National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
23.04.2015
Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում
1 / 7

«Հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր, ֆորումի մասնակիցներ, նախ թույլ տվեք ողջունել ձեր ներկայությունն ու մասնակցությունն այս ֆորումին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ցեղասպանություն երեւույթն ընդհանրապես գոյություն չունենար: Սակայն, ցավոք, քանի դեռ կան պետություններ, որոնց հոգեբանության ու գործելակերպի մեջ ատելությունը գերակա է հանդուրժողականության նկատմամբ, սպանդը՝ մարդու ամենակարեւոր՝ ապրելու իրավունքի՝ կյանքի նկատմամբ, քանի դեռ ժամանակակից աշխարհում չեն պակասում բռնությունն ու ուժի գործադրումը, քանի դեռ ավերվում են ընտանիքներ, մենք ստիպված ենք լինելու եւ պարտավոր ենք ցեղասպանության թեման հրատապ համարել մեր քաղաքական ու բարոյական օրակարգը ձեւավորելիս:

Հարգելի բարեկամներ, ավելի քան 100 տարի առաջ՝ 19-րդ դարի վերջում, հենց ատելությունը, ավելի հստակ՝ հայատյացությունն իրենց հոգում եւ մտքում ունենալով՝ օսմանյան իշխանությունները նախաձեռնեցին հայերի բնաջնջման, հայրենազրկման եւ ունեզրկման քաղաքականություն, որի ողբերգական բարձրակետը դարձավ 20-րդ դարասկզբի՝ 1915 թվականի ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Այն նպատակային հարված էր իր պատմական բնօրրանում ապրող ժողովրդի արմատներին ու պտուղներին, ընձյուղներին ու հասունացած բերքին, որի վերջնակետը պետք է լիներ հայկական հետքն իսպառ ջնջելը ոչ միայն աշխարհագրական, այլեւ պատմական տարածքից: Սակայն մեր գենի, տոկունության, ապրելու եւ վերապրելու կամքի շնորհիվ կարողացանք պահպանել մեր արմատն ու ոչ միայն չկորցնել մեր հետքը, այլեւ ավելի ամուր կանգնել հողին եւ ապրել, արարել՝ հիշելով, պահանջելով, կորցրած հայրենիքի տեսլականից երբեք չհրաժարվելով:

Հարգելի բարեկամներ, Օսմանյան կայսրության այլատյացությունն այնքան էր մթագնել այդ ժամանակվա իշխանության գիտակցությունը, որ հայատյացությունը վերաճեց ծավալուն այլատյացության: Ցեղասպանության ծավալներն ընդարձակվեցին՝ հասնելով Օսմանյան Թուրքիային բռնակցված, իրականում, սեփական տարածքներում ապրող մյուս ժողովուրդներին՝ հույներին, ասորիներին եւ այլոց:

20-րդ դարի առաջին՝ հայերի դեմ իրագործված Ցեղասպանությունը, հանցանք էր մարդկության հանդեպ, սակայն այն տեղի ունեցավ, նույն մարդկության աչքի առաջ, ամենատես, ու, դժբախտաբար, միեւնույն ժամանակ, ամենաթող աչքի առաջ, մարդկություն, որն առայսօր կրում է Ցեղասպանության ցավի բեռը՝ ապահովագրված չլինելով նոր ցեղասպանություններից: Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ու դատապարտման միջազգային արձագանքների ու գործողությունների հաճախականության մեծացման հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ ցեղասպանություն երեւույթի դեմ պայքարն առայժմ այնքան էլ արդյունավետ չէ, որովհետեւ քաղաքականությունը շարունակում է գերակա գտնվել քաղաքակրթության, քաղաքական շահը՝ բարոյական շահի, ժխտողականությունը՝ ապաշխարանքի նկատմամբ: Մինչդեռ արժեհամակարգը, որը դավանում է առաջադեմ մարդկությունը եւ որին այդպես էլ չի ուզում հասու դառնալ Թուրքիան իր անցյալի ու ներկայի պատմական ու բարոյական հանցավոր բեռով, բռնություն ու սպանություն, կյանքի եւ հայրենիքի հանդեպ ոտնձգություն չի քարոզում: Ցեղասպանության ժխտողականությունը նշանակում է նոր ցեղասպանություն, նոր բռնություն, նշանակում է պատերազմ ու մարդկային կորուստ, նշանակում է, որ, ինչպես Շեքսպիրի Համլետն էր ասում. «Ժամանակն իրոք իր շավղից դուրս է եկել» : Եւ այս պարագայում խորհրդարաններն իսկապես մեծ անելիք ունեն այդ ամենը շտկելու համար, վերադարձնելու դեմքը, որը ոմանք կորցրել են 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ իրենց լռությամբ, դատապարտելու այն հանցագործին, ով իրագործել է Հայոց ցեղասպանությունը, որը, ցավոք, հետագայում հանցավոր նախադեպ դարձավ եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ այսօր, երբ թվում է, թե մարդկությունն ավելի քաղաքակիրթ պիտի դառնար:

Հարգելի բարեկամներ, այսօր Հայոց ցեղասպանության փաստն ընդունել ու ճանաչել են բազմաթիվ երկրներ, եւ այդ գործընթացում հիմնական ու առանցքային դերը կատարել ու կատարում են հենց խորհրդարանները: Մի քանի երկրներում՝ Շվեյցարիայում, Սլովակիայում, Հունաստանում, Կիպրոսում, խորհրդարանները նաեւ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող համապատասխան իրավական ակտեր են ընդունել, ինչը նշանակում է Ցեղասպանության դատապարտման, Ցեղասպանության դեմ պայքարի նոր մակարդակ, Ցեղասպանության փաստի ու երեւույթի ավելի խորն ընկալում եւ ավելի մեծ պատասխանատվության զգացում մարդկության ապագայի հանդեպ: Միաժամանակ, սա նշանակում է, որ ցեղասպանություն երեւույթի եւ Ցեղասպանության ժխտողականության դրոշակակիր Թուրքիան աստիճանաբար մոտենում է մի սահմանագծի, որից այն կողմ կամ Նյուրնբերգյան դատավարությունն է կամ ապաշխարությունը: Նյուրնբերգում դատաստանն արդար էր, դատավճիռը՝ ընդունելի, այնքան, որ Նյուրնբերգյան դատավարությունն անվանում են նաեւ պատմության դատաստան: Մինչդեռ Նյուրնբերգից եւ այն ամենից, ինչում մեղադրվում էին նացիստները, ընդամենը շուրջ երեք տասնամյակ առաջ, նույն մարդկության ու պատմության հայացքի ներքո տեղի ունեցավ մարդկության դեմ ուղղված անհամեմատ դաժան մի հանցագործություն՝ Հայոց ցեղասպանությունը, որն առայսօր սպասում է իր արդար դատին: Մի քանի տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դեր Զորում՝ այն վայրում, որտեղ 1915 թվականին Ցեղասպանության հետեւանքով կյանքից զրկվեցին բազմաթիվ հայեր,հարց հնչեցրեց, որը ցայսօր ունի բազմաթիվ հասցեատերեր. «Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»:

Այս հարցը հռետորական չէ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առավել քան երբեւէ պատասխան է պահանջում, գործնական պատասխան, պատասխան ու ապաշխարում նախ եւ առաջ Թուրքիայից, ճանաչում եւ դատապարտում՝ միջազգային հանրությունից, այլապես...

«Այլապես»-ի վկայությունը այն էր, ինչ տեղի ունեցավ նույն Դեր Զորում, երբ Սրբոց Նահատակաց եկեղեցու մասունքները դարձան ցեղասպանության մեկ այլ դրսեւորման վկաներ. Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցվեց: «Այլապես»-ի վկայությունն այն ցեղասպանություններն են, որոնք, թեկուզեւ ժամանակային զգալի տարբերությամբ, հաջորդել են Հայոց ցեղասպանությանը: Եթե Թուրքիայի արձագանքը հանցավոր լռությունն է, հանցակցի լռությունը, հանցագործությանն աջակցողի լռությունը՝ ի դեմս ժխտողականության, ապա քաղաքակիրթ աշխարհը, այն աշխարհը, որից Թուրքիան իրեն դեռեւս հեռու է պահում, իրավունք չունի լռել, դրանով իսկ հայտնվել ժխտողականությանն ակամա հավանություն տվողի դերում:

Հարգելի բարեկամներ, ես համոզված եմ, որ բոլորը դեմ են թե ժխտողականությանը, թե ցեղասպանություններին եւ թե բռնության ցանկացած դրսեւորման: Խորհրդարանը մի հարթակ է, որտեղ հնարավոր է ավելի ազատ ու անկաշկանդ արտահայտել այն, ինչ մտածում է քաղաքական գործիչը, ընտրությունների միջոցով պետության դեմքը ներկայացնելու հնարավորություն ստացած քաղաքացին, անկախ իր ազգությունից ու երկրից: Առիթից օգտվելով՝ ոչ միայն ուզում եմ շնորհակալություն հայտնել հատկապես իմ այն գործընկերներին, որոնց երկրները նաեւ նրանց անմիջական մասնակցությամբ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, այլեւ կոչ անել աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ գործնական պայքար ծավալել ցեղասպանության երեույթի դեմ, քրեականացնել դրա ժխտումը՝ դրանով իսկ պարտադրված ապաշխարանքի մղելով այն երկրին, որը կամք ու խիզախություն չունի ուղիղ նայելու ճշմարտության աչքերին: Սա ժամանակի, համամարդկային արժեքների, բարոյականության պահանջն է, որ առնվազն 100 տարի առկախված է օդում:

Հարգելի գործընկերներ, օրերս Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինն ի լուր ոչ միայն ողջ քրիստոնյա աշխարհի, այլեւ ի լուր համայն մարդկության բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին, ըստ էության, յուրովի հանրագումարելով գործողություններն ու ջանքերն ընդդեմ ցեղասպանությունների, առաջնորդվելով հենց համամարդկային արժեքներով: Իր արժանապատիվ եւ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում բեկումնային ազդեցություն ունեցող խոսքով նա կատարեց հիմնարկեքն արդարության եւ ճշմարտության այն տաճարի, որտեղ ապաշխարելն անհրաժեշտություն է բոլոր նրանց համար, ովքեր, Հայոց ցեղասպանությունը ժխտելով, անհանդուրժողականություն քարոզելով եւ բռնություն իրականացնելու միջոցով, իրենց դուրս են դնում ցեղասպանությունների կանխարգելման գործընթացից:

Հայոց ցեղասպանության պատմությունը ոչ միայն սեւ էջ է մեր ժողովրդի ու համայն մարդկության պատմության մեջ, այլեւ դասագիրք է մարդկության համար, դասագիրք այն մասին, թե ինչ է եղել, եւ ինչ չպետք է լինի, ինչ է այլատյացությունը, եւ ինչպիսին են դրա հետեւանքները, ինչպիսին կարող է լինել մարդը, եւ ինչպիսին չպետք է լինի: Այն դասագիրք է սեւ էջերով, սակայն դրանում կան նաեւ սպիտակ էջեր, որոնք ժամանակակից մարդկությունն ինքը պետք է լրացնի ցեղասպանությունների եւ ժխտողականության դեմ պայքարի միջոցով: Այդ էջերը պետք է լրացվեն այնպես, որ այլեւս երբեք նման սեւ գրքեր չլինեն, պետք է լրացվեն ի հիշատակ 100 տարի առաջ ցեղասպանված եւ հայրենազրկված միլիոնավոր հայերի, ի հիշատակ հույների եւ ասորիների, ի հիշատակ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների զոհերի, ի հիշատակ այսօր բռնությունների եւ անհանդուրժողականության, այլատյացության հետեւանքով ընդհատվող մարդկային կյանքերի, ավերվող բնակավայրերի, խաթարվող ճակատագրերի»:



23.04.2015
Գալուստ Սահակյանը հանդիպումներ է ունեցել գլոբալ ֆորումի շրջանակում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 23-ին, շարունակելով մասնակցությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չիլիի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ տիկին Դենիսե Պասկալ Ալենդեի գլխավորած պատ...

23.04.2015
«Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդես ԵԽԽՎ-ում
Ապրիլի 22-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի համաշխարհային մամուլի անդրադարձը հայերի մասին: Ցուցահանդեսի բ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am