National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
23.04.2015
«Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդես ԵԽԽՎ-ում
1 / 4

Ապրիլի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի համաշխարհային մամուլի անդրադարձը հայերի մասին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը, ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսը, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկին, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ղեկավարներ` Ռ. Ռուքեն (Ֆրանսիա), Մ. Նիկոլետտին (Իտալիա), Ռ. Վոլթերը (Մեծ Բրիտանիա), Մ. Մաթեու Փին (Անդորրա), ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննախը, այլ հանձնաժողովների, քաղաքական խմբերի ղեկավարներ, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Սերբիայից, Նորվեգիայից եւ այլն, ԵԽԽՎ աշխատակազմի, քարտուղարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Ստրասբուրգում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ներկաներին բացման խոսքով ողջունել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որից հետո մասնակիցները դիտել են ցուցահանդեսի նյութերը, որոնք տրամադրվել էին Հայոց ցեղասպանության թանգարանի կողմից: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ պատվիրակության եւ ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսում հարյուր տարվա հեռավորությունից եւս մեկ անգամ հնչեցվել եւ ներկայացվել է դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին ճշմարտությունը, որը, որքան էլ ոմանք ձգտում են բնութագրել այլ բառերով՝ չօգտագործելով ցեղասպանություն եզրույթը, այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ իրերը կոչում են իրենց անունով: Դրա վկայությունն է նաեւ ԵԽԽՎ շուրջ 190 անդամների կողմից ստորագրված հայտարարությունը, որը ՀՀ պատվիրակությունն այսօր արդեն պաշտոնապես հանձնել է ԵԽԽՎ գրասենյակ եւ կանոնակարգի պահանջներին համաձայն մշակվելուց հետո՝ այն կտեղադրվի ԵԽԽՎ կայքում:

Ցուցահանդեսի բացմանը ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն երախտիքի խոսք է ուղղել բոլոր այն պետություններին եւ գործընկերներին, ովքեր Հայաստանի կողքին են եւ իրենց ներկայությամբ հաստատում են, որ ոչ միայն ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլեւ դրանց իրականացման ջատագովն են:

Հերմինե Նաղդալյանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ`

«Հարգարժան տիկին նախագահ,

Վեհաժողովի մեծարգո անդամներ,

Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել տիկին Բրասերին, խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը:

Այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ ԵԽԽՎ կամարների ներքո, բացելու «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» ցուցահանդեսը, բայց ես ուզում եմ հավատալ ու հավատացնել, որ անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի՝ հայերին վերաբերող անդրադարձի մասին պատմող այս լուսանկարները սովորական ու հերթական ցուցադրություն չեն դառնալու: Այս լուսանկարներն իրականում ունեն ողբերգական ու պայթուցիկ պատմություն. դրանք 100 տարվա հեռավորությունից ներկայացնում են իմ ժողովրդի ողբերգության պատմությունը՝ երբեմն բացահայտ, երբեմն ենթատեքստով, ողբերգություն, որն առայսօր աշխարհը բաժանում է երկու մասի: Մենք երախտապարտ ենք այն միջազգային կազմակերպություններին ու այն երկրներին, որոնց խորհրդարանները 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի ջարդերն ու բռնագաղթը համարձակություն են ունեցել անվանելու իրենց իսկական անունով՝ գենոցիդ, եւ դատապարտել ու դատապարտում են ոչ միայն անցյալ դարում կատարված Ցեղասպանությունը, այլեւ մեր դարում ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, որի հիմքում նույն Ցեղասպանությունն է: Մարդու իրավունքները գերագույն արժեք հռչակած մեր ասամբլեայի անդամներն իրավունք չունեն անտեսելու մարդկանց, հանրության, ազգի ու ժողովրդի բնական իրավունքը՝ կյանքի իրավունքը, որի բռնի խախտումն է ցեղասպանությունը՝ ֆիզիկական ոչնչացումից բացի նաեւ հայրենազրկումը, ունեզրկումը եւ ինքնության դեմ ոտնձգությունը:

Ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, ովքեր այսօր այստեղ են՝ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության կողքին, որովհետեւ ձեր ներկայությունը հաստատում է, որ դուք ոչ միայն ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլեւ դրանց իրականացման ջատագովն եք: Դուք ոչ միայն խոսքով, այլեւ գործով եք պաշտպանում ձեր տեսակետները: Հարկավ, ես չեմ կարծում, որ 100-ամյա պատմություն ունեցող այս լուսանկարները հեղափոխական ազդեցություն են ունենալու, փոխելու են աշխարհընկալումն ու պատկերացումները նրանց, ովքեր պատմությանը վերաբերում են իբրեւ իրենց ամենօրյա շահերի ու նպատակների հիմնավորման ու հաստատման գործիքի, ովքեր շահարկում ու փոփոխում են պատմությունը՝ հարմարեցնելով իրենց խնդիրներին: Բայց ես հավատում եմ, որ աչքեր ունեցողները եւ տեսնել ցանկացողներն այս լուսանկարներում կտեսնեն իրական պատմությունը եւ կհասկանան նաեւ այն, ինչ չկա այս լուսանկարներում:

Մենք շնորհակալ ենք այն պետություններին, որոնք մեր ողբերգության ամենադաժան օրերին մարդասիրական հիմնադրամների, անհատ բարերարների ու պետական պաշտոնյաների մակարդակով մահից, սովից ու թրքացումից փրկել են հայ որբերին՝ հայրենիք դառնալով նրանց համար: Մենք շնորհակալ ենք սակավաթիվ, բայց պատմության էջերում իրենց անունները թողած ու չթողած թուրքերին ու քրդերին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, հակառակվել են իշխանության եւ կառավարության հրահանգներին ու փրկել հայերին՝ օգնության ձեռք մեկնելով նրանց:

Ցեղասպանության պատմությունը դաժան տարեգրություն է, որի էջերը կարդալու ուժ ու քաղաքական կամք պիտի ունենանք բոլորս: Երբ Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, գրում եւ հրատարակում է «1915. Հայոց ցեղասպանություն» վերնագրով գիրք, դա հույս է ներշնչում, որ այս ցուցահանդեսը նաեւ Թուրքիայում կարող է կայանալ, ու դա արդեն քայլ է դեպի սեփական պատմության իմացություն, որը նախեւառաջ պետք է Թուրքիայի քաղաքացիներին:

Մի քանի օր առաջ Հռոմի Պապը խոսեց հայկական ջարդերի մասին որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն եւ կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն: Սա կարեւոր ազդանշան էր:

Մեր Վեհաժողովի ավելի քան 190 անդամներ նույնպես ոգեկոչեցին Ցեղասպանությունը` միանալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի գրավոր հայտարարությանը: Մենք երախտապարտ ենք:

Այս ամենը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե որքան ժամանակ կանցնի, մենք հիշելու եւ պահանջելու ենք:

Մարդկության դեմ կատարված ոճրագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ»:


23.04.2015
Գալուստ Սահակյանը հանդիպումներ է ունեցել գլոբալ ֆորումի շրջանակում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 23-ին, շարունակելով մասնակցությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չիլիի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ տիկին Դենիսե Պասկալ Ալենդեի գլխավորած պատ...

23.04.2015
Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում
«Հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր, ֆորումի մասնակիցներ, նախ թույլ տվեք ողջունել ձեր ներկայությունն ու մասնակցությունն այս ֆորումին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ցեղասպանություն երեւույթն ընդհանրապես գոյություն չունենար: Սակայն, ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am