Տպել
16.11.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրվա առթիվ
1 / 1

«Հարգելի պարոն Ամիրխանյան,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Տարիներ շարունակ Ձեր հեղինակած երգերի ու երաժշտության շնորհիվ ունկնդիրը հոգեհարազատ կապի մեջ է հայի ու Հայաստանի, հոգու եւ սրտի հետ՝ «Երազ իմ երկիր»-ը տեսնելով «Հայի աչքեր»-ով, սիրո ուժը զգալով «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի» եւ մյուս հայտնի ստեղծագործությունների միջոցով:

Տարբեր ժանրեր ներկայացնող Ձեր ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ են հայկական հայտնի կինոֆիլմերում հնչող երգերը՝ յուրահատուկ մթնոլորտով շրջապատելով դերասանական խոսքն ու խաղը: Իսկ հայ պոեզիայի հանդեպ Ձեր ինքնատիպ երաժշտական վերաբերմունքի շնորհիվ արեւմտահայ ու արեւելահայ բանաստեղծության մի շարք գոհարներ դարձել են հոգեպարար երգեր:

Հարգելի պարոն Ամիրխանյան,

Դուք արվեստասերներին նվիրել եք իսկապես լուսավոր ու բարի երգեր եւ մեղեդիներ: Մեծ է նաեւ Ձեր ներդրումը որպես մանկավարժ ու երաժշտական կյանքի փորձառու կազմակերպիչ: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն ու ստեղծագործական շարունակական եռանդ՝ ակնկալելով, որ հայ երգարվեստն ու երաժշտարվեստը կհարստանան Ձեր նոր մնայուն ստեղծագործություններով»: