National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.12.2014
Խորհրդարանն ավարտել է աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Խորհրդարանը դեկտեմբերի 4-ի նիստում շարունակել է քննարկել «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության՝«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը:

Աժ պատգամավորները պայմանագրի վերաբերյալ ելույթներ են ունեցել: Սամվել Ֆարմանյանը մասնավորապես ասել է, թե ԵՏՄ-ին միանալը կնպաստի Հայաստանում ներդրումային դաշտի բարելավմանը, ինչպես նաեւ գործարար միջավայրի համար կստեղծեն լայն հնարավորություններ: Լեւոն Մարտիրոսյանը եւ Հովհաննես Մարգարյանը ԵՏՄ անդամակցումը կարեւորել են հատկապես անվտանգության, տնտեսական եւ քաղաքական տեսանկյունից: Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ կառույցին բխում է մեր երկրի անվտանգության ապահովման եւ տնտեսության զարգացման շահերից: Գուրգեն Արսենյանը, ներկայացնելով ՄԱԿ-ի դիրքորոշումը, նշել է, որ իրենք կողմ են համաձայնագրին միանալուն: Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը: Էդմոն Մարուքյանը եւս դեմ է արտահայտվել եւ մասնավորեցրել, որ դեմ է ԵՄ-ի հետ համագործակցությունը խոչընդոտող միավորմանը:

Տնտեսական նոր միության վերաբերյալ գնահատականներ են հնչեցրել նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, նշել է, որ սա ոչ թե տնտեսական ինտեգրացման, այլ քաղաքական գործընթաց է: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու փաստաթղթին:

Ներկայացնելով «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը՝ Հեղինե Բիշարյանը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական իրողությունների պայմաններում Հայաստանի անդամակցությունը քաղաքական, տնտեսական եւ անվտանգության առումով կարեւոր քայլ է եւ բխում է Հայաստանի շահերից, հետեւաբար խմբակցությունը կողմ է քվեարկելու համաձայնագրին: Ըստ խմբակցության ղեկավարի՝ անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը պետք է իր հնարավորություններն օգտագործի արդյունավետ:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը ճիշտ որոշում է, քանի որ այն բխում է նախեւառաջ մեր երկրի անվտանգության շահերից:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության տեսակետը ներկայացրել է Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության ղեկավարի բնորոշմամբ՝ փաստաթղթին միանալը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Ըստ Լեւոն Զուրաբյանի, սակայն, հասարակությունը պետք է ավելի իրազեկ լիներ բանակցությունների ընթացքից: Լեւոն Զուրաբյանը դրական է համարել ռուսական մեծ շուկայի հասանելիությունը եւ նշել է, որ «ՀԱԿ» խմբակցությունը կողմ է քվեարկելու անդամակցությանը՝ չնայած որոշակի ռիսկերի:

«ԲՀԿ» խմբակցության դրական տեսակետը ներկայացրել է Տիգրան Ուրիխանյանը՝ նշելով, որ անդամակցության դեպքում Հայաստանը կարող է ունենալ տնտեսական օգուտներ: Նրա համոզմամբ՝ պետք է արժանապատվորեն բանակցել եւ կարեւորագույն հարցերում չգնալ զիջումների: Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ ռազմավարական հարաբերություններն այլ բան են, քան տնտեսական միությունը:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների ավելացումը՝ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի մուտքը եվրասիական շուկա: Նա նշել է, որ անդամակցության դեպքում Հայաստանը կստանա ԵՏՄ միասնական շուկայից օգտվելու հնարավորություն եւ գրավիչ կդառնա օտարերկրյա ներկրողների համար, հետեւաբար խմբակցությունը կողմ է քվեարկելու փաստաթղթին: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ցանկացած գործարք որոշակի ռիսկեր ունի, սակայն ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, պատգամավորի կարծիքով, երկար չեն տեւի, եւ Հայաստանը կկարողանա օգտվել նոր հնարավորություններից:

ՀՀ ֆինանսերի փոխնախարար Սուրեն Կարայանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար եւ անդրադարձել երկու կարեւոր հանգամանքի: Փոխնախարարը փարատել է Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին խորհրդարանում հնչած մտահոգությունները՝ նշելով, որ ԵՏՄ-ի կարեւորագույն սկզբունքը միության անդամների ինքնիշխանության պահպանումն է: Պարոն Կարայանը որպես կարեւոր հանգամանք նշել է նաեւ այն փաստը, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակվում է, եւ մեր երկիրը չունի որեւէ սահմանափակում:

Այնուհետեւ խորհրդարանն անցել է 2015 թվականի ՀՀ բյուջեի նախագծի քննարկմանը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 387 առաջարկություն. առաջարկություններից 46-ն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Կառավարությունն իր հերթին առաջարկել է ավելացնել հարկային եկամուտները եւ նվազեցնել պաշտոնական դրամաշնորհները, վերաբաշխել որոշ ծախսեր: Պավել Սաֆարյանը նշել է, որ բյուջեի նախագիծը պահպանելու է սոցիալական ուղղվածությունը եւ նպաստելու է երկրի կարեւորագույն խնդիրների լուծմանը:

Անդրադառնալով 2015 թվականի ՀՀ բյուջեի նախագծին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ բյուջեի այս նախագծի հիմքում քաղաքական որեւէ մեխանիզմ չի առաջարկվում, բացակայում է զարգացման օրակարգը: Պարոն Հակոբյանի կարծիքով՝ յուրաքանչյուր պետության օրակարգը ձեւավորում է միջին խավը, որը մենք չունենք:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, նախագիծն ուղղված չէ երկրում տնտեսական աճի խթանմանը եւ կանխատեսվող 4.1 տոկոս աճը բավարար չէ լուծելու առկա սոցիալ-տնտեսական խնդիրները: Տիկին Բիշարյանի կարծիքով՝ նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամ սահմանելու դեպքում էլ հնարավոր չէ ապահովել նվազագույն կենսազամբյուղը: ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության բացասական դիրքորոշումը գալիք տարվա պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ նախագծում նախատեսված չեն երկրի զարգացմանն ուղղված քայլերը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ պետության վրա արտաքին ֆինանսական ճնշումների ազդեցությանը:

Ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը՝ Միքայել Մելքումյանը նախագիծը գնահատել է տնտեսագիտական եւ քաղաքագիտական տեսանկյունից: Ըստ պատգամավորի՝ կառավարությունը պետք է օպերատիվ կառավարման միջոցառումներ ձեռնարկի՝ ավելացնելու համար Հայաստանի քաղաքացու եկամուտները: ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ 2015 թ.-ի բյուջեի նախագիծը համահունչ է եւ իրատեսական ներկա տնտեսական իրավիճակին եւ ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցությունը ներկայացրել է 57 առաջարկություն, որից 17-ը ընդունվել է: Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշել է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի հավանությանն արժանացած Կառավարության, ինչպես նաեւ՝ ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: Ըստ վարչապետի՝ գալիք տարվա բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային եւ առողջապահական բնագավառների ծախսերը: Կառավարությունը նախաձեռնել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավելու գործարար միջավայրը, ամրապնդելու պետության նկատմամբ գործարարների վստահությունը: Վարչապետի տեղակացմամբ՝ բյուջեի քննարկման ժամանակ առաջարկված փոփոխությունները ծախսերի զգալի ավելացում են ենթադրում: «Ուշադրությամբ քննարկել ենք բոլոր առաջարկները, եւ անգամ եթե չենք կարողացել ֆինանսական լուծումներ տալ, ապա տվել ենք մանրամասն պարզաբանումներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Քվեարկությունների արդյունքում խորհրդարանը 71 կողմ եւ 46 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը, նաեւ՝ 103 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանգիրը:

Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները քննարկել են ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, որը ներկայացրել է պալատի անդամ Լիլիթ Գեւորգյանը: ՎՊ-ը 2015 թ.-ին անդրադառնալու է ՀՀ կառավարության եւ միջազգային կառույցների կողմից կնքված համաձայնագրերի շրջանակներում դրամաշնորհային եւ վարկային միջոցներին: Ծրագրում ընդգրկվել է 18 հարց, որից 13-ը վերաբերում են վարկային, դրամաշնորհային միջոցներին:

Գլխադասային՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը:

Պատգամավորները քննարկել են ՀՀ Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե» «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նշենք, որ Հայաստանում ներդրվել է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հայեցակարգը, ինչը, բազմաթիվ այլ ինստիտուցիոնալ փոփոխություններից զատ ենթադրում է նաեւ բյուջետային գործընթացի շրջանակում մեծածավալ տեղեկատվության ներկայացում օրենսդիր մարմնին: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ (Բյուջետային գրասենյակ), որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն: Նախատեսվում է, որ բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը, այդ թվում` ներքին աշխատակարգի սահմանումն իրականացնելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Հարցի քննարկումն ընդհատվել է. ավարտվել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը հայտարարել է փակված. հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am