Տպել
04.10.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

«Հարգարժան ուսուցիչներ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Այս տոնը մեր հանրության ամենասիրելի տոներից մեկն է, քանզի վարժապետը, ուսուցանողը մեր ժողովրդի կողմից միշտ էլ եղել է հարգված, գնահատված, եւ նրա նկատմամբ մենք միշտ տածել ենք ակնածանք ու պատկառանք, լցված եղել երախտագիտությամբ:

Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, կայացման գործում: Դուք, սիրելի ուսուցիչներ, ձեր նվիրված ու հոգատար աշխատանքով մեծապես նպաստում եք մեր հասարակության վաղվա քաղաքացու ձեւավորմանը, գիտելիքների հետ մեկտեղ սերմանում հայրենասիրություն, մարդասիրություն, պատասխանատվության գիտակցում ու քաղաքացիական կեցվածք:

Սիրելի ուսուցիչներ, դուք, անկասկած, արժանի եք ավելի բարձր գնահատանքի, ավելի հոգատար վերաբերմունքի: Երկրի ղեկավարության կողմից արվում է հնարավորինը՝ բարելավելու ձեր գործունեության ու կենսական պայմանները, ինչը կրելու է շարունակական բնույթ:
 
Սակայն մի բանի պակաս դուք երբեք չեք զգացել. դա հասարակության անվերապահ սերն ու հարգանքն է ձեր նկատմամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ ցանկանում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ արգասաբեր գործունեություն ձեր ազգանպաստ աշխատանքում»: