National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.3.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
26.03.2015
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 3

Մարտի 26-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսներին ու ուսանողներին:

Քննարկվել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը

Խորհրդարանը շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: Հարցի վերաբերյալ պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց տեսակետները:

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ հնարավոր չէ հանձնաժողովի գործունեությամբ ամբողջապես լուծել մրցակցության խնդիրը մեր երկրում: Նրա կարծիքով՝ մրցակցային միջավայրի բարելավման համար անհրաժեշտ է քաղաքական որոշում: Վարդան Այվազյանը դրական է որակել մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված քայլերը: Նրա խոսքով, սակայն, դեռեւս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք հանձնաժողովը քննարկի եւ գտնի դրանց լուծման ուղիները: Հրանտ Բագրատյանն, անդրադառնալով ՏՄՊՊՀ գործունեությանը, նկատել է, որ մրցակցությունն ու հարկատուների թիվը մեր երկրում նվազել է: Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ մրցակցային իրավիճակը կարեւոր խնդիր է տնտեսության զարգացման համար: Անդրադառնալով գնագոյացման քաղաքականությանը՝ պատգամավորը նշել է, որ շատ կարեւոր է տնտեսական ազատ մրցակցության ապահովումը: Թեւան Պողոսյանը, անդրադառնալով ՏՄՊՊՀ ծրագրին, նշել է, որ այն կարծես 2014 թվականի գործունեության հաշվետվությունն է: Պատգամավորին հետաքրքրել է բանկային ոլորտում առկա վիճակը եւ թե ինչ ծավալի օրենսդրական փոփոխություններ են լինելու Հայաստանի ՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Նիկոլ Փաշինյանը խոսել է մենաշնորհային քաղաքականությունից, անդրադարձել փոքր եւ միջին բիզնեսի վիճակին: Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ երկրի տնտեսության վիճակը պետք է մանրամասն վերլուծության ենթարկվեր: Պատգամավորը մասնավորապես խոսել է մենաշնորհային քաղաքականությունից, անդրադարձել համախառն ներքին արդյունքին եւ առեւտրաշրջանառությանը: Ստեփան Մարգարյանը նշել է, որ տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար մեր երկրում պետք է ստեղծել հավասար պայմաններ: Այն խնդիրները, որ առկա են, ըստ նրա, հանձնաժողովն ի վիճակի չէ ամբողջապես լուծել: Իշխան Խաչատրյանն, անդրադառնալով ՏՄՊՊՀ 2015 թվականի ծրագրին, նշել է, որ այն կարեւոր դեր ունի տնտեսական ոլորտում խնդիրների լուծման համար:

Ծրագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Հեղինե Բիշարյանը: Ըստ խմբակցության ղեկավարի՝ ծրագրի քննարկման հետ միասին լավ կլիներ նաեւ ուսումնասիրել ՏՄՊՊՀ-ի 2014 թվականի գործունեության հաշվետվությունը, ինչը հնարավորություն կընձեռեր համեմատություններ կատարել եւ հասկանալ, թե որքանով է արդյունավետ աշխատում հանձնաժողովը: Խոսելով հանձնաժողովի գործունեությունից՝ Հեղինե Բիշարյանը կարծիք է հայտնել, որ ՏՄՊՊՀ-ին անհրաժեշտ են լրացուցիչ գործիքներ եւ ամենակարեւորը` քաղաքական կամք:

ՀԱԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է հանձնաժողովի գործունեությանը, խոսել տնտեսական շուկաների վերահսկողությունից, մենաշնորհից, գերիշխող դիրքի չարաշահումներից: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ոլորտում հաջողություններ արձանագրելու իր պատկերացումները:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Միքայել Մելքումյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես փոքր տնտեսության ունեցող երկիր, որոշ չափով կախվածություն ունի համաշխարհային տնտեսությունից: Պատգամավորը խոսել է գնաճի նպատակադրման քաղաքականությունից, ինչպես նաեւ կարեւորել արդյունաբերության վերաբերյալ պետական ծրագրի մշակումը: Ըստ Միքայել Մելքումյանի՝ հանձնաժողովը Արտակ Շաբոյանի գլխավորությամբ պետք է ավելի համարձակ նախագծեր իրականացնի:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Վահրամ Բաղդասարյանը: Խմբակցության ղեկավարը, անդրադառնալով պատգամավորների քննադատական ելույթներին, նշել է, որ դրանք ուղղված են եղել ոչ թե ծրագրին, այլ անձերին: Պարոն Բաղդասարյանը ներկաներին հիշեցրել է, որ քննարկվում է խորհրդարանի կողմից ի գիտություն ընդունվող ՏՄՊՊՀ-ի ծրագիրը, այլ ոչ թե հաշվետվությունը: Խմբակցության ղեկավարը նշել է, որ ոլորտում կան խնդիրներ եւ դրանց լուծման համար պատրաստակամություն է հայտնել քննարկելու հանձնաժողովին լրացուցիչ գործառույթներ տրամադրելու հարցը:

Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող Արտակ Շաբոյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել է պարզաբանումներ, մասնավորապես շուկաների կենտրոնացվածության, շուկաներում մրցակցային իրավիճակի, արտահանման մենաշնորհների, խոշոր ընկերություններում գնագոյացման խնդիրների վերաբերյալ: Արտակ Շաբոյանը համատեղ աշխատելու եւ շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել:

Խորհրդարանը քննարկել է 12-ամյա պարտադիր կրթությանն անցնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրինագծով ամրագրվում է, որ ՀՀ-ում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Պարտադիր միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության պահանջը չի տարածվում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները եւ խմբակցությունների ներկայացուցիչները: Արամ Մանուկյանը նշել է, որ երկրորդ ընթերցման ներկայացված փաստաթղթում կատարվել են սկզբունքային բարեփոխումներ եւ օրենքի կիրառման պայմաններում հնարավոր չէ լուծել ոլորտում առկա մի շարք խնդիրներ: Ըստ Արամ Մանուկյանի՝ կրթության բնագավառում բարեփոխումներ պետք է իրականացվեն միայն բազմակողմանի ուսումնասիրություններ կատարելուց հետո: Ռուզաննա Մուրադյանը խոսել է ոլորտում իրականացվող փոփոխություններից, ուսումնական ծրագրերի բովանդակությունից: Նա առաջարկել է մեկ տարով հետաձգել օրենսդրական նախաձեռնության քննարկումը: Կարեւորելով ներկայացված նախաձեռնությունը՝ Թեւան Պողոսյանն առաջարկել է կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ գտնելու առավել ընդունելի ձեւակերպումներ: Պատգամավորն անդրադարձել է դասավանդվող առարկաների մեթոդաբանությանը, ավագ դպրոցի բովանդակությանը, մարզերում գրքերի հասանելիությանը: Էլինար Վարդանյանը դրական չի գնահատել օրենսդրական առաջարկը եւ կարեւորել է հարցի վերաբերյալ հավելյալ քննարկումների կազմակերպումը: Նա նշել է, որ քաղաքացին 18 տարեկանից չափահաս է եւ ունի աշխատանքային իրավունք, որը կարող է իրացնել, սակայն այս փոփոխությամբ դա հնարավոր չի լինի:  

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա գնահատմամբ՝ թվում է, թե ամենահեշտ ու դյուրըմբռնելի օղակն է դպրոցը, բայց այն նուրբ օրգանիզմ է: Անդրադառնալով պատգամավորների բարձրացրած հարցադրումներին եւ մտահոգություններին՝ նա նշել է, որ մանկավարժը կարողացել է պատվով հաղթահարել դժվարին տարիները եւ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Կարեւորելով 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու առաջարկը՝ ԱԺ նախագահը կարծիք է հայտնել, որ դպրոցի առաքելությունը ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլ նաեւ՝ դաստիարակելը եւ երկրի համար արժանավոր քաղաքացի պատրաստելը: Ըստ նրա՝ դպրոցը ձեւավորում է նպաստավոր միջավայր աշակերտի լիարժեք կրթության եւ դաստիարակության համար: Պարոն Սահակյանի կարծիքով՝ ուսուցիչն է բարեփոխողը, նա պետք է հասարակությունում անձեռնմխելի լինի:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով օրենքի նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկներին, նշել է, որ օրինագիծը հաջորդ քառօրյայում կքվեարկվի այն տեսքով, ինչ տեսքով ներկայացրել է կառավարությունը: «Եթե ունենանք հզոր մանկավարժություն, հզոր դպրոց, ապա կունենանք հզոր պետություն»,- ասել է ԱԺ նախագահը:

ՕԵԿ խմբակցության տեսակետն արտահայտել է Հեղինե Բիշարյանը: Խմբակցության ղեկավարը նշել է, որ պետության համար ռազմավարական նշանակության կառույց է դպրոցը: Նա անընդունելի է համարել 19 տարեկան սովորողի առջեւ միջնակարգ դպրոցն ավարտելու պարտադիր պահանջ դնելը: Տիկին Բիշարյանը, խնդրին անդրադառնալով համայնքների խոշորացման համատեքստում, կառավարությանն առաջարկել է համալիր մոտեցում ցուցաբերել: Ընդգծելով, որ օրինագծում կան լրջագույն խնդիրներ՝ նա առաջարկել է անժամկետ հետաձգել օրենսդրական փաթեթը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Արամ Մանուկյանը կրթությունը գերակա արժեք է համարել: Խմբակցության քարտուղարի գնահատմամբ՝ կրթական ցենզի բարձրացման խնդիրն արդիական է, սակայն այս պահին խնդիրները լուծելու համար չկա համապատասխան գործիքակազմ: ՀԱԿ-ն առաջարկում է կառավարությանը հետ վերցնել եւ վերամշակել օրենսդրական փաթեթը:

Եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է խորհրդարանականների ելույթներին եւ մտահոգություններին:

Երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրինագիծը, երկրորդ ընթերցումով՝ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանի, Զարուհի Փոստանջյանի, Կորյուն Նահապետյանի, Թեւան Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի ներկայացրած օրինագծերը:

Պատգամավորները սկսել են քննարկել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա ներկայացրել է հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերը, խնդիրները, գործունեության կարգը, լիազորությունները, գործունեության ժամանակահատվածը: Պարոն Այվազյանը նշել է, որ հանձնաժողովն իր գործունեության ընթացքում 55 գրություն է ուղարկել համապատասխան գերատեսչություն, ստացել՝ 46-ը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է նաեւ սպառողներին մատակարարվող գազի ծավալների արժանահավատ հաշվառմամբ պայմանավորված գազի հաշվիչների ստուգաչափման եւ նորոգման գործընթացի հիմնախնդիրները, ներտնային գազամատակարարման համակարգի տեխնիկական սպասարկման անվտանգության խնդիրները եւ հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ խնդիրներ:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


26.03.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 28-ին՝ ժամը 17:20-ին, ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճին կից սրահում տեղի կունենա ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համատեղ մամո...

26.03.2015
Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Նշենք, որ դեսպանը խորհրդարան էր այցելել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: ԱԺ նախագահը փաստել է, որ խորհրդարանը մշտապես համագործ...

26.03.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 26-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները: Հյուրերը նախ եղել են ԱԺ նիստերի դահլիճում, հետեւել օրենսդրական գործընթացին: Գյումրեցի ուսանողներին այս անգամ ընդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am