National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.11.2014
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 12

Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ ավարտելով առաջին ընթերցմամբ քննարկվող «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որից հետո առաջին ընթեցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համապատասխանեցնել հարկային եւ մաքսային ծառայության նույն մակարդակի պաշտոն զբաղեցնող հարկային եւ մաքսային ծառայողների, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:

Նախագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներն այնուհետեւ քննարկել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որր ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշել է, որ, հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները եւ հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի, պահպանել մայրության այդ նպաստի չափը եւ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ սահմանելով մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով: Բարձր՝ առավելագույն շեմը գերազանցող եկամուտներ ունեցողների համար եւս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով սահմանվել է, որ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) եւ գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Առաջարկվում է նաեւ սահմանել, որ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80%-ից:

Նախատեսվում է մայրության նպաստ վճարել նաեւ չաշխատող կանանց: Մայրության նպաստից կզրկվեն այն կանայք, ովքեր երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիր ստացած չեն լինի` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Ըստ նախագծի՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա ընթացքում:

Չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը կհաշվարկվի ՀՀ կառավարության սահմանած մեծությունից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի որպես նվազագույն ամսական աշխատավարձի չափի նկատմամբ հաշվարկված տոկոսաչափ (նախատեսվում է` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով): Այս դեպքում չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը 60000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում 4,6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ:

Նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ավելացնել հիվանդության նպաստի` գործատուի կողմից վճարվող ժամանակահատվածը` 3 օրից դարձնելով 5 օր:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին:

Հարակից ելույթում ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով քննարկվող օրենքի նախագծին, եւս մեկ անգամ հիշեցրել է, որ աշխատող կանանց համար պահպանվելու է մայրության նպաստի 100 տոկոսանոց փոխհատուցումը, իսկ չաշխատող կանանց մայրության նպաստ կտրվի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Նախագծի նպատակը, ըստ հանձնաժողովի նախագահի, չաշխատող կանանց աջակցելը եւ ծնելիության խթանումն է: Հակոբ Հակոբյանը մանրամասն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ նշել, որ օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:

Հեղինե Բիշարյանը ողջունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը եւ նշել, որ օրենքի նախագծում առկա են որոշակի հակասություններ:

Թեւան Պողոսյանի կարծիքով էլ՝ պետք է ճշտել օրենքի հասցեականությունը: Ըստ նրա՝ աշխատող մայրերին պետք է փոխհատուցել, իսկ չաշխատող կանանց տրամադրել նպաստ:

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է սոցիալական ապահովության համակարգի ձեւավորման ու կայացման փուլերը եւ նշել, որ համակարգը պետք է հստակ հայեցակարգ ունենա: Հրանտ Բագրատյանը խոսել է մայրության նպաստի հաշվարկման մեխանիզմների մասին՝ կարծիք հայտնելով, որ բոլոր մայրերին պետք է որոշակի միանվագ գումար հատկացնել: Հայկ Բաբուխանյանը ողջունելի է համարել ժողովրդագրական խնդիրներին վերաբերող օրենսդրական առաջարկը: Նա անարդար է համարել մայրերին տրվող նպաստների միջեւ խիստ անհամաչափությունը: Լեւոն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է փոխել սոցիալական քաղաքականության փիլիսոփայությունը: Իշխան Խաչատրյանն անդրադարձել է օրենսդրական փաթեթի վիճահարույց կետերին եւ կոչ արել կառավարությանը՝ մշակելու ժողովրդագրական քաղաքականությանը վերաբերող նմանատիպ այլ մեխանիզմներ եւս: Ողջունելով կառավարության առաջարկը՝ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ սոցիալական առաջընթաց ապահովող օրենսդրական փաթեթ է ներկայացված: Նա կարեւորել է պատգամավորների կողմից առաջարկների ներկայացումը եւ դրանց հիման վրա փաթեթի համալրումն ու կատարելագործումը:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ օրենսդրական փաթեթը տեւական ժամանակ քննարկվում է, խորհրդարանական խմբակցություններում եւս քննարկվել է, հարցի առնչությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ: Հարցին անդրադառնալով ազգային արժեքների համատեքստում՝ նա ընդգծել է, որ ծնելիության մակարդակի բարձրացումը չպետք է պայմանավորել մայրերին տրվող նպաստների բարձրացմամբ: Ըստ պարոն Սահակյանի՝ պետությունը պարտավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել նորածնի համար առողջ մանկություն ապահովելու հարցում: ԱԺ նախագահը նշել է, որ բոլորի ցանկությունն է, որ չաշխատող մայրերն ավելի շատ նպաստ ստանան, սակայն պետք է առաջնորդվել առկա հնարավորություններով: «Պետությունն իր քաղաքականությունն է մշակել, ուզում է աջակցել, կունենանք ավելի մեծ բյուջե, այդ աջակցությունն էլ կավելանա»,-հավելել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, նշել է, որ ոլորտում իրականացվում է իրավիճակային քաղաքականություն: Նա ընդգծել է, որ իրենք դեմ են կառավարության վարած սոցիալական քաղաքականությանը:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ հանրային հնչեղություն ունեցող հարց է, որը խմբակցությունում առաջիկայում եւս կքննարկվի, առաջինից երկրորդ ընթերցում իրենք առաջարկներ կներկայացնեն: ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը Հանրապետական խմբակցությունում մանրամասն քննարկվել է ինչպես մինչ խորհրդարանում շրջանառության մեջ դնելը, այնպես էլ՝ դրանից հետո: Անդրադառնալով մայրերին տրվող նպաստը ավելացնելու առաջարկներին՝ պարոն Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ պետք է հաշվի առնել առկա հնարավորությունները:

Եզրափակիչ ելույթներում հիմնական եւ հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին, տվել են պարզաբանումներ:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված աշխատավարձի բարձրացման քաղաքականության դրույթները եւ նախատեսված չափերը` նախատեսվում է 2015թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 55.000դրամ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը վերաբերում է համայնքներին տրվող դոտացիաներին: Մասնավորապես, ըստ համապատասխան օրենքի, 2014 թվականից ՀՀ համայնքներին տրվող դոտացիաների հաշվարկման համար հիմք է ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման համակարգող մարմնի կողմից ներկայացված բնակչության թիվը` ըստ համայնքների: Մինչ այդ` համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում ՀՀ պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված բնակչության թիվը` ըստ համայնքների: Նշված թվերը որոշ չափով տարբերվում են, ինչով պայմանավորված` կարող են նվազել 59 համայնքի տրվող դոտացիաները: Սրանից ելնելով, քանի որ խնդիրը դեռեւս կարգավորված չէ, առաջարկվում է վերոնշյալ օրենքի գործողության ժամկետը երկարաձգել եւս մեկ տարով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը օրինագծին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է կենսաթոշակի յուրաքանչյուր տեսակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ: 2015թ-ի ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակների չափերը բարձրացնել 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ մյուս կենսաթոշակների չափերը` 2015 թ-ի հուլիսի 1-ից:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Այնուհետեւ խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Հերմինե Նաղդալյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրինագիծը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը: Նա նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել ընկերությունների կանոնադրական կապիտալի ավելացման որոշ սահմանափակումներ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա, ներդրումային միջավայրի բարելավման համար կարեւորել է փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանությունը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ 2015 թ. հունվարի 1-ից նախատեսվում է վերականգնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիան եւ այդ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար լիցենզիայի տրամադրման պետական տուրքը:

Խորհրդարանը կշարունակի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը նոյեմբերի 19-ին:


18.11.2014
Խորհրդարանական լսումներ ՀՀ Ազգային ժողովում
Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով: Բացման խոսքում Կորյուն Նահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am