Տպել
19.12.2014
Հանդիպում հանձնաժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Նաիրա Կարապետյանը եւ Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի անդամ Ռիչարդ Չառնեցկիի հետ:

Հանդիպման ընթացքում խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու եւ խորացնելու համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ համագործակցության նոր ուղիները:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Արտակ Զաքարյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին 2015 թ.-ին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ֆորումին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները, խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից, կարեւորել են ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշել է, որ Եվրախորհրդարանը կարեւորում է ԵՄ-Հայաստան համագործակցության խորացումը եւ շարունակելու է աջակցությունն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին: