National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.12.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.12.2014
Ազգային ժողովը շարունակել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու վերաբերյալ քննարկումները
1 / 10

Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում շարունակել է քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը:

ԱԺ պատգամավորները քննարկվող պայմանագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միանալով ԵՏՄ-ի պայմանագրին՝ Հայաստանը Իրանի հետ չի կարողանալու կնքել ազատ առեւտրի պայմանագիր եւ իրանական գազի համար դառնալ տարանցիկ երկիր: Պատգամավորը նշել է, որ դեմ է քվեարկելու պայմանագրին: Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար հղի է ծանր հետեւանքներով, եւ ինքը եւս դեմ է քվեարկելու: Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ չնայած ԵՏՄ-ն տնտեսական միություն է, այն փոխելու է քաղաքականությունը, եւ Հայաստանը դառնալու է այդ միության արժեքային համակարգի կրողը: Պատգամավորը եւս նշել է, որ դեմ է քվեարկելու: Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ ԵՏՄ-ի մեջ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր շահերը եւ հավասարակշռված ու դիվերսիֆիկացված տնտեսություն ձեւավորելու դեպքում զարգացնել արտադրությունը՝ արտահանելով միաժամանակ եւ ԵՏՄ երկրներ, եւ Իրան: Արտակ Դավթյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագիրը բխում է Հայաստանի քաղաքացու եւ պետության շահերից, եւ ինքը կողմ է ԵՏՄ-ին միանալուն: Ողջունելով ԵՏՄ անդամ դառնալու որոշումը՝ Հայկ Բաբուխանյանը մատնանշել է աշխարհում ընթացող ինտեգրացիոն գործընթացները եւ մասնավորեցրել, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ ամենից: Ըստ պատգամավորի՝ պայմանագիրն առնչվելու է անվտանգությանը, տնտեսությանը եւ հումանիտար ոլորտին: Պատգամավոր Լեւոն Դոխոլյանի կարծիքով՝ ԵՏՄ-ին անդամակցումը մեր երկրին տնտեսական զարգացման չի տանելու: Նա անդրադարձել է ապրանքների արտահանմանը, երկրի առջեւ ծառացած խոչընդոտներին, կառավարության վարած քաղաքականությանը: Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կորցնում է իր ինքնիշխանությունը, վտանգում տնտեսական աճը: Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձել է մեր երկրի անվտանգությանը, սահմանադրականությանը, ինքնիշխանությանը եւ տնտեսական շահերին, խոսել մաքսատուրքերի դրույքաչափերից, գնաճից, գազի գնից: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցումը բխում է Հայաստանի տնտեսական անվտանգության շահերից: Արտաշես Գեղամյանը եւս դրական է գնահատել ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը եւ նշել, որ այն կարեւոր է Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը կայացրել է ճիշտ որոշում՝ անդամակցել ԵՏՄ-ին: Մարգարիտ Եսայանի կարծիքով եւս՝ պայմանագրին միանալը շահավետ է եւ Հայաստանին տալու է ազատ շուկայի հնարավորություն:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ քննարկվող հարցը կարեւոր է մեր պետության եւ մեր հասարակության ապագա զարգացման համար, ուստի խորհրդարանում հնչող տեսակետները եւ զգացմունքային գնահատականները սպասելի են եւ բնական: Սակայն, նրա բնորոշմամբ, բնական չեն կարող լինել իրականության ուռճացումը եւ իշխանության հասցեին հնչող անհիմն մեղադրանքները: Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ցանկացած միության անդամակցություն որեւէ երկրի համար չի կարող ունենալ միայն դրական հետեւանքներ, եւ երկիրն ինքն է անդամակցելուց առաջ ուսումնասիրում հնարավոր դրական եւ բացասական զարգացումները: ԱԺ փոխնախագահը Հայաստանի համար դրական է համարել այն փաստը, որ ԵՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսվարողների համար բացվում է 170 միլիոնանոց շուկա: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը նավթամթերքի ներկրման ժամանակ վճարում է 30 տոկոսով քիչ մաքսատուրք՝ համարելով այն դրական արդյունք: Նշվել է, որ շուրջ 720 առաջին անհրաժեշտության ապրանքներ հինգ տարի չեն թանկանալու: ԱԺ փոխնախագահը համաձայնել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն դիտարկմանը, թե երկիրը, որը մի կողմ է դնում ազատությունը, արժանի չէ ոչ ազատության, ոչ անվտանգության եւ հավելել. «Բայց մենք ազատությունը մի կողմ չենք դրել, հակառակը, մենք սրբորեն պահում ենք մեր ազատությունը եւ անկախությունը»: Եզրափակելով ելույթը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը պայմանավորված է Հայաստանի անկախության, անվտանգության ամրապնդմամբ, ինչպես նաեւ ՀՀ-ի եւ Արցախի տնտեսական ու քաղաքական հզորությամբ:

Պայմանագրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն Աժ-ի դեկտեմբերի 4-ի նիստում:


Նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 105.1 հոդվածով նախատեսված ընթացակարգով պատգամավորները քննարկել են ՕԵԿ խմբակցության հարցապնդումը, որը ներկայացրել է Հովհաննես Մարգարյանը:

Հարցապնդումը վերաբերում էր ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման գործընթացին: Քանի որ այս տարվանից ավանդների փոխհատուցման գործընթացում առաջնահերթություն է սահմանվել արցախյան եւ Աֆղանստանի պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ մինչեւ 1929 թվականը ծնված ավանդատուների համար, ՕԵԿ-ը խնդրել էր կառավարությանը տեղեկատվություն տրամադրել փոխհատուցում ստացած՝ արցախյան եւ Աֆղանստանի պատերազմի մասնակիցների թվաքանակի մասին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ի պատասխան հարցապնդմանը նշել է, որ փոխհատուցում է տրվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ մինչեւ 1929 թվականը ծնված 4304 անդամների: Նաեւ՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած 1242 անձանց:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավանդների դիմաց փոխհատուցում վճարել եւս 1200 ավանդատուների:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով՝ չորեքշաբթի օրվա վերջին նիստում ՀՀ վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am