Տպել
18.03.2015
Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
1 / 3

Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը:

Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:

Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Գլխավոր հանձնակատարն, անդրադառնալով հարեւանության քաղաքականությանը, նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկեր լինել Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով եւ պաշտպանելով յուրաքանչյուր երկրի ուրույն քաղաքականությունը: Յոհաննես Հանի խոսքով՝ իրենց միակ նպատակը բարեկեցիկ ապագայի կառուցումն է:

Պարոն Հանի բնորոշմամբ՝ ներկայում հարեւանության քաղաքականությունը փոփոխվել է, առաջ են եկել մի շարք մարտահրավերներ հարեւան երկրներում: Ուստի, հանձնակատարի խոսքով, պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել եւ գիտակցել, որ յուրաքանչյուր երկիր տարբեր է ոչ միայն մշակույթով, այլեւ քաղաքական մոտեցումներով եւ շահերով:

Անդրադառնալով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությանը՝ Յոհաննես Հանը նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է հետագայում եւս համագործակցել Հայաստանի հետ, շարունակել աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Յոհաննես Հանի խոսքով՝ Հայաստանի հետ քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները եւ պատրաստ են շարունակել այն: Հանձնակատարը տեղեկացրել է, որ կշարունակեն աջակցել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

ՀՀ ԱԺ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջունել է հանձնակատարի մասնակցությունը լիագումար նիստի աշխատանքներին:

Նրա խոսքով՝ բոլոր դիտարկումները, որոնք հնչել են, հաշվի կառնվեն հետագայում, եւ կշարունակվի Արեւելյան գործընկերության ինտեգրմանն ուղղված քաղաքականության մշակումը:

Արտակ Զաքարյանի բնորոշմամբ՝ Հայաստանի համար միշտ էլ կարեւոր է եղել ԵՄ-ի հետ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ի համար հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականությունը շարունակում է մնալ մեր երկրի քաղաքականության կարեւոր առանցքը:

Այնուհետեւ քննարկվել է ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտի վերաբերյալ հարցը: Հիմնական զեկուցողն էր Արեւելյան գործընկերության հարեւանության, աշխարհագրական համակարգման բաժնի վարիչ Անդրեա Մաթեո Ֆոնտանան: Նա մասնավորապես անդրադարձել է արդարադատության ոլորտին, ծրագրերի շրջանակում բարեփոխումների առաջընթացին:

Պարոն Ֆոնտանան նշել է, որ համագործակցում են Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ արդարադատության ոլորտում: Ըստ նրա՝ արդարադատությունը քաղաքական արժեք է, որն ունի նաեւ հասարակական եւ տնտեսական կարեւոր նշանակություն: ԵՄ-ն ունի ընթացիկ արդարադատության բարեփոխումների ծրագրեր, որոնք իրականացնում է Եվրանեսթի անդամ բոլոր երկրներում: Ըստ Ֆոնտանայի՝ հիմնական խնդիրներն են կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության, արդարադատության համակարգի թափանցիկության ապահովումը:

Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են Եվրանեսթ ԽՎ-ի եւ մշտական հանձաժողովների կանոնակարգերում փոփոխությունները եւ ընդունել են առաջարկներ:

Եվրանեսթ ԽՎ համանախագահ Բորիս Տարասյուկը տեղեկացրել է, որ քանի որ Ուկրաինայի պատվիրակության համանախագահությունն ավարտվում է, միաձայն որոշվել է, որ համանախագահությունը կփոխանցվի Վրաստանը ներկայացնող Վիկտոր Դոլիձեին:

Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան, ինչպես նաեւ պատգամավորները շնորհակալություն են հայտնել Բորիս Տարասյուկին համանախագահության շրջանակում արդյունավետ աշխատանքի համար:

Եվրանեսթ ԽՎ-ը ավարտել է չորրորդ լիագումար նիստի աշխատանքները:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...