Տպել
18.03.2015
Ավարտվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը
1 / 3

Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը:

Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:

Զեկույցով հանդես է եկել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Գլխավոր հանձնակատարն, անդրադառնալով հարեւանության քաղաքականությանը, նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկեր լինել Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ՝ ճանաչելով եւ պաշտպանելով յուրաքանչյուր երկրի ուրույն քաղաքականությունը: Յոհաննես Հանի խոսքով՝ իրենց միակ նպատակը բարեկեցիկ ապագայի կառուցումն է:

Պարոն Հանի բնորոշմամբ՝ ներկայում հարեւանության քաղաքականությունը փոփոխվել է, առաջ են եկել մի շարք մարտահրավերներ հարեւան երկրներում: Ուստի, հանձնակատարի խոսքով, պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել եւ գիտակցել, որ յուրաքանչյուր երկիր տարբեր է ոչ միայն մշակույթով, այլեւ քաղաքական մոտեցումներով եւ շահերով:

Անդրադառնալով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությանը՝ Յոհաննես Հանը նշել է, որ ԵՄ-ը պատրաստ է հետագայում եւս համագործակցել Հայաստանի հետ, շարունակել աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Յոհաննես Հանի խոսքով՝ Հայաստանի հետ քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները եւ պատրաստ են շարունակել այն: Հանձնակատարը տեղեկացրել է, որ կշարունակեն աջակցել նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

ՀՀ ԱԺ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ողջունել է հանձնակատարի մասնակցությունը լիագումար նիստի աշխատանքներին:

Նրա խոսքով՝ բոլոր դիտարկումները, որոնք հնչել են, հաշվի կառնվեն հետագայում, եւ կշարունակվի Արեւելյան գործընկերության ինտեգրմանն ուղղված քաղաքականության մշակումը:

Արտակ Զաքարյանի բնորոշմամբ՝ Հայաստանի համար միշտ էլ կարեւոր է եղել ԵՄ-ի հետ համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը: Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ի համար հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականությունը շարունակում է մնալ մեր երկրի քաղաքականության կարեւոր առանցքը:

Այնուհետեւ քննարկվել է ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտի վերաբերյալ հարցը: Հիմնական զեկուցողն էր Արեւելյան գործընկերության հարեւանության, աշխարհագրական համակարգման բաժնի վարիչ Անդրեա Մաթեո Ֆոնտանան: Նա մասնավորապես անդրադարձել է արդարադատության ոլորտին, ծրագրերի շրջանակում բարեփոխումների առաջընթացին:

Պարոն Ֆոնտանան նշել է, որ համագործակցում են Արեւելյան գործընկերության բոլոր երկրների հետ արդարադատության ոլորտում: Ըստ նրա՝ արդարադատությունը քաղաքական արժեք է, որն ունի նաեւ հասարակական եւ տնտեսական կարեւոր նշանակություն: ԵՄ-ն ունի ընթացիկ արդարադատության բարեփոխումների ծրագրեր, որոնք իրականացնում է Եվրանեսթի անդամ բոլոր երկրներում: Ըստ Ֆոնտանայի՝ հիմնական խնդիրներն են կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության, արդարադատության համակարգի թափանցիկության ապահովումը:

Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են Եվրանեսթ ԽՎ-ի եւ մշտական հանձաժողովների կանոնակարգերում փոփոխությունները եւ ընդունել են առաջարկներ:

Եվրանեսթ ԽՎ համանախագահ Բորիս Տարասյուկը տեղեկացրել է, որ քանի որ Ուկրաինայի պատվիրակության համանախագահությունն ավարտվում է, միաձայն որոշվել է, որ համանախագահությունը կփոխանցվի Վրաստանը ներկայացնող Վիկտոր Դոլիձեին:

Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան, ինչպես նաեւ պատգամավորները շնորհակալություն են հայտնել Բորիս Տարասյուկին համանախագահության շրջանակում արդյունավետ աշխատանքի համար:

Եվրանեսթ ԽՎ-ը ավարտել է չորրորդ լիագումար նիստի աշխատանքները:


18.03.2015
Տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Մարտի 18-ին տեղի է ունեցել Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Պատմության եւ մշակույթի ան...

18.03.2015
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը
Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը, որտեղ նա մանրամասներ է ներկայացրել մարտի 11-17-ը Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի խորհրդարանների ղեկավարների հրավերով պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ: Այցը գնահատելով արդյունավետ՝...

18.03.2015
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը:...

18.03.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Մարտի 18-ին՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի ավարտից անմիջապես հետո, Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հեյդի Հաուտալայի եւ Բորիս Տարասյուկի մամուլի ասուլիսը: ...