Տպել
01.12.2014
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Դեկտեմբերի 1-ին խորհրդարանն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարին եւ բարեկամ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ օրինագծի ընդունման համար:

Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերի հաստատումից հետո խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ արտահերթ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ շարունակել է քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված՝ «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել է պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Հեղինակը խորհրդարանին առաջարկում է ընդունել որոշման նախագիծ, ըստ որի՝ այս նստաշրջանի ընթացքում նախատեսվում է բարեփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը եւ մասնավորապես, անցնել ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգի, սահմանել ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր կարգ, կատարելագործել քվեարկության արդյունքների հաշվառման համակարգը եւ այլն: Որոշման նախագծի երկրորդ կետով ՀՀ ԱԺ նախագահին առաջարկվում է ԱԺ խմբակցություններից ձեւավորել աշխատանքային խումբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքում բարեփոխումներ նախապատրաստելու եւ Ազգային ժողովին ներկայացնելու համար:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի՝ քաղաքական կարեւոր հարց է, որի վերաբերյալ անհրաժեշտ են ամբողջական մասնագիտական քննարկումներ: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նախագծում բարձրացված հարցերը բոլոր ժամանակների համար արդիական են: Սակայն, ըստ պատգամավորի, իրավական տեսանկյունից նման նախագիծ չի կարող ընդունվել: Թեւան Պողոսյանը կարեւորել է ընտրությունների անցկացման մշակույթի զարգացումը, ինչը կնպաստի համակարգի բարեփոխմանը: Ստեփան Մարգարյանն անդրադարձել է վերջին խորհրդարանական ընտրություններին, ընդգծել մեծամասնական ընտրական համակարգի թերությունները: Ըստ պատգամավորի՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ մեկ ընտրական համակարգի կիրառմամբ հնարավոր չէ լուծել համակարգում առկա խնդիրները: Դրական գնահատելով նախաձեռնությունը՝ Արամ Մանուկյանը նշել է, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների աշխատանքն ընտրողների հետ ավելի արդյունավետ է, քան մեծամասնականով: Էլինար Վարդանյանը հիշեցրել է, որ հարցը տեւական ժամանակ քննարկվում է հասարակության լայն շերտերում՝ ակնկալելով ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացում, մասնավորապես մեծամասնական ընտրակարգի անցում՝ համամասնականի: Միքայել Մելքումյանը նշել է, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է ներկայացված նախաձեռնությանը:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նշել է, որ համամասնական ընտրակարգով ընտրվելը կոլեկտիվ պատասխանատվություն է: Տիկին Բիշարյանը նշել է, որ իրենք կողմնակից են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությանը: Նա անդրադարձել է նաեւ ընտրակաշառքներին, ընտրացուցակների ճշգրտությանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ երկրում համակարգային փոփոխությունների առանցքը պետք է լինեն ընտրական համակարգի փոփոխությունները: Նա այս համատեքստում կարեւորել է քաղաքական կամքի դրսեւորումը: Նա անհրաժեշտ է համարել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, խոսել երկրում անցկացված համապետական ընտրությունների մասին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը պայմանավորված է նաեւ ընտրակարգով, սակայն 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումով չէ, որ բոլոր խնդիրները պիտի լուծում ստանան:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն մշտապես ականջալուր է եղել քաղաքական ուժերի տեսակետներին եւ բանակցելով վերջիններիս հետ՝ կրճատել է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը: Նա առաջարկել է գործընկերներին խնդիրը քննարկել եւ գտնել լուծման արդյունավետ տարբերակ:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է օրինագծի դրույթներին եւ պատգամավորների մտահոգություններին: Նրա գնահատմամբ՝ իրական քաղաքական գործընթացներում առաջարկներ ձեռնարկելիս պետք է հաշվի առնել սպասվող արդյունքը: Անդրադառնալով մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ պատգամավորներին պետք չէ երկու բեւեռների բաժանել: Պարոն Սահակյանը եւս կարեւորել է ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Գալուստ Սահակյանը նշել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցության եւ նախաձեռնելու է համատեղ քննարկումներ՝ ընտրական օրենսգիրքն ավելի ընդունելի դարձնելու համար: Նրա գնահատմամբ՝ այս պահին առաջարկվող փոփոխությունը ժամանակավրեպ է:

Եզրափակիչ ելույթում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ կարեւորել է քննարկումները՝ տարբեր քաղաքական ուժերի տեսակետները հասկանալու առումով:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նախ ներկայացրել է ԵՏՄ մասին պայմանագրի դրույթները եւ սկզբունքները, այնուհետեւ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը վերաբերող պայմանագրի հիմնադրույթները: Պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից եւ 5 հավելվածից: Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաեւ` Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի: Պայմանագրի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի եւ «ՀՀ? «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հավելվածում նշված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ կապված հարցերի վերաբերյալ պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին ու անցումային դրույթներին համապատասխան:

Պայմանագրի 2-րդ հավելվածում նշվում են այն փոփոխությունները, որոնք կատարվում են ԵՏՄ մասին պայմանագրում եւ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում` ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու կապակցությամբ:

Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կողմից ԵՏՄ մասին պայմանագրի եւ քննարկվող պայմանագրով նախատեսված այլ միջազգային պայմանագրերի առանձին նորմերի կիրառման պայմանները եւ անցումային դրույթները:

Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանվում է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵՏՄ մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր:

Քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵՏՄ անդամ պետությունների հետ եւ ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժն իրականացնելու է երրորդ պետությունների տարածքով, այդ կապակցությամբ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունները սահմանված են պայմանագրի 5-րդ հավելվածով:

Պարոն Կարայանը նշել է, որ ներմուծման եւ արտահանման տուրքերի բացակայության պայմաններում ավելի շահավետ կդառնա փոխադարձ առեւտուրը, մասնավորապես՝ ՀՀ արտադրողներն ավելի բարենպաստ պայմաններում կարտահանեն տեղական արտադրանքը ԵՏՄ անդամ պետություններ:

Պայմանագրի վերաբերյալ հարց տալու համար գրանցվել էր 19 պատգամավոր:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի դեկտեմբերի 2-ի նիստում:







01.12.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Դեկտեմբերի 1-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» ...

01.12.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:15-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակությունը նոյեմբերի 21-24-ը մասնակցել է Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: ...

01.12.2014
Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Դեկտեմբերի 1-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսներին ու ուսանողներին: Հյուրերը մասնակցել են ԱԺ քառօրյա նիստին, որից հետո նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով հյուրերին՝ տիկին Նաղդալյանը կարեւորել է Հ...