Տպել
15.01.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունվարի 15-ին հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ այն գտնվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ուշադրության կենտրոնում:

Ըստ նրա` Հայաստանը տարեցտարի ավելի դինամիկ մասնակցություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին՝ ակտիվորեն մասնակցելով միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման, ինչպես նաեւ զինված ուժերի միջազգային համագործակցության գործին: Արտակ Զաքարյանի կողմից կարեւորվել է նաեւ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների լիարժեք իրացումը, ինչպես նաեւ հասարակություն-զինված ուժեր հարաբերություններն ավելի բաց ու թափանցիկ դարձնելուն միտված հարցերը:

Արտակ Զաքարյանը նշել է, որ խորհրդարանական պատվիրակություններն ակտիվորեն մասնակցում են ՆԱՏՕ-ի ԽՎ բոլոր միջոցառումներին` առավել ուշադրություն հրավիրելով տարածաշրջանային խնդիրներին:

Ներկայացվել է նաեւ ՆԱՏՕ-ի հետ ՀՀ մի շարք համաձայնագրերի վավերացման կարեւորությունը հետագա համագործակցությունների համար:

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ՆԱՏՕ-ի անունից երախտագիտություն է հայտնել Հայաստանին` խաղաղապահ առաքելություններում իր ներդրումն ունենալու համար: Նա ընդգծել է խորհրդարանի մասնակցությունը համագործակցության ծրագրերում:

Ջեյմս Ապատուրայը նշել է, որ ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում կարեւոր ոլորտներ կան, որոնցից առաջնայինը խորհրդարանական վերահսկողության ամրապնդումն է:

Հանդիպման ընթացքում պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը` կարեւորելով խորհրդարանական վերահսկողության ծրագրերը: Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել եւ յուրացնել պաշտպանության ոլորտում զարգացած երկրների եւ տարբեր խորհրդարանական հանձնաժողովների արդյունավետ փորձը:

Ամփոփելով հանդիպումը՝ Արտակ Զաքարյանը եւս մեկ անգամ Ջեյմս Ապատուրայի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին` կարեւորելով ՆԱՏՕ-ի եւ միջազգային բոլոր կառույցների դերակատարումներն Ադրբեջանի ավանտյուրիստական եւ սադրիչ գործողությունները դատապարտելուն, ինչպես նաեւ հակամարտության բոլոր կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլեր իրականացնելու գործում:

Անդրադարձ է եղել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտակ Զաքարյանը պատասխանել է նաեւ Ջեյմս Ապատուրայի բարձրացրած հարցերին:




15.01.2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել հայ-լիտվա...