National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.4.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
03.04.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ապրիլի 2-ին ելույթ է ունեցել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում: Ելույթում ասված է.

«Հարգարժա՛ն նախագահ Օմիրու, հարգարժա՛ն պարոն Մահտեսյան, հարգելի՛ պատգամավորներ, սիրելի՛ կիպրացիներ:

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Յանակիս Օմիրուին Կիպրոսի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաեւ Հայաստանի համար եղբայրական ժողովրդի եւ ավանդական բարեկամ պետության խորհրդարանում ելույթով հանդես գալու պատվին արժանանալու համար:

Ես ժամանել եմ մի երկիր, որը դարեր շարունակ Հայաստանի նկատմամբ իր եղբայրական վերաբերմունքն է ցուցաբերել: Այս հանգամանքը մեծապես պայմանավորված է պատմական ընդհանրություններով, մեր գրեթե նույն ճակատագրերով:

Հայաստանի եւ Կիպրոսի բարեկամությունը խարսխված է ոչ միայն հարուստ պատմական, մշակութային կապերի, այլեւ մեր ժողովուրդների միջեւ հաստատված փոխըմբռնման ու փոխվստահության, ընդհանուր արժեհամակարգի, փոխադարձ հարգանքի ու համակրանքի վրա. արդյունքը հայ-կիպրական ամուր բարեկամությունն է:

Կիպրոսի հայությունը սփյուռքի ամենահին եւ ավանդական համայնքներից է, որը, ըստ տարբեր աղբյուրների, սկսել է ձեւավորվել դեռեւս 12-րդ դարում: Սովորական բառերը թերեւս ի զորու չեն նկարագրել, թե ինչ փորձությունների միջով է անցել հայ ժողովուրդն Օսմանյան կայսրության տիրապետության օրոք: Կիպրոսի ժողովուրդը դա շատ լավ գիտե. մեզ վիճակված է եղել կիսել պատմության այդ դառն ու դաժան էջը: Միջերկրական ծովի ափին գտնվող մի երկրում հայերի նկատմամբ պետականորեն ցեղասպանություն ու բռնի տեղահանություն էր իրականացվում, իսկ նույն ծովի մյուս ափին գտնվող մեկ այլ երկիր գրկաբաց ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին: Այսօր այդ գաղթականների սերունդները հնարավորություն ունեն ապրելու եւ արարելու ազատ՝ առանց իրենց ազգային ինքնությունն ու ծագումը թաքցնելու: Իմ հայրենակիցները՝ որպես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիներ, լիովին ինտեգրված են այս երկրի հասարակությանը, ակտիվ մասնակցություն, ինչպես նաեւ կառուցողական դերակատարում եւ ներդրում ունեն իրենց երկրորդ հայրենիքի՝  Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում:

Խոնարհվում եմ կիպրացի ժողովրդի առջեւ Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին ապաստան, նոր կյանքի հնարավորություն եւ նոր հայրենիք տալու համար:

Այսօր ես պատիվ ունեմ ելույթով հանդես գալու մի խորհրդարանում, որն աշխարհում առաջիններից, իսկ Եվրոպայում՝ առաջինը, դեռեւս 1975 թվականին, ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը՝  պահանջելով պատմական արդարության վերականգնում: Մենք բարեկամներ ենք ոչ միայն այսօրվա փոխհարաբերություններով, այլեւ ճակատագրով: Ցավոք, այդ նմանությունը նաեւ տխուր հիշողությունների ու պատմական անարդարության հետ է կապված:

Ձե՛րդ գերազանցություն պարոն Օմիրու, հարգելի՛ պատգամավորներ:

Ինչպես գիտեք, 2015 թվականին լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի ընդունման համար:

Սիրելի՛ բարեկամներ, ձեր կողմից այդ բանաձեւի ընդունումը ամրագրում է հստակ ոչը համամարդկային ամոթի խարան դարձած այլատյացության, ռասիզմի եւ խտրականության հանդեպ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլեւ ֆաշիզմի եւ անհանդուրժողականության ցայտուն դրսեւորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Նման սարսափելի հանցագործության կրկնության, կանխարգելման կարեւորագույն գործոններից մեկը մարդկության դեմ արդեն կատարված հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումն է: Փոխվստահության եւ համերաշխության նույն ոգին, որ դարեր շարունակ միավորել է հայ եւ հույն ժողովուրդներին, պետք է համախմբի մեզ բաժին հասած ընդհանուր ողբերգության: Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, պատմական արդարության վերականգնման, ինչպես նաեւ նման ոճրագործությունների հետագա կանխարգելման գործում:

Այս համոզմունքով սույն թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է: Մենք երախտապարտ ենք Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նորին գերազանցություն Նիկոս Անաստասիադիսին 2015 թվականին նախատեսվող Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին մասնակցելու վճռականության համար: Մեծարգո Նախագահ Անաստասիադիսի գլխավորած պատվիրակության ներկայությունը կլինի Կիպրոսի՝ համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության, ինչպես նաեւ Կիպրոսում ամուր արմատներ ձգած հայ համայնքի նկատմամբ մեծագույն հարգանքի ամենախոսուն վկայությունը:

Սիրելի՛ բարեկամներ, ճակատագիրը մշտապես փորձությունների է ենթարկել մեր երկու ժողովուրդներին՝  նրանց անընդհատ պարտադրելով ապացուցել ապրելու կամքն ու կարողությունը: Մեզ ճակատագրի բերումով բաժին հասած փորձությունների պատճառը նույն երկիրն է, որը 20-րդ դարասկզբին հայության ու մարդկության դեմ կատարած մեղսագործությունը շարունակել է 1974-ին՝ բռնությամբ զավթելով Կիպրոսի հողերը: Հայաստանը երբեք չի ընդունել եւ չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որեւէ փորձ: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի եւ Թուրքիայի կողմից բռնազավթված այլ տարածքների մասին:

Հայաստանը բարձր է գնահատում կիպրական հիմնախնդրի լուծմանն ուղղված Կիպրոսի Հանրապետության կառուցողական մոտեցումը: Ցավում ենք, որ Կիպրոսի Հանրապետության ղեկավարության խոհեմ քաղաքականությանն ի պատասխան՝ Թուրքիան որդեգրեց խիստ ապակառուցողական մոտեցում եւ իր սադրիչ քայլերով խաթարեց Կիպրոսի հիմնահարցի լուծմանն ուղղված վերջին փուլի ընթացքը: Մենք քաջատեղյակ ենք Թուրքիայի կառավարության այդ գործելաոճին եւ մեր մաշկի վրա զգալով նման հարեւանի հետ հարաբերվելու դժվարությունները՝ առավել քան հասկանում ենք ձեզ: Ցավոք, Թուրքիան մինչ օրս շարունակում է սրել իրավիճակը Կիպրոսի հանդեպ իր ագրեսիվ գործողություններով եւ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներով՝ ապակայունացնելով ողջ տարածաշրջանը: Մենք դատապարտում ենք թուրքական կողմի անօրինական, բարբարոսական, սադրիչ գործողություններն ու ոտնձգությունները Կիպրոսի Բացառիկ տնտեսական գոտում: Կիպրոսի հիմնահարցում Հայաստանը մշտապես աջակցել եւ աջակցելու է, սատարել եւ սատարելու է Կիպրոսին՝ հանուն եղբայրական երկրի վերամիավորման, հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն խաղաղ կարգավորման եւ խնդրի արդարացի լուծման:

Հարգելի՛ գործընկերներ, հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են իրենց փոխըմբռնման եւ փոխվստահության բարձր մակարդակով: Հայաստանի եւ Կիպրոսի համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել: Հայ-կիպրական միջպետական հարաբերություններն ունեն հատուկ բովանդակություն եւ որակ մեր երկրների միջեւ սերտ պատմական կապերի ու ամուր բարեկամության շնորհիվ: Այստեղ հատկապես ցանկանում եմ առանձնացնել կիպրահայ համայնքի նշանակալի ավանդն ու ներդրումը միջպետական համագործակցության ամրապնդման գործում:

Հարգելի՛ գործընկերներ, մենք, մեզ համարելով եվրոպական արժեքների կրող եւ եվրոպական ընտանիքի մաս, մեր արտաքին հարաբերութուններում մեր հարեւանների հետ այդ գիտակցությամբ ենք առաջնորդվում: Խնդիրները փորձում ենք կարգավորել երկխոսությամբ եւ բանակցություններով: Թուրքիան պետք է գիտակցի եւ գնահատի նույն այդ արժեքների կարեւորությունը:

Արդեն մոտ վեց տարի է անցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետեւողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների աղավաղումները եւ նախապայմանների շարունակաբար արծարծումը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ: Ցավոք, Անկարան իր ոչ կառուցողական կեցվածքով ձախողեց միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Թուրքիայի առջեւ դեռեւս շարունակում են ծառացած մնալ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու՝ ապօրինի շրջափակումը վերացնելու, եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մարտահրավերները:

Հարգելի՛ պատգամավորներ, մենք ապրում ենք չափազանց բարդ ժամանակաշրջանում՝ լի մարտահրավերներով եւ փորձություններով: Թեեւ հանգամանքները տարբեր են եւ մշտափոխ, բայց յուրաքանչյուր պետության կենսունակության բանաձեւը մեկն է՝ ապահովել իր բնակչության անվտանգությունը:

Այս առումով կցանկանայի անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը՝ Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել եւ մնում համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս ձեւաչափը չունի այլընտրանք, եւ սա է մեր սկզբունքային դիրքորոշումը: Ցավոք, վերջին մեկ տարում Ադրբեջանը լրջորեն սրել է իրավիճակը` մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը եւ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ: Բաքվի արկածախնդրությունները պատճառ են հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար:

Հարգելի՛ գործընկերներ, մեզ համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը միջազգային կառույցների հարթակներում, որտեղ մենք մշտապես զգում ենք կիպրացի մեր գործընկերների աջակցությունը: Այս առումով չեմ կարող չհիշատակել ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունների օրինակելի համագործակցությունը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավորներին, որոնց գործունեությունը մեծապես նպաստում է Հայաստան -Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը:

Սիրելի՛ բարեկամներ, այսօր մենք պարտավոր ենք բազմապատկել մեր ջանքերը եւ միասնական դիրքորոշումներով ու փոխաջակցությամբ մեր երկու եղբայրական երկրների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին? Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի հիմնահարցերին, արդարացի լուծում տալու եւ խաղաղությունն ապահովելու նպատակով:

Հարգելի՛ բարեկամներ, Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ բարեկամական ակունքները վաղեմի են, հիմքերն էլ՝ ամուր: Համոզված եմ, որ ընդհանուր ջանքերով եւ սերտ համագործակցությամբ, մենք կարող ենք ապահովել մեր եղբայրական երկու պետությունների կայուն եւ բարեկեցիկ ապագան: Վստահ եմ՝ մենք դեռ միասին հազարամյակների պատմություն ենք կերտելու:

Կեցցե՛  Կիպրոսը:

Կեցցե՛  Հայաստանը:

Կեցցե՛  հայ - կիպրական դարավոր բարեկամությունը»:


03.04.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Ապրիլի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 7-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ յոթ...

03.04.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Ապրիլի 3-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում երկրորդ ընթեցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Հուղարկավորո...

03.04.2015
Հանդիպում ԲՀԿ խմբակցությունում
Ապրիլի 3-ին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ ավագանու կին անդամները, Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ կին ներկայացուցիչները հանդիպել են գենդերային հարցերով ԵԱՀԿ փորձագետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության նախկին պետնախարար, կանանց եւ իրավահավասարության հարցերով նախկին նախարար Մ...

03.04.2015
Եզդիական համայնքի ներկայացուցիչները խորհրդարանում
Ապրիլի 3-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը Հայաստանի եզդիական համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում եզդիական համայնքի ներկայացուցիչները խմբակցության անդամներին են ներկայացրել փաստեր եւ վավերագրեր եզդիների հանդեպ Օսմանյ...

03.04.2015
Կիպրոսում թողարկվել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշը
Ապրիլի 2-ին Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է «Կիպրոս-Հայաստան» միացյալ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությանը: Դրոշմանիշը թողարկվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Միացյալ դրոշմանիշի թողարկումը արտացոլում է դարերով կապված երկո...

03.04.2015
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Կիպրոսի Նախագահը
Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը ապրիլի 2-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Գալուստ Սահակյանն իր խոսքում կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խթանումը մշակութային եւ գիտակրթական ոլորտ...

03.04.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Յանակիս Օմիրուի հետ
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: ԱԺ նախագահի գլխ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am