National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.10.2014
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 12

Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Ալվինա Գյուլումյանը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնը ստանձնում է ՀՀ Աժ նիստում տրված երդումով:

Ալվինա Գյուլումյանը հանդես է եկել երդման տեքստով, որում մասնավորապես ասվում է. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ անդամի կոչմանը»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ալվինա Գյուլումյանին եւ հաջողություններ մաղթել նրան:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը:

Օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորները շարունակել են ներկայացնել իրենց տեսակետները:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է հստակորեն առանձնացնել սահմանամերձ եւ սահմանապահ գյուղերը, եւ բացի հարկային արտոնություններից, տալ նաեւ որոշակի սոցիալ-տնտեսական աջակցություն:

Արաիկ Հովհաննիսյանը կարեւորել է օրենքի նախագիծը` նշելով որ, սահմանամերձ շրջանները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Դրա մասին են վկայում, ըստ պատգամավորի, նախագահի, վարչապետի, պատգամավորների հաճախակի այցերը սահմանամերձ շրջաններ:

Կորյուն Նահապետյանը ողջունել է սահմանամերձ համայանքներին հարկային արտոնություններ տալու կառավարության նախաձեռնությունը: Նա առավել կարեւորել է նախաձեռնությունը երկրի պաշտպանության եւ անվտանգության համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է սահմանամերձ գյուղերի դերն ու նշանակությունը, քանի որ ըստ նրա` այդ համայնքներն ունեն ռազմավարական նշանակություն:

Անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը` նա նշել է, որ օրենքի նախագծով ամբողջությամբ չեն լուծվում սահմանամերձ համայնքների խնդիրները:

Հրանտ Բագրատյանը նկատել է, որ թեեւ օրենքի նախագծի որոշ դրույթներ ընդունելի է համարում, սակայն խնդիրն, ըստ նրա, կարելի էր լուծել կառավարության որոշումով:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքներում մատուցվող ծառայություններին` պատգամավորը նշել է, որ պետք է դրանց գները իջեցնել:

Ըստ Գուրգեն Արսենյանի՝ հարկային արտոնություններն անհրաժեշտ է դարձնել հասցեական: Պատգամավորն ընդհանուր առմամբ՝ ՀՀ կառավարության նախաձեռնությունը դրական է գնահատել:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ նախաձեռնության վերաբերյալ տեղի են ունեցել ակտիվ եւ շահագրգիռ քննարկումներ, ինչն օրինաչափ է: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ հրաշալի է, որ սահմանամերձ համայնքների թեման հատուկ վերաբերմունքի է արժանացել ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաեւ կառավարության ներկայացուցիչների կողմից: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ ելնելով ազգային անվտանգության սպառնալիքից , կարիք կա առավել նախաձեռնողական եւ ակտիվ վերաբերմունք դրսեւորել այդ ոլորտում:

Անդրադառնալով այն պնդումներին, որ նախագիծը ներկայացվել է փաթեթով, որտեղ ընդգրկված հարցերը որեւէ կապ չունեն սահմանամերձ համայնքների հետ, տիկին Նաղդալյանը նշել է, որ փաթեթն ընդամենը մեկ ուղղության է վերաբերում՝ հարկային արտոնությանը, որի նպատակադրումները կարեւոր են:

Փոխնախագահի խոսքով` օգոստոսյան դեպքերից հետո, ակնհայտ է դարձել, որ սահմանային գոտու համայնքներն իսկապես վերածվել են յուրատեսակ սահմանապահների: Եվ կարեւոր է, որ խորհրդարանում եւ կառավարությունում քննարկվել են մի շարք համալիր խնդիրներ, որոնք կարեւոր են սահմանամերձ գյուղերի համար ` տնտեսության հարկային բեռ, գործունեության ազատականացում, սոցիալական վիճակ, անվտանգություն, կենցաղ, կրթություն:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Խոսելով գյուղական համայնքների խնդիրներից` նա ներկայացրել է իր դիտարկումները եւ անդրադարձել նախատեսվող հարկային արտոնություններին, վճարներին, սահմանամերձ համայնքների պաշտպանության խնդիրներին:

Նրա խոսքով` սահմանամերձ համայնքներում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց կխրախուսեն այնտեղ բնակվելու: Նա առաջարկել է փոխհատուցել հողի հարկը եւ գույքահարկը: Պատգամավորի խոսքով` պետք է կազմակերպել ներգաղթ, որի արդյունքում բնակչությունը կավելանա եւ կզարգանա տնտեսությունը:

Ներկայացնելով ՕԵԿ խմբակցության տեսակետը՝ Մհեր Շահգելդյանը նշել է, որ քանի որ սահմանամերձ բնակավայրերում ռիսկային է գործարարություն իրականացնելը, ուստի անհրաժեշտ է ստեղծել ռիսկերի ապահովման հիմնադրամ: Խմբակցության քարտուղարը սահմանամերձ գյուղական համայնքներում կարեւորել է համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների ընդլայնումը:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ խմբակցությունը դրական է գնահատում օրենսդրական նախաձեռնությունը՝ որոշակի վերապահումներով եւ նկատառումներով: Պարոն Մինասյանի կարծիքով՝ քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ սահմանամերձ այլ բնակավայրերի եւ բնակիչների կողմից ընդունելի լինելու համար անհրաժեշտ է օրենքով ամրագրել սահմանապահ բնակավայր հասկացությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը պետք է ներկայացվի առանձին: Պարոն Զուրաբյանն անդրադարձել է նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչների հիմնախնդիրներին:

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ է ունեցել Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ խմբակցությունը կողմ է սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու քաղաքականությանը, սակայն մտահոգված է արտոնություններ տալու վարչարարության վերաբերյալ:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի է բոլոր քաղաքական ուժերի կողմից, սակայն բոլոր առաջարկները հնարավոր չէ համատեղել: Պարոն Բաղդասարյանը ներկայացրել է խմբակցության առաջարկները, այն է՝ հստակեցնել սահմանամերձ այն համայնքների ցանկը, որոնք օգտվելու են հարկային արտոնություններից, սահմանել սահմանամերձ եւ սահմանապահ համայնքներ հասկացությունները եւ այլն: Պարոն Բաղդասարյանը նշել է, որ խմբակցությունը ողջունում է օրենսդրական նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ պատգամավորների մտահոգությունները մոտ ապագայում կդառնան քննարկման առարկա:

Եզրափակիչ ելույթում Վարդան Այվազյանը եւ Վախթանգ Միրումյանը անդրադարձել են պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին եւ տվել են պարզաբանումներ: Ըստ Վարդան Այվազյանի՝ կառավարությունը ռիսկային մեծ բեռ է վերցնում՝ փորձելով սահմանամերձ բնակավայրերում թեթեւացնելու հարկային բեռը եւ բարձրացնելու տնտեսական ակտիվությունը: Վախթանգ Միրումյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընդունում է պատգամավորների հնչեցրած այն առաջարկը, որ պետք է տարանջատել փաթեթը՝ առանձնացնելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը: Ըստ փոխնախարարի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից հետո կառավարությունը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացնի առանձին փաթեթ:

Այնուհետեւ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:

Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդ օրը եւ տարածվելու է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած կամ ծագող հարաբերությունների վրա:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստում:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:


23.10.2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդամ, Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությ...

23.10.2014
Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունն Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի անդա...

23.10.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հոկտեմբերի 23-ին Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, խոնարհումով եւ լռությամբ հարգել մեկո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am