Տպել
23.05.2015
Քննարկում խորհրդարանում
1 / 3

Մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ հանդիպում- քննարկում:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ ոստիկանության համակարգում վերջին տարիներին կատարվել են մեծածավալ բարեփոխումներ: Նա հավելել է, որ ոստիկանության համակարգում իրականացվող յուրաքանչյուր բարեփոխում  եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
  ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը տեղեկացրել է, որ ոստիկանությունը վերջին տարիներին ընտրել է խորքային եւ շրջադարձային բարեփոխումների իրականացման ուղին՝ նպատակ ունենալով որակապես փոխել ոստիկանության գործելաոճը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մակարդակը, ապահովել գործունեության թափանցիկությունը: Այդ միջոցառումների իրականացումը, ըստ Վարդան Եղիազարյանի, կհանգեցնի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությանը: Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան եւ բնակչության համընդհանուր վստահությունը վայելող ոստիկանական համակարգ:

Ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ ոստիկանությունն ակտիվորեն համագործակցել է շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ: Նրա դիտարկմամբ՝ իրականացված բարեփոխումների շնորհիվ 82 տոկոսով աճել է հանցագործություններ կատարած անձանց ինքնությունը պարզված չլինելու հետեւանքով նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործների հայտնաբերման թիվը: Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ 18 դեպքով նվազել է հանցավոր խմբերի եւ 29 դեպքով՝ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը, կտրուկ կրճատվել են նաեւ հասարակական վայրերում կատարվող հանցագործությունները, 4 տոկոսով էլ նվազել է քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը:

ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Մեհրաբյանը ներկայացրել է հասարակական կարգի պահպանման եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտներում իրականացված միջոցառումները: Նա կարեւորել է համայնքային ոստիկանության մոդելի ներդրման գործընթացը, ինչը շարունակական բնույթ է կրելու: Արդեն իսկ նկատելի են համայնքային ոստիկանության արձանագրած հաջողությունները, ինչպես նաեւ վերջինիս նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացումը: Կարեն Մեհրաբյանը կարեւորել է նաեւ «հրեշտակների գումարտակի» ստեղծումը, որն անցել է բանակցություններ վարելու հատուկ դասընթացներ: Նա խոսել է նաեւ պարեկապահակային ստորաբաժանումների արձանագրած հաջողութունների մասին:

ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանի խոսքով՝ ոստիկանության տրանսպորտային միջոցներում տեղադրված GPS տեղորոշիչ համակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ: Այժմ այն օգտագործվում է որպես պարեկային պահակախմբերի ու կենտրոնի միջեւ կապի միջոց եւ կարգախմբերի նկատմամբ վերահսկողության միջոց: Պարոն Չիլինգարյանը ներկայացրել է նաեւ օրենսդրական դաշտում եւ տրանսպորտային միջոցների հաշվառման համակարգում իրականացված բարեփոխումները: Հաշվառման-քննական ստորաբաժանումներում տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների տրամադրման համար այսուհետ գործում է մեկ պատուհանի սկզբունքը:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Մնացական Բիչախչյանն էլ ներկայացրել է իրենց ստորաբաժանման ձեռքբերումները՝ նշելով, որ 2014 թվականին լայնածավալ միջոցառումներ են իրականացվել 2012թ-ի հուլիսի 1-ից գործարկված նույնականացման քարտեր եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրային համակարգի կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին եւ քաղաքացիներին հնարավորություն տալով ստանալ ցանկացած անձնագրային ծառայությունից: Պարոն Բիչախչյանը նշել է, որ երեխայի ծնվելուց հետո ծնողն այլեւս պարտավոր չէ ներկայանալ անձնագրային ծառայություն, քանի որ երեխայի հաշվառումն այժմ կատարվում է մեխանիկորեն: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ Տիգրան Եսայանը նշել է, որ կրթահամալիրը վերջին տարիներին կապեր է հաստատել արտասահմանյան նմանատիպ հաստատությունների հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում: Այժմ կրթահամալիրն ունի վերանորոգված եւ ժամանակակից տեխնիկայով կահավորված լսարաններ, ինչպես նաեւ բանիմաց պրոֆեսորադասախոսական կազմ: Տիգրան Եսայանը ներկայացրել է նաեւ կրթահամալիրի առջեւ ծառացած խնդիրները, որոնք վերաբերում են դիմորդների թվի կտրուկ նվազմանն ու ուսանողների ցածր կրթաթոշակներին:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ խորհրդարան-ոստիկանություն գործընկերային հարաբերությունները նոր ընթացք են ստացել, եւ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ նմանատիպ քննարկումները կլինեն շարունակական: