National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.3.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
16.03.2015
Տեղի են ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 16

Մարտի 16-ին տեղի են ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի 4 մշտական հանձնաժողովների նիստերը:

Եվրանեսթ ԽՎ-ի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրակարգի նախագծի հաստատումից հետո նիստը նախագահողը՝ Վրաստանի ներկայացուցիչ Գիգլա Ագուլաշվիլին, տեղեկացրել է պատգամավորներին, որ հանձնաժողովի` 2014 թ. նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացած նիստի արձանագրության վերաբերյալ խորհրդարանականները մինչ դրա վերջնական հաստատումը կարող են առաջարկներ ներկայացնել մինչեւ մարտի 18-ը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բացման խոսքում անդրադառնալով ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության ուղղություններին, նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի կարեւորագույն առեւտրատնտեսական գործընկերներից մեկը, եւ մեր երկիրը մեծապես կարեւորում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ներկա մակարդակի պահպանումն ու շարունակականությունը: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում: Պարոն Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ ներկայում փորձագետների մակարդակով քննարկումներ են իրականացվում ՀՀ-ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության նոր ձեւաչափի եւ իրավական շրջանակների համագործակցության խորացման հնարավորությունների ու դիրքորոշումների հստակեցման ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաեւ ավիացիայի ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ: Նշվել է, որ հայկական կողմն առաջիկայում ակնկալում է ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցությունների մեկնարկ: Պարոն Ճշմարիտյանը կարեւորել է ԵՄ-ի կողմից բյուջետային եւ տեխնիկական աջակցության տրամադրումը Հայաստանին, քանի որ աջակցության ծրագրերի միջոցով իրականացվող բարեփոխումները վկայում են, որ այդ գործիքներն արդյունավետ կիրառվում են տնտեսության համար առանցքային ոլորտներում: Նախարարը նշել է, որ Հայաստանն առաջարկում է եվրոպացի գործընկերներին գործարարության լիբերալ եւ գրավիչ պայմաններ, նորաստեղծ ազատ տնտեսական գոտիներ, բիզնեսին աջակցելու նպատակով կիրառվող զանազան տնտեսական գործիքներ, որակյալ, կրթված, տնտեսապես շահավետ աշխատուժ:

Կարեն Ճշմարիտյանի գնահատմամբ՝ նման ձեւաչափով հանդիպումները լուրջ ներդրում ունեն փոխվստահության հաստատման եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում:

«Երբ ընտրել նշանակում է կորցնել. Արեւելյան գործընկերներ, ԵՄ եւ Եվրասիական տնտեսական միություն» ուսումնասիրությունը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի քաղաքական բաժնի ներկայացուցիչ Պասկալ դը Միկոն: Նա համեմատել է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ԵՏՄ-ի պայմանագրի հետ, վեր հանել դրանց առավելություններն ու բացասական կողմերը եւ վերջում ներկայացրել եզրակացություններ: Ուսումնասիրությունում ներկայացված է Արեւելյան գործընկերության երկրների մասով տնտեսական վերլուծություն, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի նկարագիրը, տնտեսական եւ առեւտրային տվյալներ: Պարոն Միկոն անդրադարձել է հետխորհրդային տարածաշրջանում առեւտրային համաձայնագրերի կնքման փուլերին, երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերին, անդամակցության հեռանկարներին:

Զեկույցի շրջանակներում իր տեսակետն է հայտնել Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Լյուկ Դեվինը, ով խոսել է Ուկրաինայի ճգնաժամից, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ընձեռած հնարավորություններից, Ռուսաստանի եւ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններից եւ այլ խնդիրներից: Նրա խոսքով՝ բոլորի շահերից է բխում տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ուստի անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, կենտրոնանալ տնտեսական անելիքների վրա եւ նվազեցնել քաղաքական լարվածությունը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձել է ԵՏՄ-ին եւ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հեռանկարներին: Նա Հայաստանի համար անդամակցության հարցում կարեւորել է հստակ ռազմավարության մշակումը: Պարոն Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ արտաքին առեւտրի զարգացման միտումները, ներմուծման ծավալները:

Մտքերի փոխանակության ընթացքում նիստի մասնակիցները խոսել են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

«Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ. համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» զեկույցի նախագիծը, դրա հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ Աժ պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւ կարեւորել նախագծի ու առաջարկվող փոփոխությունների ընդունումը:

Նշենք, որ համազեկուցողներ, ԵԽ ներկայացուցիչ Ալբերտո Չիրիոյի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանի զեկույցի նախագծի վերաբերյալ խորհրդարանականները փոփոխության 18 առաջարկ էին ներկայացրել: Քվեարկության ժամանակ Մհեր Շահգելդյանը նշել է, որ հայկական կողմը դեմ է Ադրբեջանի պատվիրակության այն առաջարկին, որը վերաբերում է Արեւելյան գործընկերության անդամ երկրներում ձգձգված հակամարտություններին եւ օկուպացված տարածքներին: Պարոն Շահգելդյանը նշել է, որ այն անընդունելի է հայկական կողմի համար, քանի որ կան ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում զեկույցի տրամաբանությանը: Ըստ նրա՝ տարածքների օկուպացիայի վերաբերյալ մոտեցումները նպատակահարմար չէ օգտագործել նման զեկույցում: Պատգամավորները մերժել են Ադրբեջանի առաջարկը: Քվեարկության արդյունքում հանձնաժողովն ընդունել է զեկույցի նախագիծը եւ մյուս 17 առաջարկները:

Այնուհետեւ հանձնաժողովն անցել է օրակարգային հաջորդ հարցի քննարկմանը, որը վերաբերել է 2015-2016 թթ. հանձնաժողովի գործառույթների ծրագրմանը: Նշվել է, որ հանձնաժողովի հաջորդ զեկույցը վերաբերելու է ԵՄ ֆինանսավորմանը եւ Արեւելյան գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցությանը:

Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Դոլիձեն, նախ հաստատել են օրակարգի նախագիծը եւ 2014թ.-ի նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացած Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որից հետո բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ իրականացվող համապարփակ եւ բազմակողմանի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը եւ այլն: «Այս փոխգործակցության մեջ մեծապես կարեւորվում է խորհրդարանական ներգրավվածությունը»,-ասել է նախարարը: Ըստ նրա՝ ինչպես արձանագրված է վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության շուրջ: Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, դատական համակարգի շարունակական բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության ընդլայնմանը եւ ոլորտային համագործակցության զարգացմանը: Նշվել է, որ ներկայում եզրափակիչ փուլում են գտնվում Եվրամիության գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու մեր համագործակցության հետագա իրավական շրջանակը` հիմնված այն առաջընթացի վրա, որն արձանագրվել է նախորդ շրջանում: Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով, հնարավոր ոլորտներով եւ ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում: Նախարարն ընդգծել է, որ համագործակցության առաջնահերթություններից է հանդիսանում շարժունակության խթանումը: Խրախուսելով մարդկային շփումները Եվրամիության անդամ երկրների հետ` առավել նախադրյալներ կստեղծվեն գործընկերային հարաբերությունների խորացման համար: Նախարարը հիշեցրել է, որ 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել Եվրամիության հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը: Հայաստանի կառավարության որոշմամբ 2013թ.-ից Եվրամիության անդամ երկրների քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից: Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված արտոնագրային ռեժիմի ազատականացմանը: «Խորհրդարանական եւ միջկառավարական հարթություններին զուհագեռ Եվրոպական միության հետ մեր օրակարգն իրականցնելիս մեծապես արժեւորում ենք քաղաքացիական հասարակության դերը, ինչի ապացույցն է նաեւ նրանց մեծաթիվ մասնակցությունը Երեւանում անցկացվող այս Վեհաժողովի նիստին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների որոնման վրա: Հայաստանին եւ Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջեւ, այլեւ՝ Ուկրաինայում ապրող բազմահազարանոց հայ համայնքի առկայությունը: Ըստ նախարարի՝ հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային նշանակություն ունի՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու եւ կայուն զարգացում ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, եւ հնարավոր չէ մեկ ընդհանրական բանաձեւ կիրառել դրանց կարգավորման նպատակով: Հակամարտությունների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան համաձայնեցված հատուկ բանակցային ձեւաչափերի շրջանակներում եւ պետք է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել այդ բանակցային գործընթացները: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, եւ կարեւոր է սատարել եռանախագահների կողմից գործադրվող ջանքերին` ուղղված հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահների օգտագործած ձեւակերպումներին հակասող հայտարարությունները կարող են որպես կողմնապահություն դիտարկվել եւ վնասել խաղաղության գործընթացին: Անդրադառնալով ԼՂ հակամարտության ներկա փուլին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին եւ անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: «Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը` զգալիորեն մեծացնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը եւ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ: Բաքվի այս քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար»,- ասել է նախարարը: Նշվել է, որ Ադրբեջանական սադրանքները արտահայտվում են նաեւ մշտական ռազմատենչ հռետորաբանությամբ եւ հակահայկական ատելության քարոզով: Ադրբեջանը, որը վերջին 10 տարում 30 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, շարունակաբար սպառնում է լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Ադրբեջանում այն քաղաքացիական ակտիվիստները, մտավորականները եւ լրագրողները, ովքեր խաղաղության եւ հաշտեցման ջատագովներ են, հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ» եւ հայտնվում ճաղերի հետեւում: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել եւ մնում է համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ անցյալի ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է: Դեռեւս 1987թ. Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ 2000, 2002, 2005 թվականներին վերահաստատել Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը` դրանով իսկ իր մեծ ներդրումն ունեցել այս ուղղությամբ իրականացվող ջանքերում: «Մենք մեծապես գնահատում ենք նաեւ, որ Եվրոպական խորհրդարանն իր տարբեր բանաձեւերում կոչ է արել Թուրքիային բացել սահմանը հարեւան Հայաստանի հետ եւ հաստատել բնականոն դիվանագիտական հարաբերություններ: Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց ովքեր նպաստել են այս ձեւակերպումների ընդունմանը: Մեր բոլորի համատեղ ջանքերի միջոցով է միայն հնարավոր էական ներդրում ունենալ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում»,-ասել է նախարարը: Ըստ զեկուցողի՝ խորհրդարանների առջեւ կարեւոր առաքելություն է դրված` կապեր հաստատել հասարակությունների միջեւ, խթանել միջպետական հարաբերությունների զարգացումը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի երեւանյան նիստի աշխատանքներն իրենց կարեւոր ներդրումը կունենան այս ուղղությամբ իրականացվող ջանքերում:

Այնուհետեւ Երեւանում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսել է 2014-2020 թթ. ԵՄ աջակցությամբ Արեւելյան գործընկերության անդամ երկրների կողմից հասարակական փոփոխությունների եւ քաղաքական բարեփոխումների ոլորտում իրականացվող հնարավոր հեռանկարների վերաբերյալ: Ռիչարդ Կիրակոսյանը խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերություններից, կարեւորել ՀՀ քաղաքական դաշտում բազմակարծության ապահովումը եւ քաղաքացիական հասարակության դերակատարությունը, անդրադարձել ՀՀ սահմանադրական բարեփոխումներին: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ շատ ջանքեր չի պահանջվում Հայաստանում լուրջ բարեփոխումներ եւ փոփոխություններ իրականացնելու համար: Զեկուցողը հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ խմբի ղեկավար Ջոն Ռայթը խոսել են ԵՄ Եվրոպական հարեւանության քաղաքական գործիքի աջակցությունից օգտվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ ծրագրի միջոցով փորձ է արվել մեծացնել քաղաքացիական հասարակության կառույցների նկատմամբ հասարակության կողմից վստահության ցածր մակարդակը: Ծրագրի նպատակն է մոտեցնել Հայաստանը Եվրամիությանը, զարգացնել ժողովրդավարական կառավարումը եւ բարձրացնել բնակչության իրազեկվածությունը ԵՄ–Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից եւ ծրագրի հիմնական ուղղություններն են՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մոնիթորինգի եւ հանրային վերահսկողության կարողությունների հզորացումը, երկրորդ՝ կառավարության ծրագրի հակակոռուպցիոն բարեփոխումների, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրերի եւ նոր ընդունվելիք հակակոռուպցիոն ռազմավարության մշտադիտարկումը, երրորդ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ կառավարության միջեւ կայուն երկխոսության խթանումը՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման նպատակով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փորձագետ Կարլ Ուլբրեխտը խոսել է ծրագրի աջակցությամբ անկախ հակակոռուպցիոն գործակալության ստեղծումից: Նա հույս է հայտնել, որ քաղաքացիական հասարակության գործընկերների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ համագործակցության եւ երկխոսության միջոցով հնարավոր կլինի իրականացնել կառավարության քաղաքականության փոփոխություն:

Այնուհետեւ հանձնաժողովի անդամները քննարկել եւ կարծիքներ են փոխանակել «Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով 2014-2020 թթ. ԵՄ եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր պետությունների միջեւ համագործակցության ամրապնդման մասին» զեկույցի նախագծի փոփոխություների վերաբերյալ:

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը քվարկությունից առաջ հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել է մի շարք խնդիրների վրա: Նա նշել է, որ հայկական պատվիրակությունը մանրամասն ուսումնասիրել է զեկույցի նախագիծը եւ կարեւորում է դրա ընդունումը: Արտակ Զաքարյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի պատվիրակության կողմից ներկայացված 12-րդ, 33-րդ եւ Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդարանի գործընկերների կողմից համատեղ ներկայացված 43-րդ առաջարկությունների վրա, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Քվեարկությունների արդյունքում չեն ընդունվել վերոնշյալ 3 առաջարկությունները:

Նիստը վարող հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Դոլիձեն տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2015 թ.-ի աշնանը Բրյուսելում:

Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ավարտել է իր աշխատանքը:

Նույն օրը տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Զաքարյանի եւ Ջորջ Պիրինսկու համանախագահությամբ: Հանձնաժողովի անդամները ընդունել են օրակարգի նախագիծը, ապա Բրուսելում անցկացված նիստի արձանագրությունը: Ջորջ Պիրինսկին ափսոսանք է հայտնել ադրբեջանցի գործընկերների բացակայության առթիվ եւ նշել , որ բացակայությունը նրանք բացատրում են իրենց առաջարկների եւ դիտարկումների մերժման փաստով:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները կրթության ոլորտում: Խոսելով Բոլոնիայի գործընթացի մասին՝ Արմեն Աշոտյանը փաստել է որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում՝ գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից եւ իրականցվում է այն երկրներում, որոնք ԵՄ անդամ չեն: Նախարարը հանգամանալից խոսել է Հայաստանում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին: Նա նշել է, որ չնայած ուսուցիչների փոխանակության, աշակերտների եւ ուսանողների շարժունակության խթանման մեծ ցանկությանը՝ Հայաստանն այս ոլորտում գրանցում է ցածր արդյունքներ: Պատճառը ֆինանսական զամբյուղն է, մեծ ճանապարհածախսը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքի եւ հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պիտի հասանելի լինի բոլորին, սակայն Լեռնային Ղարաբաղի, Կոսովոյի եւ այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: ԿԳ նախարարը նշել է նաեւ, որ կրթությունը մարդկային շփումների համար ամենակարեւոր հարթակներից մեկն է:

Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերից մեկի մասին խոսել է «Ֆինեք» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարլ Հոլմը, ով նշել է, որ կրթական այս ծրագիրը տեւելու է երկու տարի, բյուջեն 1 միլիոն եվրո է, եւ ծրագրի նպատակն է համատեղելի դարձնել հայկական եւ եվրոպական կրթական համակարգերը: Պարոն Հոլմը կարեւորել է նաեւ բարձրագույն կրթության ոլորտում օրենսդրության կարգավորումը, որակավորման համակարգի ստեղծումը եւ զարգացումը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ Հայաստանը տարիների ընթացքում միացել է եվրոպական այն կոնվենցիաներին, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը: Ըստ նախարարի՝ Հայաստանը, գտնվելով արեւելքի եւ արեւմուտքի խաչմերուկում, կրել է օտար մշակույթների ազդեցությունը, եւ ինքն էլ փոխազդել: Նա նշել է, որ հայկական մշակույթը ստեղծվել եւ պահպանվել է ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նախարարը խոսել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պատմական անշարժ հուշարձանների գրանցման, պահպանման եւ վերակառուցման մասին:

Այնուհետեւ Լատվիայի ներկայացուցիչ Տատյանա Ժդանոկան ներկայացրել է «Արեւելյան գործընկերության համատեքստում մշակույթի եւ միջմշակութային երկխոսություն» թեմայով զեկույցի ընդունման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները: Տիկին Ժդանոկան նշել է, որ զեկույցը վերաբերում է Եվրոպայում մշակութային բազմազանությունը պահպանելուն: Նա հանգամանալից ներկայացրել է բոլոր պատվիրակությունների առաջարկները: Ապա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում զեկույցի նախագիծն ընդունվել է: Նիստի ավարտին հաջորդ նիստի զեկույցի համար առաջարկվել է երկու թեմա: Արտակ Զաքարյանն առաջարկել է զեկույցի թեմաները ներկայացնել Եվրանեսթ ԽՎ բյուրոյին:

Տեղի է ունեցել նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ «Արեւելյան գործընկերության շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում առկա խնդիրների, ներուժի եւ համագործակցության նոր հնարավորությունների, ինչպես նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին» թեմայով: Նիստը վարել են Եվրախորհրդարանի պատգամավոր Քնութ ֆլեքենշթայնը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր զեկույցում նշել է, որ հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակն ապահովելու նպատակով Հայաստանում պարտադրված է պահպանել եւ զարգացնել ատոմային էներգետիկան` կառուցելով նոր սերնդի միջուկային էներգաբլոկ, որը կփոխարինի գործող ատոմային էներգաբլոկին: Նա անդրադարձել է նաեւ էներգետիկայի զարգացման խնդիրներին` առանձնացնելով արեւային եւ ջերմային կայանների կառուցման անհրաժեշտությունը: Ըստ նախարարի` վերականգնվող էներգետիկայի աղբյուրների զարգացման գործընթացը կիրականացվի միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի, Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի եւ միջազգային ֆինանսական այլ կազմակերպությունների միջոցով: Երվանդ Զախարյանը նշել է, որ համաձայն 2014թ-ի հունիսին ստորագրված համաձայնագրի, ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի արեւային էլեկտրակայանի կառուցման ֆինանսավորմանը, իսկ 3 մլն կուղղվի ջերմային պոմպերի եւ արեւային տաքացուցիչների կառուցմանը: «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ» ծրագրի ղեկավար Արա Մարջանյանը, խոսելով Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգի մասին, նշել է, որ այն ձեւավորվել է 90-ական թվականների ճգնաժամային իրողություններից ելնելով: Ըստ նրա` հետագայում եղել են ձեռքբերումներ, որոնք օգնել են հաղթահարել ճգնաժամը. սկսել են աշխատել ՀԷԿ-երը, այնուհետեւ վերագործարկվել է ատոմակայանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Քնութ ֆլեքենշթայնը, խոսելով քննարկման դրված նախագծի մասին, նշել է, որ ռազմավարական առումով նախագիծը շատ կարեւոր է: Նա առաջարկել է իրագործել բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք այս ոլորտում կհանգեցնեն արդյունավետ համագործակցության: «Արեւելյան գործընկերության շրջանակներում էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում առկա խնդիրների, ներուժի եւ համագործակցության նոր հնարավորությունների, ինչպես նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին» նախագծի վերաբերյալ առաջարկությունների գերակշիռ մասը հանձնաժողովն ընդունել է:


16.03.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
Մարտի 16-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵՄ պատվիրակության անդամներ, միջազգային փորձագետներ Գերոլդ Հայնրիխսին, Թոմաս Ռայնեկեին, Քշիշտոֆ Գուլդային, Ջոհաննա Ռինգհոֆե...

16.03.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխնախագահի հետ
Մեկնարկել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն: Մարտի 16-ին ԱԺ փոխնախագահը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ Սեյմասի անդամ Ռասա Յուկնեվ...

16.03.2015
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նիստի մասնակիցները մարտի 16-ին ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել 1915թ. Հայոց ցեղա...

16.03.2015
Հանդիպում Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Մարտի 17-18-ը Հայաստանում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Վեհաժողովի համատեքստում մարտի 16-ին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հեիդի Հաուտալայի եւ Բորիս Տարասյուկի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների, Արեւելյան գործընկերությա...

16.03.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ռիգայի հայկական համայնքի հետ
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ Բալթյա...

16.03.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Ռիգայում հանդիում է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները բարձր են գնահատել պարբերական քաղաքական երկխոսության ներկայիս մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am