National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.3.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
20.03.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 4

Մարտի 20-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Հովհաննես Սահակյանի նախագահությամբ:

Նիստի մեկնարկից առաջ Հովհաննես Սահակյանը գործընկերներին տեղեկացրել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի որոշումների ուսումնասիրման եւ ըստ անհրաժեշտության համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկութուններ ներկայացնելու նպատակով:

Պատգամավորներ Արտակ Զաքարյանի, Զարուհի Փոստանջյանի, Կորյուն Նահապետյանի, Թեւան Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած ,«ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Արտակ Զաքարյանը: Պատգամավորը նշել է, որ նախատեսվում է «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում կատարել երկու լրացում: Առաջարկվում է Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվողների ցանկում ավելացնել նաեւ օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ունեցել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում:

Օրենքում մյուս լրացումը նախատեսում է Երախտագիտության մեդալով պարգեւատրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ոչ միայն պետական, հասարակական գործիչներին, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների գործիչներին, այլ նաեւ ակնառու ծառայություններ մատուցած անձանց:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Համահեղինակ Արտակ Զաքարյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը ամբողջ աշխարհում որպես ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ: Որպես հիմք` հեղինակներն ընդունել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան: Պատգամավորը նշել է, որ սյս կարեւորագույն փաստաթղթում տրված է ցեղասպանության` որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության ծավալուն սահմանումը: Նախագծով հստակեցվում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օր անվանումը:

ՀՀԿ խմբակցության պատգամավորիների ներկայացրած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է պատգամավոր Գագիկ Մելիքյանը, նախատեսում է կարգավորել պարտատերերի եւ պարտապանների հարաբերությունները: Նա նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտատերերը սնանկության վարույթի եւ պահանջների ներկայացման անհրաժեշտության մասին ծանուցվում են հրապարակայնորեն` ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում նշված տեղեկությունները հրապարակելու միջոցով, որը հաճախ բավարար չի լինում պարտատերերի իրավունքների իրականացման տեսանկյունից: Սնանկության վարույթի բացման մասին ծանուցումը պարտատերերին պետք է իրականացվի անհատական կարգով, բացառությամբ այն դեպքի, եթե դատարանը գտնի, որ տվյալ դեպքում առավել խելամիտ էր օգտվել ծանուցման այլ եղանակից: Ըստ Գագիկ Մելիքյանի` նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում երաշխավորելու հարգելի պատճառներով սնանկության գործի շրջանակներում պահանջներ չներկայացրած պարտատերերի իրավունքների իրականացման հնարավորությունը՝ ապահովելով յուրաքանչյուրի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Քննարկվել է նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Ներկայացնելով օրենքի փոփոխությամբ ակնկալվող արդյունքները` պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշել է, որ փոփոխությունների իրականացմամբ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքի իրականցումը՝ բացառելով հղումներ այնպիսի նորմերին, որոնց գործողությունն արդեն իսկ դադարել է:

Օրակարգի հաջորդ հարցը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, սակայն անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել եւ հնարավորություն տալ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտի համաձայն՝ ապացուցման պարտականությունը դնել մեկ այլ անձի վրա: Ըստ Վահրամ Մկրտչյանի` խնդիր է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միեւնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որեւէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման կարգավորման բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն ընդունվել է ավելի վաղ, քան ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը: Հետեւաբար, նախագծի հեղինակները սույն նախագծով առաջարկում են լրացնել տվյալ բացը:

Քննարկված հաջորդ` «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը պայմանավորված է վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացման եւ ներդրման հեռանկարով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ողջ աշխարհում: Կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից առավել հեռանկարայիններն են արբիտրաժը, ֆինանսական համակարգի հաշտարարը եւ հաշտարարությունը: Ըստ նրա` եթե առաջին երկուսը Հայաստանի Հանրապետությունում իրավական կարգավորում ստացել են, ապա հաշտարարության ինստիտուտը ընդհանրապես բացակայում է ՀՀ իրավական համակարգում: Այդ իսկ պատճառով առաջարկվող օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկվող փաթեթը նախ եւ առաջ ուղղված է հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:

Քննարկված օրենքների նախագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀԿ խմբակցության պատգամավորները քննարկման էին ներկայացրել մեկ օրենքի նախագիծ եւս: Նրանք առաջարկում էին քննարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակների առաջարկով քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

Օրակարգում ընդգկրկված էր նաեւ Զարուհի Փոստանջյանի «2015թ-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը, որը դրական եզրակացություն չստացավ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության օրինագիծը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշել է, որ փոփոխությամբ առաջարկվում են վերականգնվող էներգետիկ առանձին ռեսուրսների սահմանումները: Նախատեսվում է կառավարության որոշմամբ տնտեսության ճյուղերը դասակարգել ըստ էներգատարության, օրենքով սահմանել էներգետիկ հաշվեկշիռ կազմելու եւ հրապարակելու պատասխանատու մարմինները: Ըստ կառավարության առաջարկի՝ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը պետք է հիմնվի նաեւ պարտադիր պահանջների վրա՝ էներգատար համապատասխան ճյուղերում էներգախնայողությունը եւ էներգաարդյունավետությունն ապահովելու համար: Առաջարկվում է բարձր էներգասպառում ունեցող սարքերի, սարքավորումների եւ արտադրանքի շրջանառության սահմանափակումները, այդ թվում դրանց փոխարինող էներգաարդյունավետ վտանգավոր արտադրանքի օգտահանումը ներքին սպառման շուկայում սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Որպես ոլորտի խնդիրներ՝ պարոն Միրումյանը մատնանշել է անուղղակի եղանակով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող դեպքերի ոչ հստակ լինելը, կիրառվող հասկացությունների ոչ միատեսակ, տարաբնույթ ընկալումները, գործնականում անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման բարդությունները (հաճախ անհնարին լինելը): Նախատեսվում է հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկերի հաշվարկման համար հիմքերի եւ մեթոդների հստակ սահմանում, հարկվող օբյեկտների գնահատման (վերագնահատման) եւ հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմի կատարելագործում:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Առաջին ընթերցման ընթացակարգով Վախթանգ Միրումյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է բնապահպանական եւ բնօգտագործման վճար վճարողներին հնարավորություն ընձեռել համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Հանձնաժողովը քննարկված օրինագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Տեղի է ունեցել նաեւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը` Կորյուն Նահապետյանի նախագահությամբ:

Օրակարգը հաստատելուց հետո «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը երրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարությունը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ օրենքի նպատակն է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ գիտական եւ գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը եւ ՀՀ զինված ուժերի ու այլ զորքերի սպառազինման պետական, ինչպես նաեւ ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրերի իրականացումը: Ըստ Արա Նազարյանի` օրենքը կարգավորում է ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքներն ու խնդիրները, ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկվող պետական եւ այլ մարմինների ու կազմակերպությունների միջեւ ծագող հարաբերությունները, ռազմական կարիքների համար պետական պատվերի ձեւավորման եւ տեղադրման կարգը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կարգավորման մեթոդաբանությունը:

Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Օրակարգի երկրորդ հարցը ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը նշել է, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն hինգերորդ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում:

Ըստ նրա` իրավական ակտի ընդունմամբ կարգավորվում է ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատման խնդիրը:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն` օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են ՀՀ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում եւ ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


20.03.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ժուկին, ով խորհրդարան էր եկել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ: Ողջունելով Ալեքսանդր Ժուկին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ուսումնասիրել է ...

20.03.2015
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 23-26-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ...

20.03.2015
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Աննե Քեմփային
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննե Քեմփային: Աժ նախագահը շնորհավորել է Աննե Քեմփային նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ եւ կարեւորել նրա ղեկավարած ընկերության աջակցությունը ՀՀ ...

20.03.2015
Ավարտվել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը
Մարտի 20-ին Ազգային ժողովում շարունակվել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի աշխատանքը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ: Քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ հեռանկարներին, քաղաքական զարգացումնե...

20.03.2015
ԵՄ-Հայաստան ԽՀՀ 15-րդ նիստում ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ
Մարտի 20-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ: ********* Եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններՀամաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի Խորհրդարանական համագո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am