրդը` նրանք հայտնել են, որ ամրագրված ցուցանիշներն արտացոլում են պետական բյուջեի փաստացի կատարողականը:

Արթուր Ջավադյանը նաեւ ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ.վարչական ծախսերի նախահաշվի եվ կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը՝ նշելով, որ ԿԲ 2014 թ.-ի վարչական ծախսերը նախահաշվի նկատմամբ կատարվել են 97%-ով, իսկ կապիտալ ներդրումների ծրագիրը՝ 97.7%-ով:

Նույն օրը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եկամուտների ու ծախսերի կատարողականներին:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական ցուցանիշները, իսկ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն անդրադարձել են ծախսային մասի ցուցանիշներին ու իրականացված ծրագրերին:

Ոլորտների պատասխանատուները տեղեկացրել են, որ պետական բյուջեի ծախսային մասում բյուջետային ծրագրերի համար պետական մարմինների կողմից սահմանված պարտավորությունների դիմաց վճարումները կատարվել են ժամանակին եւ ամբողջությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար հաշվետու տարում ճշտված ծրագրով նախատեսված 9 մլրդ 880 մլն դրամի դիմաց արձանագրվել է 99 տոկոս կատարողական: Նախարարությունն իրականացրել է 18 ծրագիր: Հաշվետու տարում օգտագործվել են նաեւ սոցիալական փաթեթով նախատեսված միջոցներ, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցներ՝ պահուստային ֆոնդից: Նախարարությունն իրականացրել է շուրջ 9 մլրդ դրամի բյուջետային ծրագրեր, որոնց հիմնական մասը նախատեսված է եղել փրկարար ծառայության համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համար հաշվետու տարում նախատեսվել է 16,7 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 96,4 տոկոս կատարողական: Հիմնական ծախսերը նախատեսված են եղել «Ազգային անվտանգության պահպանում» բյուջետային դասակարգման դասով, ուր ճշտված ծրագիրը կազմում է 16 մլրդ 273 մլն դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 96,7 տոկոս:: Նախատեսվել են միջոցներ առողջապահության եւ կրթության բյուջետային դասակարգման բաժիններում, որոնց կատարողականները համապատասխանաբար կազմել են 89,5 տոկոս եւ 100 տոկոս:

ՀՀ ոստիկանությունն իրականացրել է 15 ծրագիր: Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանության համար նախատեսվել են լրացուցիչ միջոցներ: Ճշտված ծրագրով բյուջեն կազմել է 59,3 մլրդ դրամ՝ արձանագրելով 98,9 տոկոս կատարողական: Հիմնական հատկացումը տրամադրվել է «Հասարակական կարգի պահպանության ապահովում» բյուջետային դասակարգման դասով: Իրականացվել են նաեւ արտաբյուջետային 4 ծրագրեր:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը, որը վերաբերում էր պաշտպանության ոլորտին եւ պետական ռեզերվներին, դռնփակ էր:


25.05.2015
Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կանադա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-28-ը պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում: ...

25.05.2015
Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը. ԱԺ փոխնախագահ
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 24-ին Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am