National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.10.2014
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
1 / 6

Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հովհաննես Սահակյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015թ-ի պետական բյուջեի նախագծով իշխանության ճյուղերի պահպանման ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 90 մլրդ 165 մլն դրամ, որը գերազանցում է 2014թ-ի մակարդակը` 17 մլրդ դրամի չափով: Ավելացված 17 մլրդ դրամից 14,7 մլրդ դրամը կազմում է աշխատավարձի բարձրացմանն ուղղված միջոցների ավելացումը: Սա բնորոշ է բոլոր ոլորտներին:

Պարոն Սաֆարյանը նշել է, որ ավելացված ծախսերը ներառում են նաեւ կառավարման համակարգում կառուցվածքային որոշակի փոփոխություններ: Այստեղ ակնհայտ է երկու կարեւոր առանձնահատկություն: 2014թ-ին ստեղծվել է ՀՀ քննչական կոմիտեն` 977 հաստիքով: Այն չի գումարվել պետական կառավարման բոլոր հաստիքներին, քանի որ կոմիտեն ստեղծվել է ՀՀ ոստիկանության եւ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների հիման վրա: Այսինքն` պետական համակարգում 977 աշխատակցից շուրջ 867-ը տեղափոխվել է վերոնշյալ կառույցներից: Արդյունքում ավելացել է ընդամենը 110 հաստիք: Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ մնացած բոլոր ծախսերը մնացել են անփոփոխ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրել է 2015թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ու եկամուտները: Ըստ այդմ` 2015թ-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի բյուջեն ծրագրված է 4 մլրդ 524 մլն դրամ` նախորդ տարին գերազանցելով 341 մլն դրամով, որից 302 մլն-ը պայմանավորված է միայն աշխատավարձերի բարձրացմամբ: Ավել գումար կպահանջվի նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով: Պարոն Արամյանը նշել է, որ եկող տարի Նախագահի աշխատակազմում կիրականացվի նաեւ տնտեսում` կապի ծառայությունների գծով: Նման ծառայություններ մատուցող ընկերությունը սակագների նվազեցում է իրականացրել, ինչը կենթադրի 9 մլն դրամի չափով տնտեսում: Հաշվի առնելով բոլոր տեսակի նվազեցումները` Նախագահի աշխատակազմն ապահովել է 50-55 մլն դրամի չափով տնտեսում:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի դիտարկմամբ` հավելյալ գումար կպահանջվի նաեւ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող բոլոր միջոցառումների, Նախագահի այցերի, պաշտոնական պատվիրակությունների եւ բարձրաստիճան անձանց ընդունելության, ինչպես նաեւ այլ միջոցառումների համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ 2015թ-ի պետական բյուջեի նախագծով խորհրդարանի գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերն ու եկամուտները կկազմեն 4 մլրդ 560 մլն, ինչի մեծ մասը հատկացվելու է աշխատավարձերի եւ էներգետիկ ծախսերի վճարմանը: Որոշակի գումար կհատկացվի նաեւ միջազգային կազմակերպություններին՝ ՀՀ անդամակցության վճարներին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին եւ այլ ծրագրերին: Բյուջեի նախագծով գումարներ են նախատեսված նաեւ ԱԺ-ի կրթաթոշակների, շենքի ընթացիկ վերանորոգման, համակարգիչների եւ այլ տեխնիկայի ձեռքբերման համար: Նախատեսվում է խորհրդարանում գալիք տարվանից կրճատել թղթաշրջանառությունը՝ անցնելով էլեկտրոնային տարբերակի:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ գործադիր իշխանության ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցների ավելացումը եւս պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների թանկացմամբ, թեպետ կան որոշակի տնտեսումներ` կապված հեռահաղորդակցության ոլորտում սակագների նվազեցմամբ: 2015թ-ի բյուջեով համապատասխան ծախսերը կրճատվել են գրեթե 2 անգամ:

Պարոն Հարությունյանի դիտարկմամբ` բյուջեի մաս են կազմում նաեւ բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորումները` սկսած «Լույս» հիմնադրամով, վերջացրած ազգային փոքրամասնություններին տրվող աջակցության գումարներով:

Մյուս ոլորտների պատասխանատուները եւս նշել են, որ 2015թ-ին բյուջեի նախագծով նախատեսվող ֆինանսական ծախսերի եւ եկամուտների մեծ մասը հատկացվելու է աշխատավարձերին եւ էլեկտրաէներգիայի վարձավճարներին: Նրանք տեղեկացրել են, որ ընթացիկ տարվա համեմատությամբ` եկող տարվա ծախսերն ավելանում են գրեթե միայն այդ պատճառով:

Նույն օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ստեփան Մարգարյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը եւ մարզպետարաններին հատկացվելիք ֆինանսական միջոցներն ու առանձնահատկությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, գալիք տարվա ֆինանսական հատկացումները վերոնշյալ ոլորտներին, պահպանվել են, ավելացել են աշխատավարձերի վճարման եւ էլեկտրաէներգիայի ծախսերին հատկացվող գումարները: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի ծախսերի համար 9,5 մլն դրամ ավելի կհատկացվի:

Ընդհանուր առմամբ՝ մարզերին հատկացվող ծախսերի համար նախատեսվել է հատկացնել մոտավորապես այնքան գումար, որքան 2014 թվականին: Հիմնական հատկացումներից բացի, նախատեսվել է յուրաքանչյուր մարզի հատկացնել 3-ական մլն դրամ, որը կօգտագործվի սարքավորումներ, մասնավորապես՝ համակարգիչներ գնելու համար: 10-ական մլն դրամով կավելացվեն մարզպետարանների պահուստային ֆոնդերը:

Ինչպես ասել է Պավել Սաֆարյանը, 2014 թվականի համեմատ վերոնշյալ ոլորտների գալիք տարվա ֆինանսական հատկացումները կավելանան 1 մլրդ 148 մլն դրամով, որից 973 մլն դրամ կազմում է աշխատավարձերի ավելացումը:

Համայնքներին տրվելիք դոտացիաները կազմում են 44 մլրդ դրամ, ինչը ընթացիկ տարվա հատկացումներից ավելի է 5 մլրդ դրամով:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է Երեւանին հատկացվող ֆինանսական միջոցներն ու իրականացվելիք ծրագրերը:

Այսպես՝ ընդհանուր առմամբ, գալիք տարում Երեւանին հատկացվելիք ֆինանսական միջոցները կկազմեն 51,8 մլրդ դրամ, որից 15,1 մլրդ դրամն ուղղվելու է կրթության ոլորտին: Կառավարման մարմնի պահպանման համար կհատկացվի 1 մլրդ 56 մլն դրամ, համաքաղաքային ծախսերի իրականացման համար՝ 5 մլրդ 400 մլն դրամ, վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումներին՝ 576 մլն դրամ 365 հազար դրամ եւ այլն:

Մարզերի պատասխանատուները ներկայացրել են իրականացվելիք ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:


29.10.2014
ՀՀ ԱԺ փոխնախագահները ցավակցական հեռագրեր են հղել ՌԴ Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի փոխնախագահ Լյուդմիլա Շվեցովայի մահվան կապակցությամբ: ...

29.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի արդի քաղաքական...

29.10.2014
Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի ութերորդ նիստը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Հայաստան.աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով ութերորդ նիստը: Նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, փորձագետներ եւ տեղեկատվության միջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման հյուրն էր քաղաքագետ, ՌԴ Հանրային պալա...

29.10.2014
Տեղեկատվություն
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը: Նիստի արդյունքները կամփոփվեն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանի եւ Նիկոլայ Ռիժկովի համատեղ մ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am