National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.3.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
03.03.2015
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 3-ին՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը ետ է վերցրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ իր դիմումը:

Ազգային ժողովի որոշմամբ՝ արտահերթ նիստի յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ: Առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանը շարունակել է քննարկել շրջանառության հարկի վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիշեցնենք, որ փաթեթով նախատեսվում է ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ, ըստ որի՝ առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են շարունակել ներկայացնել պատգամավորները:

Հրանտ Բագրատյանը թեեւ դրական է գնահատել նախագծերի փաթեթը, սակայն նշել է, որ այն մասնակի է լուծում խնդիրը: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է մասնավորապես օրենսդրական փաթեթի իրավական կողմին: Պատգամավորը նպատակահարամար չի համարում անընդհատ փոփոխել տնտեսական ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները:

Հովհաննես Մարգարյանը նկատել է, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է ընձեռում այլընտրանքային մոտեցում ցուցաբերել՝ քաղաքացու ընտրությանը թողնելով շրջանառության հարկի ընտրությունը՝ փաստաթղթավորված եւ չփաստաթղթավորված լինելու դեպքերում:

Վահրամ Մկրտչյանն անդրադարձել է փաթեթի քաղաքական եւ տնտեսական կողմին: Նրա խոսքով ՝ սա հայեցակարգային փոփոխություն է:

Լեւոն Դոխոլյանը խոսել է ՓՄՁ-ի վիճակից եւ նշել, որ փոփոխությունները փոխկապակցված չեն, պետք է համալիր մոտեցում ցուցաբերել խնդրին:

Իշխան Խաչատրյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթը, նախորդի հետ համեմատած, ունի դրական լուծումներ, ընդլայնվել է շրջանառության հարկ վճարողների շրջանակը ,սակայն այն կավելացնի հարկային բեռը:

Թեւան Պողոսյանն անդրադարձել է կառավարության քաղաքականությանը, նկատել, որ իրենց առաջարկությունները մերժվել են, այնուհետեւ, մի քանի ամիս անց՝ ընդունվել:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը նկատել է, որ այս օրենսդրական փաթեթի փոփոխությունն ավելի շահեկան է, եւ կառավարությունը ցանկություն ունի պայքարել ստվերի դեմ: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է նաեւ փաստաթղթի քաղաքական նշանակությանը:

Նրա դիտարկմամբ՝ առաջարկվում է իրավիճակային կարգավորում, որը խնդիրն ամբողջապես չի լուծում:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը եւս համակարծիք էր, որ կառավարությունը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ այն է՝ ականջալուր լինել քաղաքացիների հորդորներին եւ գնալ զիջումների: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ տնտեսական ոլորտի նախաձեռնությունները պետք չէ արագ քննարկել:

Նա նշել է, որ խմբակցության առաջարկների գաղափարական մասն ընդունվել է, տեխնիկականը՝ մասնակի: ՀՅԴ-ն քվեարկելու է ձեռնպահ:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատել է, որ փոփոխություններն սկզբունքորեն ընդունելի են, սակայն խնդիրն ամբողջությամբ չի լուծվում: Խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ նախագծով հարկային բեռը չի թեթեւանալու, ուստի ՀԱԿ-ն առաջարկում է 5 տոկոս դրույքաչափից վերադառնալ 3.5-ին: Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ սա ընդամենը իրավիճակային լուծում է:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Ստեփան Մարգարյանը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է իր դիտողությունները, խոսել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարվող, իր խոսքով, դրական եւ բացասական փոփոխություներից: Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ խմբակցությունն իր դիրքորոշումը կարտահայտի քվեարկությունից առաջ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է կառավարության նախաձեռնությունը՝ այն համարելով իրավիճակային լուծում: Ըստ խմբակցության ղեկավարի՝ հետագայում պետք է անպայման անդրադառնալ ոլորտում առկա խնդիրներին: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենսդրական փաթեթին:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ: Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը տնտեսական ակտիվության ապահովումն է, որի միջոցով կկրճատվի ստվերը եւ կավելանան բյուջետային մուտքերը: Նախարարն առաջարկել է պատգամավորներին փաթեթը բարելավելու նպատակով առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ:

Առաջարկվում է է ՀՀ պաշտոնաթող Նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ

Պատգամավորները նաեւ քննարկել են «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող Նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող Նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Հիմնական եւ հարակից զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները: Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ երկրի պատմությունը կերտում են այդ անհատները՝ երկրի նախագահները, հետեւաբար վերաբերմունքը նրանց հանդեպ պետք է այդ համատեքստում լինի: Պարոն Հարությունյանը նշել է, որ իր համար անհասկանալի է «կորած եկամուտների փոխհատուցում» թեզը: Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ քաղաքական նշանակություն ունեցող օրենքի նախագիծ է, որով իշխող ուժը հայտարարում է, որ առաջին եւ երկրորդ նախագահները պահանջված են հասարակական եւ քաղաքական կյանքում: Սամվել Ֆարմանյանը մի շարք կառուցողական առաջարկներ է ներկայացրել: Նա եւս անդրադարձել է պետականության կերտման հարցում երկրի նախագահների դերին ու նշանակությանը եւ այս համատեքստում է անդրադարձել օրենսդրական առաջարկին: Զարուհի Փոստանջյանը դրական չի գնահատել առաջարկվող փոփոխությունները եւ անդրադարձել է օրինագծի հիմնադրույթներին: Արծվիկ Մինասյանը խոսել է ՀՀ Նախագահի ինստիտուտի եւ դրա արժեւորման մասին: Նրա գնահատմամբ՝ պետք է խոսել ոչ թե օրենքով նախատեսված կարգավիճակ շնորհելու, այլ թոշակ ստանալու իրավունք տալու մասին, ինչն առաջարկում է գործող օրենքը:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը՝ այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ ընդունելու համար: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այս բանաձեւում հստակ ամրագրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգին, հստակ նշված են «ցեղասպանություն» եւ «հայրենազրկում» եզրույթները, կոչ է արվում թե Թուրքիային, թե եվրոպական ու միջազգային կառույցներին դատապարտելու Հայոց ցեղասպանությունը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ սա շատ կարեւոր, աննախադեպ պատմական փաստաթուղթ է: Պարոն Շարմազանովը փաստաթղթի ընդունման հարցում կարեւորել է Հայաստանի Հանրապետական, «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների համատեղ աշխատանքը:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը, անդրադառնալով հարցի վերաբերյալ գործընկերների ելույթներին, նշել է, որ դրանք հաճախ անհատականացվել են, եղել են առաջարկություններ, որոնց հիման վրա կարելի է որոշակի փոփոխություններ կատարել: ԱԺ նախագահը ճիշտ չի համարել խորհրդարանում անձնական ամբիցիաների եւ սեփական փիլիսոփայության ներկայացումը հանրությանը: Ըստ ԱԺ նախագահի՝ օրենսդրական փաթեթը վերաբերում է ոչ թե անձին, այլ նախագահի ինստիտուտին: Նրա համոզմամբ՝ խնդիրը պետք է դիտարկել պետական ինստիտուտները հարգելու համատեքստում: ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել օրենսդրական փաթեթի ընդունումը:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել են պատգամավորների առաջարկներին ու մտահոգություններին:

Խորհրդարանն սկսել է քննարկել անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փաթեթ

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Նախագծերի ընդունման արդյունքում կերաշխավորվի անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին՝ առավել հուսալի, կանխատեսելի ու վստահելի դարձնելով Հայաստանի կողմից մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Հարակից ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, կարեւորելով օրենսդրական առաջարկը, նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում մի շարք հարցադրումներ դեռեւս կճշգրտվեն եւ կհստակեցվեն մի շարք դրույթներ: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի մարտի 4-ի արտահերթ նիստում:


03.03.2015
Գործուղումներ
2015 թվականի մարտի 7-16-ը ՀՀ Ազգային ժողովի աջակցման ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով Կոնեկտիկուտ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am