Տպել
02.04.2015
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող Միքայել Մելքումյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Հիշեցնենք, որ գործող օրենքով սահմանված են հատուցման երկու եւ չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր? համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծով առաջարկվում է երկու անգամ բարձրացնել գործող սահմանաչափերը, ինչպես նաեւ փոփոխել ավանդների հատուցման գործող կարգը այն դեպքում, երբ ֆիզիկական անձն անվճարունակ ճանաչված բանկում ունի եւ՛ դրամային, եւ՛ արտարժութային ավանդ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն ներգրավվող դրամական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում բանկերը հնարավորություն կունենան ընդլայնելու տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ համապատասխանաբար դրական ազդեցություն կունենա երկրի ներդրումային ակտիվության վրա:

Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել՝ ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ համաձայնագրի նպատակն է ՀՀ եւ Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբետ գետի վրա կառուցել նոր կամուրջ, որի շինարարական աշխատանքները կիրականացվեն վերոնշյալ փաստաթղթով նախատեսված պայմաններով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է ՀՀ եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը ՀՀ-ին կտրամադրի 7 մլն 250 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ՝ 25 տարի ժամկետով եւ 231 հազար հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով դրամաշնորհ: Ֆինանսավորվող ծրագրի շահառուներն են այն անհատ եւ գյուղացիական տնտեսությունները, որոնք զբաղվելով գյուղատնտեսությամբ՝ օգտվում են ոռոգման հին կամ ոչ արդյունավետ համակարգերից:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկատվություն է ներկայացրել հանձնաժողովի եւ միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին աջակցման ծրագրի միջեւ համագործակցության մասին:


02.04.2015
Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
Ապրիլի 2-ին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Տիկին Զոհրաբյանը դեսպանին ներկայացրել է հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններն ու գործընթացները՝ նշելով, որ կուսակցությունը շարունակելու է այն կարեւոր քաղաքա...

02.04.2015
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում
Կիպրոսի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այցի առաջին օրը՝ ապրիլի 1-ին, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայում գտնվող Հայոց ցե...