Տպել
10.10.2014
Ասուլիս խորհրդարանում
1 / 3

Հոկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով Վրաստան մեկնած՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամների մամլո ասուլիսը, որի ընթացքում նրանք մանրամասներ են ներկայացրել արդյունքների վերաբերյալ:

Պատվիրակության կազմում են եղել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հրանտ Գրիգորյանը, Վարդան Այվազյանը, Արծվիկ Մինասյանը, Տաճատ Վարդապետյանը, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Բադալյանը եւ Թեւան Պողոսյանը:

Պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով այցը, այն համարել է բեկումնային, քանի որ վերջին տարիներին նկատելիորեն նվազել էին հայ-վրացական համագործակցությունն ու կապերը, ինչի հետեւանքով բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել եւ միջխորհրդարանական, եւ միջպետական հարաբերություններում: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ՝ երկուստեք հնչել են կարեւոր հարցադրումներ, բազմաթիվ հարցերի վերաբերյալ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Հայ եւ վրացի գործընկերները նախատեսել են ակտիվացնել միջխորհրդարանական կապերը խորհրդարանական բարեկամական խմբերի միջոցով եւ հստակ օրակարգով:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի Նախագահի, օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարների, ինչպես նաեւ՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա երկրորդի հետ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլիի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը վերընթաց է ապրում, թեեւ երկու երկրներն ընտրել են ինտեգրացիոն տարբեր ուղիներ: Երկու խորհրդարանների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ այդ հանգամանքը չպետք է խոչընդոտի երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամական հարաբերությունների եւ կապերի զարգացմանը. հակառակը, այն պետք է միմյանց համար կամուրջ հանդիսանա եւ համագործակցության նոր հեռանկարներ ստեղծի:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա վրացի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երեւանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական մշակութային արժեքների պահպանության խնդրին, ինչը կարեւորել է նաեւ վրացական կողմը:

Պատվիրակության անդամները կարեւորել են նաեւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումները, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցության ուղղություններին եւ տարածաշրջանային խնդիրներին: Վրաստանի Նախագահի հետ հանդիպմանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կապակցությամբ՝ նշելով, որ այն վտանգ է ներկայացնում հարեւան երկրի համար: Նա նկատել է, որ այն հսկա գումարները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան ծախսում են զենք գնելու համար, կարող էին ուղղվել տարածաշրջանում կայուն զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչին համամիտ է եղել նաեւ Վրաստանի Նախագահը՝ ողջունելով ԼՂ հակամարտության խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած աշխատանքը:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...