Տպել
25.12.2014
Հանձնաժողովն այցելել է Տավուշի մարզ
1 / 6

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:

Հանձնաժողովի անդամներն այցելել են մարտական հենակետեր եւ զորամաս, որտեղ զրուցել են զինծառայողների հետ, քննարկել նրանց առաջնային խնդիրները, ինչպես նաեւ ուսումնասիրել են մարտական հենակետերի պայմանները: Զորամասում հանձնաժողովի անդամները ճաշել են զինծառայողների հետ:

Զորամասի ակումբում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ողջունելով զինծառայողներին, բարձր է գնահատել նրանց հայրենանվեր ծառայությունը: Լավագույն զինծառայողներին հանձնվել են հուշանվերներ: Նվերներ հանձնվել են նաեւ մարտական հենակետերի բոլոր զինծառայողներին:

Հանձնաժողովի անդամները հանդիպում են ունեցել նաեւ սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվել են համայնքների սոցիալ-տնտեսական վիճակին, բնակիչների կենսապայմանների բարելավմանը, զինվորականների հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պատգամավորները համայնքների ղեկավարներին ներկայացրել են սահմանամերձ համայնքների համար 2015 թվականից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները: