National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.11.2014
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 10

Նոյեմբերի 11-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված 7 քաղաքացիների հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին:

Պատգամավորներն առաջին ընթերցումով ընդունել են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ օրենսդրական աշխատանքին են հետեւում Գյումրու Ղեւոնդ Ալիշանի անվան համար 8 միջնակարգ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները: Պատգամավորներն ԱԺ նախագահի առաջարկով ողջունել են նրանց:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են իրենց տեսակետներն արտահայտել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ՝ օրինագծի հիմնավորումը հստակեցման կարիք ունի: Նա անդրադարձել է երկրում տարածքային կառավարման խնդիրներին: Միքայել Մելքումյանն էլ կարծիք է հայտնել, որ նման փոփոխությունները պետք է իրականացվեն ամբողջական հայեցակարգի մեջ, որ լուծումները տեսանելի լինեն: Նա տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու: Արծվիկ Մինասյանը խոսել է փոփոխության նպատակահարմարության վերաբերյալ եւ իր դիտարկումները ներկայացրել: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ հիմնավորումն ավելի քաղաքական է, քան իրավական: Նա, կողմ լինելով նախարարությունների օպտիմալացմանը, նշել է, որ ոլորտում բարեփոխումներ են անհրաժեշտ: Հրանտ Բագրատյանը տեղեկացրել է, որ դեմ է քննարկվող օրենսդրական նախաձեռնությանը եւ անդրադարձել է տարածքային կառավարման ոլորտի խնդիրներին:

ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանը կարծիք է հայտնել, որ նախարարությունների միավորմանն իրենք կողմ են, իսկ նոր նախարարության ստեղծման մասով գործառույթների հստակեցման կարիք կա: ՀԱԿ-ը առաջարկվող փոփոխությանը ձեռնպահ է քվեարկելու:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն անդրադարձել են պատգամավորների ելույթներին ու հարցադրումներին, ոլորտի կառավարման առանձնահատկություններին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենքի նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը սկսել է քննարկել «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրել է 2015 թ.-ի պետական բյուջեի ընդհանուր նկարագիրը: Նշվել է, որ նախագծի հիմքում դրվել են խորհրդարանի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի, ինչպես նաեւ կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական եւ 2015-2017 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի դրույթները: 2015 թ. կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: ՀՆԱ-ի իրական աճը ծրագրավորված է 4.1 տոկոս: 2015 թ. դոլարային արտահայտությամբ ապրանքների ներմուծման աճը ծրագրավորվել է 3.7 տոկոս, իսկ արտահանմանը՝ 5.2 տոկոս: Արդյունքում՝ 2015 թ. ապրանքների ներմուծումը եւ արտահանումը կկազմեն համապատասխանաբար 3 մլրդ 974 մլն ԱՄՆ դոլար եւ 1 մլրդ 768 մլն ԱՄՆ դոլար: Ապրանքների եւ ծառայությունների ներմուծում-ՀՆԱ եւ ապրանքների ծառայությունների արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 45.3 տոկոս եւ 25.8 տոկոս: Նախագծով նախատեսվել է 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ եկամուտներ: Հիմք ընդունելով ՀՀ 2015 թ. պետական բյուջեի եկամուտների կանխատեսված մակարդակը եւ ելնելով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից` կառավարությունը ծրագրում է 2015 թ. ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 26.68 տոկոսի կամ 1 տրիլիոն 298.6 մլրդ դրամի չափով: Նախագծով նախատեսվել է դեֆիցիտի գումարը սահմանել 114.1 մլրդ դրամի չափով: Եկամուտների ծրագրավորվող կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 95.5 տոկոս:

Երկրորդ նիստում խորհրդարանն «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն քննարկել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից արտահերթ համարված «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Նա նշել է, որ հաշվի առնելով միջազգային եւ ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես? Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները (1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումը), Հայաստանի Հանրապետությանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամակցության նախագիծը, ՀՀ Ազգային Ժողովը պարտավոր է որոշման ընդունմամբ սահմանել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերը:

Նախագիծը գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում չի ստացել դրական եզրակացություն:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները:

Լեւոն Զուրաբյանը նշել է, որ իրենց խմբակցությունը վաղաժամ է համարում հարցի քննարկումը եւ չի մասնակցելու քվեարկությանը: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ իրավական առումով ԱԺ-ը ՀՀ Սահմանադրությամբ նման որոշում ընդունելու լիազորություն չունի: Իսկ ըստ Զարուհի Փոստանջյանի՝ նախագծում բարձրացված հարցերը օրակարգային են:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ վերջին 22 տարվա ընթացքում նմանատիպ օրինագծեր բազմիցս են ներկայացվել եւ անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացի փուլերին:

ՀՅԴ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ խմբակցությունը միշտ կողմ է քվեարկել ԼՂՀ ճանաչմանը վերաբերող նախագծերին: Պարոն Ռուստամյանի կարծիքով՝ նմանատիպ հարցերը չպետք է ներառել օրակարգ առանց նախնական համաձայնությունների:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ ԼՂ խնդրի եւ ղարաբաղաադրբեջանական հակամարտության արդարացի լուծումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: ԱԺ փոխնախագահը կարծում է, որ ԼՂՀ միակողմանի ճանաչումը խոչընդոտ կհանդիսանա բանակցային գործընթացի համար: ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: «Այս տարիների ընթացքում մենք բոլորս՝ նաեւ խորհրդարանականներս, տարբեր միջազգային հարթակներում մեծ աշխատանք ենք կատարել, որպեսզի մեր միջազգային գործընկերները գիտակցեն, որ ԼՂ անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի», -ասել է ԱԺ փոխնախագահը: Ըստ պարոն Շարմազանովի՝ ՀՀ-ը, ԼՂՀ-ը եւ սփյուռքահայ գաղթօջախները միասնական աշխատանքի արդյունքում պետք է հասնեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

Եզրափակիչ ելույթում Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել է պարզաբանումներ: Հեղինակը հորդորել է պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակել է «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:

Նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրել է բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ եզրակացության` 2014 թ.-ի ընթացքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար նվազել է: Պարոն Ջավադյանը նշել է, որ շարունակելով պահպանել պարտքի կայունության ապահովմանը նպաստող բյուջեի պակասուրդի մակարդակը, 2015 թ.-ի համար նախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 2.34 տոկոսի սահմաններում: 2015 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի որոշակի ընդլայնում? պայմանավորված մի կողմից համախառն պահանջարկի վրա պետական սպառման ընդլայնող ազդեցությամբ, եւ մյուս կողմից? 2014 թ.-ի հուլիսից պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Մանրամասն ներկայացնելով գալիք տարվա բյուջեի հիմնական թվային ցուցանիշները՝ նա նշել է, որ 2015 թ.-ին եւս բյուջետային եկամուտների կազմում կգերակշռեն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը, որոնք կկազմեն 1 տրիլիոն 131 միլիարդ դրամ:

«ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ԱԺ-ի նոյեմբերի 12-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


11.11.2014
Բաց դաս Ազգային ժողովում
Նոյեմբերի 11-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հյուրընկալել է Գյումրու Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 8 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին: Ողջունելով հյուրերին` պարոն Դավթյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am