Տպել
21.10.2014
Ազգային ժողովի քառօրյա նիստում
1 / 11

Հոկտեմբերի 21-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովը շարունակել է քննարկել «2013թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոսել է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներից` անդրադառնալով երկու հիմնական խնդրի` պայմանական վաղաժամկետ արձակման հանձնաժողովի գործունեությանը, ինչպես նաեւ ժամանակավոր պահման խցերի պայմաններին:

Խմբակցության քարտուղարը նշել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս անդրադարձել է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խնդիրներին, պատգամավորների՝ խորհրդարանում հնչած տեսակետներին, որոնք վերաբերում էին զեկույցին:

Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքը եւ նկատել, որ այն պետք է էլ ավելի ակտիվացնի համագործակցությունը ԱԺ մշտական հանձնաժողովների եւ պատգամավորների հետ:

Ամփոփիչ ելույթում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար: Նրա խոսքով` քննարկումները հնարավորություն են տվել խոսելու մարդու իրավունքների խնդիրների մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ իր ղեկավարած կառույցը համագործակցում է հայ առաքելական եկեղեցու, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, միջազգային կառույցների հետ հանուն այն խնդիրների, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նա տեղեկացրել է նաեւ, որ շատ հարցերում արձանագրվել է առաջընթաց:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով` փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:

Վախթանգ Միրումյանը ներկայացրել է օրենքով նախատեսված արտոնությունները:

Մասնավորապես, անդրադառնալով սահմանամերձ տարածաշրջաններում կազմակերպվող արտադրական գործունեությանը` նշել է, որ արտադրական գործունեությունից ստացվող եկամուտները եւ արտադրական արդյունքի իրացումը ազատվում են բոլոր տեսակի հարկերից: Եթե սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվում է արտադրական գործունեություն, եւ եթե արտադրության կազմակերպիչն իրավաբանական անձ է, ապա ստացված արդյունքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եւ տվյալ կազմակերպությունն ազատվում է այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտներից վճարվելիք շահութահարկից: Եթե արտադրության կազմակերպիչը անհատ ձեռնարկատեր է, ապա արտադրանքի իրացումից ստացված եկամուտները ազատվում են եկամտային հարկից, իսկ արտադրանքի իրացումը` ավելացված արժեքի հարկից:

Սահմանամերձ տարածաշրջաններում իրականացվող առեւտրական գործունեությունը նույնպես ազատվում է շրջանառության հարկից: Խոսքը, ըստ փոխնախարարի, առեւտրի օբյեկտների միջոցով առեւտրական գործունեության մասին է:

Այն արտադրությունները, որոնք վերաբերում են արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակներին, նախատեսվում է ազատել արտոնագրային վճարներից:

Պատգամավորները հարցուպատասխանի միջոցով շարունակել են քննարկել ՀՀ կառավարության՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը: Պատգամավորների հարցերը վերաբերել են սահմանամերձ համայնքների ցանկի ընդլայնման հնարավորությանը, հարկային արտոնություններին, տնտեսության խթանման հնարավորությանն ու տնտեսության վրա ազդեցությանը, ապրանքների գների փոփոխությանը եւ այլն: Փաթեթի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 22-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվել է պատգամավորների հայտարարություններին:


21.10.2014
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11.00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի մամուլի ասուլիսը:...

21.10.2014
Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշի նամակը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին
Հոկտեմբերի 20-ին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը նամակ է հղել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը կ...