Տպել
20.04.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ապրիլի 20-ին հանդիպել է «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանի, ՌԴ-ի Կամչատկայի մարզի պատգամավոր Ռաշիդ Շամոյանի, Քրդստանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի անդամ Շեխ Շամո Շեխոյի, «Ամբողջ աշխարհի եզդիների օգնության ֆոնդի» նախագահ Լյուսյա Ուսոյանի եւ Շանգալի նահանգապետ Մայսար Խաջի Սալիխի հետ:

Հյուրերը նշել են, որ եկել են Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաեւ նշել են, որ եթե ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, միգուցե այսօր տեղի չունենար եզդիների ցեղասպանությունը:

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ Շիրակ Թորոսյանը երախտագիտություն է հայտնել իրաքցի եզդիներին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Պատգամավորը շնորհակալություն է հայտնել վաղը եզդիների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման կապակցությամբ: Ըստ Շիրակ Թորոսյանի՝ հայերը եւ եզդիները հազարամյա բարեկամներ են, անցել են նույն դժվարությունների միջով եւ ունեցել են նույն պատմական խնդիրները: «Հայ ժողովրդի եւ հայոց պետության ամենադժվարին պահերին եզդիները եղել են մեր կողքին, մասնակցել են արցախյան ազատամարտին»,-ասել է ԱԺ պատգամավորը: Բանախոսը ուրախությամբ փաստել է այն հանգամանքը, որ եզդի ժողովրդի մի հատվածի համար Հայաստանը եղել է հայրենիք եւ այսօր էլ այն շարունակում է լինել: Նշվել է, որ այսօր ավելի քան 30 հազար եզդիներ են ապրում Հայաստանում, ովքեր իրենց լավ վարքագծով վայելում են հայ ժողովրդի սերն ու հարգանքը:

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ հայ ժողովուրդը տեղյակ է եւ կիսում է եզդի ժողովրդի ցավը՝ կապված ահաբեկչական կազմավորումների կողմից Իրաքի եզդի ժողովրդի նկատմամբ կիրառված դաժան ու բարբարոս վերաբերմունքի հետ: Այս համատեքստում պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանը եզդի ժողովրդի կողքին է եւ որպես ցեղասպանված ժողովուրդ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել՝ կանխելու այլ ցեղասպանություններ:

Հյուրերը կարծիք են հայտնել, որ Երեւանում բացվող հուշարձանը եւս մեկ անգամ վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին: Նշենք, որ հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: