Տպել
05.03.2015
Կորյուն Նահապետյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը մարտի 4-ին հանդիպել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) գնահատման առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության ստորաբաժանման Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆեն Էլգերսմայի, ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության ստորաբաժանման Հայաստանի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլիի եւ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագրերի ավագ խորհրդատու Սվեյն Ամունդսենի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին` Կորյուն Նահապետյանը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է` ինչպես քննարկելու հարցերի լայն շրջանակ, գնահատելու երկկողմ փոխգործակցության մակարդակը, դրա առանձին բաղադրիչների իրականացման ընթացքը, այնպես էլ քննարկելու գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

Բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովը առանձնակիորեն կարեւորում է բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք խորհրդարանական ձեւաչափով ընդգրկված են ԱԳԳԾ-ի շրջանակներում: Ներկայացվել են հանձնաժողովի օրենսդրական եւ վերահսկողական գործառույթները, բյուջետային գործընթացում հանձնաժողովի դերը, ապագայում ծրագրային բյուջետավորման անցնելու համատեքստում պաշտպանության եւ անվտանգության ոլորտների բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի համագործակցությանը միջազգային տարբեր գործընկերների, մասնավորապես Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ժնեւի կենտրոնի հետ համատեղ իրականացված տարբեր միջոցառումներին: Խոսելով 2014 Ուելսյան գագաթաժողովի արդյունքների մասին պարոն Նահապետյանը կարեւորել է ընդունվող հռչակագրերում ամբողջական եւ հավասարակշված մոտեցումների ներկայացման կարեւորությունը:

Պատգամավորի կողմից բարձրացվել են նաեւ ՆԱՏՕ-ի հետ ինստիտուցիոնալ, ժողովրդավարական եւ պաշտպանական բարեփոխումների բնագավառներում փոխգործակցության առկա մակարդակին, խաղաղապահ առաքելություններում ՀՀ մասնակցության դինամիկային վերաբերող հարցեր:

Անդրադառնալով սույն թվականի հունիսի 18-20-ը Հայաստանում ծրագրվող Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներին՝ Կորյուն Նահապետյանը հույս է հայտնել, որ սեմինարի ընթացքում ՆԱՏՕ-ն եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կապահովի բարձր ներկայացվածություն՝ ընդգծելով, որ թեեւ հայկական պատվիրակությունն ունի ընդամենը 3 անդամ, այդուամենայնիվ այն կարողանում է ակտիվորեն մասնակցել վեհաժողովի 5 հանձնաժողովներում իրականացվող բոլոր հանդիպումներին եւ քննարկումներին՝ արժանանալով վեհաժողովի ղեկավարության բարձր գնահատականին:

Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության ճանաչման շարունակական գործընթացին: Մասնավորապես, կարեւորվել է մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի ընդունած բանաձեւը, որում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատել եւ դատապարտել է հայկական ցեղասպանության եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ հակամարտության ներկա փուլին՝ կարեւորելով այն, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես հակամարտության կարգավորման համար գոյություն ունեցող միակ ձեւաչաչափը: Ներկայացվել են հակամարտության սրմանն ուղղված ադրբեջանական դիվերսիոն գործողությունների վերաբերյալ մտահոգությունները:

Պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադարձել է հանձնաժողովի գործունեության թափանցիկության ապահովման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի ԽՎ կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստման միջոցառումներին ԱԺ պատգամավորներին եւ փորձագետներին ներգրավելու անհրաժեշտությանը: Նա նշել է, որ ինքը նույնպես լիահույս է Հայաստանում ծրագրվող առաջիկա Ռոուզ-Ռոթ սեմինարի առնչությամբ եւ ակնկալում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կամ տեղակալի մասնակցությունը: Պատգամավորի կարծիքով՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար միայն Հայաստանի կողմից ակտիվ մասնակցությունը քիչ է, ՆԱՏՕ-ն եւս պետք է քայլերի շրջանակն ընդլայնի: Նա առանձնացրել է մի քանի խնդիրներ, որոնք առկա են երկկողմ հարաբերությունների տեսադաշտում, որոնցից են կիբերանվտանգությունը, հակաահաբեկչական պայքարում ուժերի համատեղումը:

Թեւան Պողոսյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլ արժեքների ընդհանրությունը եւ այդ համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությունը:

Ստեֆեն Էլգերսման նույնպես բարձր է գնահատել ինչպես Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները այնպես էլ ընդհնարապես իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը՝ նշելով, որ Հայաստանը չնայած չի գտնվում ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում, այդուամենայնիվ գտնվում է Դաշինքի ընդլայնված տեսադաշտում: Նա բարձրացրել է նաեւ մի քանի այլ հարցեր, որոնք վերաբերում էին հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին բյուջետային գործընթացի իրականացմանը, հնարավոր սահմանադրական բարեփոխումների արդյունքում Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների ավելացմանը:

Անդրադարձ է եղել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...