Տպել
22.01.2015
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ հունվարի 22-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով:

ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանելու համար խորհրդարան էր հրավիրվել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Իր խոսքում նա նշել է, որ ողջ հայությանը ցնցած ողբերգությունը չէր կարող որեւէ մեկին զերծ պահել զգացմունքային դրսեւորումներից: Սակայն, անկախ այդ ամենից, ինքը չի կարող պաշտոնական լիազորություններն իրականացնել՝ ելնելով զգացմունքներից: ՀՀ գլխավոր դատախազի խոսքով` ինքը պարտավոր է գործողությունները կազմակերպել ՀՀ օրենսդրությանը եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխան: Գեւորգ Կոստանյանի խոսքով` հարցը նաեւ քաղաքական եւ հասարակական շահարկումների տեղիք է տվել, սակայն պետք է լուծվի իրավական ընթացակարգով:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` պարոն Կոստանյանը նշել է, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են կասկածյալ Վալերի Պերմյակովի կողմից զորամասը լքելուն, տուժողների բնակարան մուտք գործելուն, հանցագործության կատարման ժամին եւ տեղին, ինչպես նաեւ անձի հայտնաբերմանը, դեռեւս քննարկվում են, եւ պատասխանները կկցվեն քրեական գործին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ` կապված հանցագործին հայտնաբերելու հետ, սակայն այս հարցերը քննության փուլում են եւ դեռեւս ստուգման կարիք ունեն, հետեւաբար հրապարակման ենթակա չեն:

Գլխավոր դատախազի խոսքով` պարզվում է նաեւ, թե նախկինում ինչ կապ է եղել զոհ դարձած ընտանիքի եւ ռուս զինվորի միջեւ, կամ այն եղել է թե՞ ոչ: Հանցագործության բացահայտման համար տարվող օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազը բազմիցս դիմել է ՌԴ գլխավոր դատախազին, ինչպես նաեւ ներկայացվել են բազմաթիվ միջնորդություններ ՀՀ դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Նա նշել է, որ ողջ իրավական համակարգն իր լիազորությունների իրականացման սահմաններում համագործակցում է:

Գեւորգ Կոստանյանը նշել է, որ չի կարող հրապարակել նախաքննական գաղտնիք համարվող տեղեկությունները եւ բարձրաձայնել քննչական գործողությունների պլանավորումն ու ընթացքը, քանի որ այն կվնասի գործի քննության օբյեկտիվ ընթացքին: