ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Ազգային ժողով էին այցելել 33 ավագ դպրոցների աշակերտական խորհրդի նախագահներ Երեւանից եւ Արարատի մարզից: Նրանք ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին եւ հետեւել են պատգամավորների աշխատանքին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ ընդունման ընթացակարգերը, ինչպես նաեւ՝ խոսել նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւորության ու քաղաքացիական հասարակության կայացման մասին:
Տիկին Նաղդալյանը կարեւորել է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը պետության կայացման գործում: Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքի մեծ պաշար, դրսեւորել կամային հատկանիշներ ու մարդկային բարձր որակներ:
Տիկին Նաղդալյանը պատասխանել է նաեւ դպրոցականների հարցերին:
Այցի ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ: