National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
30.04.2015
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Մինչ ընդհատված հարցի քննարկումն սկսելը՝ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի աշխատանքին հետեւող Արմավիրի մարզի Դալարիկ եւ Մյասնիկյան համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին:

Խորհրդարանը շարունակել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի քննարկումը, որի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները, ովքեր անդրադարձել են ոլորտի խնդիրներին, վարկերի օգտագործման արդյունավետությանը, էլեկտրաէներգիայի սակագներին, այլընտրանքային էներգետիկայի զարգացման հնարավորություններին եւ ներկայացրել առաջարկներ:

Թեւան Պողոսյանն իր ելույթում անհրաժեշտ է համարել վարկային ռեսուսների օգտագործման վերաբերյալ տվյալների ստացումը: Ըստ նրա՝ այս նպատակով անհրաժեշտ է ունենալ օրենք: Հովհաննես Մարգարյանը նպատակահարմար է համարել այսօր իսկ սկսել ատոմային նոր էլեկտրակայանի կառուցումը: Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցողին առաջարկել է հստակ ասել, թե որքան գումար է անհրաժեշտ նախատեսված աշխատանքների իրականացման համար: Նա անհրաժեշտ չի համարել նոր ատոմակայանի կառուցումը: Հեղինե Բիշարյանը կարեւորել է ատոմային էներգետիկայի ոլորտի մասնագետների պատրաստումը եւ նրանց ներուժի օգտագործումը եւ Հայաստանում, եւ արտերկրում: Արժեւորելով քննարկվող համաձայնագիրը՝ Միքայել Մելքումյանը տնտեսության զարգացման տեսանկյունից կարեւորել է ատոմակայանի շահագործումն ու արդիականացումը, խոսել անվտանգության ապահովման վերաբերյալ: Մհեր Շահգելդյանն անհրաժեշտ է համարել Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ բլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Նա նշել է, որ չի երեւում, թե կոնկրետ որքան գումար է անհրաժեշտ դրա համար: Պարզ չէ նաեւ, թե ինչ է լինելու 10 տարի հետո 2-րդ բլոկի հետ: Իշխան Խաչատրյանը համաձայնագիրը կարեւորել է արդյունաբերության զարգացման տեսանկյունից, խոսել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վտանգավորության մասին: Նա առաջարկել է զարգացնել այլընտրանքային էներգետիկայի ոլորտը: Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթում նշել է, որ անհրաժեշտ է օրենք մշակել Հայկական ատոմակայանի վերաբերյալ՝ որպես հույժ կարեւորություն ունեցող օբյեկտ: Նա խոսել է ֆինանսական միջոցների փոշիացումից, պահանջել դրանց օգտագործման վերաբերյալ հստակ տեղեկանքներ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման հարցին, խոսել ժողովրդի կենսամակարդակի եւ արդյունաբերության վրա դրա վնասաբեր հետեւանքների մասին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է համաձայնագրին:

ՀԱԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում չկա էներգետիկ համակարգի ռազմավարություն, սպառողի շահը անտեսվում է: Խմբակցության քարտուղարի խոսքով՝ իրենք կողմ են համաձայնագրի վավերացմանը, քանի որ գիտակցում են ատոմակայանի ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արտակ Զաքարյանը: Նրա կարծիքով՝ էներգետիկ խնդիրները մեր երկրի համար մշտապես եղել են առաջնահերթ: Պատգամավորի խոսքով՝ օրենսդիր իշխանությունը կողմ է ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը եւ ֆինանսավորումը երկարաձգելու կառավարության առաջարկին:

Եզրափակիչ ելույթներով հանդես են եկել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը եւ հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

Խորհրդարանն այնուհետ քննարկել է ՀՀ նախագահի ներկայացրած 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Համաձայնագրով ռուսական կողմը հայկական կողմին տրամադրում է 270 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ՀՀ-ի տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Քննարկվող համաձայնագրի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը հարակից ելույթում ներկայացրել է Խոսրով Հարությունյանը, իսկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Շիրակ Թորոսյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ ատոմակայանը հայ ժողովրդի համար մշտապես համարվել է ռազմավարական նշանակության կարեւոր հիմնարկ: Նա անդրադարձել է վարկի արդյունավետ օգտագործման խնդիրներին, կադրային քաղաքականությանը: Տիկին Բիշարյանը, նշելով, որ իրենց խմբակցությունը կարեւորում է ատոմակայանի անվտանգ եւ բնականոն աշխատանքը, տեղեկացրել է, որ իրենք կողմ են համաձայնագրի ընդունմանը:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Միքայել Մելքումյանը նշել է, որ իրենց խմբակցությունը դեմ չէ վարկերին եւ փոխառություններին, դեմ է դրանց անարդյունավետ օգտագործմանը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու եւ անդրադարձել է վարկի օգտագործման հսկողության մեխանիզմներին:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն անդրադարձել են պատգամավորների առաջարկներին:

Այնուհետեւ քննարկվել է ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ 2014 թ. դեկտեմբերի 24-ին Երեւանում ստորագրված «ՀՀ եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Նախատեսվում է ՀՀ-ի եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցել նոր կամուրջ, որի շինարարական աշխատանքները կիրականացվեն փաստաթղթով նախատեսված պայմաններում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հարակից զեկույցում կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը նաեւ ենթակառուցվածքների մակարդակով: Նա անդրադարձել է համաձայնագրի ընդունմանը ԵՏՄ անդամակցության շրջանակում:

Ներկայացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Շիրակ Թորոսյանը նշել է, որ համաձայնագիրը ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական նշանակություն: Նա երախտիքի խոսք է ուղղել եւ Հայաստանի, եւ Վրաստանի կառավարություններին՝ հաջողված համաձայնագիր ներկայացնելու համար:

Պատգամավորներն առաջին ընթերցումով քննարկել են ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշել է, որ առաջարկվում է բարձրացնել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը՝ դարձնելով հինգ եւ տասը միլիոն դրամ՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների համար: Նշենք, որ ներկայումս սահմանված են հատուցման երկու եւ չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Առաջարկվող փոփոխությունները, ըստ հեղինակների, կհանգեցնեն ներգրավվող դրամական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում բանկերը հնարավորություն կունենան ընդլայնելու տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ կնպաստի բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյա նիստերի ընթացքում:

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


30.04.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով մայիսի 2-4-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Կարին...

30.04.2015
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ապրիլի 30-ին հյուրընկալել է Արմավիրի մարզի Մյասնիկյան եւ Դալարիկ համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտներին եւ ուսուցիչներին: Մինչ այդ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ինչպես նաեւ հետեւել պատգամավորների աշխատանք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am