Տպել
01.12.2014
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Դեկտեմբերի 1-ին խորհրդարանն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարին եւ բարեկամ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ օրինագծի ընդունման համար:

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումից հետո խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ արտահերթ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված՝ «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել է պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Հեղինակը խորհրդարանին առաջարկում է ընդունել որոշման նախագիծ, ըստ որի՝ այս նստաշրջանի ընթացքում նախատեսվում է բարեփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը եւ մասնավորապես, անցնել ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգի, սահմանել ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր կարգ, կատարելագործել քվեարկության արդյունքների հաշվառման համակարգը եւ այլն: Որոշման նախագծի երկրորդ կետով ՀՀ ԱԺ նախագահին առաջարկվում է ԱԺ խմբակցություններից ձեւավորել աշխատանքային խումբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքում բարեփոխումներ նախապատրաստելու եւ Ազգային ժողովին ներկայացնելու համար:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի՝ քաղաքական կարեւոր հարց է, որի վերաբերյալ անհրաժեշտ են ամբողջական մասնագիտական քննարկումներ: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նախագծում բարձրացված հարցերը բոլոր ժամանակների համար արդիական են: Սակայն, ըստ պատգամավորի, իրավական տեսանկյունից նման նախագիծ չի կարող ընդունվել: Թեւան Պողոսյանը կարեւորել է ընտրությունների անցկացման մշակույթի զարգացումը, ինչը կնպաստի համակարգի բարեփոխմանը: Ստեփան Մարգարյանն անդրադարձել է վերջին խորհրդարանական ընտրություններին, ընդգծել մեծամասնական ընտրական համակարգի թերությունները: Ըստ պատգամավորի՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ մեկ ընտրական համակարգի կիրառմամբ հնարավոր չէ լուծել համակարգում առկա խնդիրները: Դրական գնահատելով նախաձեռնությունը՝ Արամ Մանուկյանը նշել է, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների աշխատանքն ընտրողների հետ ավելի արդյունավետ է, քան մեծամասնականով: Էլինար Վարդանյանը հիշեցրել է, որ հարցը տեւական ժամանակ քննարկվում է հասարակության լայն շերտերում՝ ակնկալելով ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացում, մասնավորապես մեծամասնական ընտրակարգի անցում՝ համամասնականի: Միքայել Մելքումյանը նշել է, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է ներկայացված նախաձեռնությանը:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նշել է, որ համամասնական ընտրակարգով ընտրվելը կոլեկտիվ պատասխանատվություն է: Տիկին Բիշարյանը նշել է, որ իրենք կողմնակից են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությանը: Նա անդրադարձել է նաեւ ընտրակաշառքներին, ընտրացուցակների ճշգրտությանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ երկրում համակարգային փոփոխությունների առանցքը պետք է լինեն ընտրական համակարգի փոփոխությունները: Նա այս համատեքստում կարեւորել է քաղաքական կամքի դրսեւորումը: Նա անհրաժեշտ է համարել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, խոսել երկրում անցկացված համապետական ընտրությունների մասին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը պայմանավորված է նաեւ ընտրակարգով, սակայն 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումով չէ, որ բոլոր խնդիրները պիտի լուծում ստանան:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն մշտապես ականջալուր է եղել քաղաքական ուժերի տեսակետներին եւ բանակցելով վերջիններիս հետ՝ կրճատել է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը: Նա առաջարկել է գործընկերներին խնդիրը քննարկել եւ գտնել լուծման արդյունավետ տարբերակ:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է օրինագծի դրույթներին եւ պատգամավորների մտահոգություններին: Նրա գնահատմամբ՝ իրական քաղաքական գործընթացներում առաջարկներ ձեռնարկելիս պետք է հաշվի առնել սպասվող արդյունքը: Անդրադառնալով մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ պատգամավորներին պետք չէ երկու բեւեռների բաժանել: Պարոն Սահակյանը եւս կարեւորել է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Գալուստ Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցության եւ նախաձեռնելու է համատեղ քննարկումներ՝ ընտրական օրենսգիրքն ավելի ընդունելի դարձնելու համար: Նրա գնահատմամբ՝ այս պահին առաջարկվող փոփոխությունը ժամանակավրեպ է:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ կարեւորել է քննարկումները՝ տարբեր քաղաքական ուժերի տեսակետները հասկանալու առումով:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նախ ներկայացրել է ԵՏՄ մասին պայմանագրի դրույթները եւ սկզբունքները, այնուհետեւ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը վերաբերող պայմանագրի հիմնադրույթները: Պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից եւ 5 հավելվածից: Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաեւ` Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի: Պայմանագրի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի եւ «ՀՀ? «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հավելվածում նշված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ կապված հարցերի վերաբերյալ պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին ու անցումային դրույթներին համապատասխան:

Պայմանագրի 2-րդ հավելվածում նշվում են այն փոփոխությունները, որոնք կատարվում են ԵՏՄ մասին պայմանագրում եւ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում` ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու կապակցությամբ:

Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կողմից ԵՏՄ մասին պայմանագրի եւ քննարկվող պայմանագրով նախատեսված այլ միջազգային պայմանագրերի առանձին նորմերի կիրառման պայմանները եւ անցումային դրույթները:

Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանվում է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵՏՄ մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր:

Քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵՏՄ անդամ պետությունների հետ եւ ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժն իրականացնելու է երրորդ պետությունների տարածքով, այդ կապակցությամբ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունները սահմանված են պայմանագրի 5-րդ հավելվածով:

Պարոն Կարայանը նշել է, որ ներմուծման եւ արտահանման տուրքերի բացակայության պայմաններում ավելի շահավետ կդառնա փոխադարձ առեւտուրը, մասնավորապես՝ ՀՀ արտադրողներն ավելի բարենպաստ պայմաններում կարտահանեն տեղական արտադրանքը ԵՏՄ անդամ պետություններ:

Պայմանագրի վերաբերյալ հարց տալու համար գրանցվել էր 19 պատգամավոր:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի դեկտեմբերի 2-ի նիստում:







10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...